Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ-Ի ՀԱՄԱՐ ԷԼ ԱՌՈՂՋ ԲԻԶՆԵՍ Է ՊԵՏՔ

Հունիս 10,2010 00:00

Հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է 3-րդ՝ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսը, որը երեկ հանդիսավորությամբ բացեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա այս հանդիպման ժամանակ էլ շեշտեց, որ չնայած տնտեսական ճգնաժամին, ՏՏ ոլորտում մեր երկիրը աճ է արձանագրում եւ ունի կայուն զարգացման միտում. «Այսօր ոլորտը բնութագրվում է շուրջ $130 միլիոնի հասնող հասույթով, որից 70 մլն-ից ավելին արտահանումից ստացված հասույթն է: Համախառն ներքին արդյունքի կառուցվածքում այս ոլորտն արդեն համադրելի է դառնում հանքահումքային արդյունաբերության հետ»: Ֆորումին մասնակցող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է, նախորդ տարվա 19-ի փոխարեն այս տարի 33 ընկերություն էր ներկայացված, պատվիրակություններ էին եկել Ալբանիայից, Մոլդովայից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Կոսովոյից եւ այլ երկրներից: Հարավարեւելյան Եվրոպայի համար հատուկ կազմակերպվել էր ՏՀՏ անկյուն:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը ողջունելի է համարում այն, որ ֆորումին այս տարի ավելի շատ մասնակցում են հայկական նորաստեղծ ընկերություններն ու միջազգային ընկերությունները: «Առավոտի» հետ զրույցում Կ. Վարդանյանը նշեց. «Բիզնես-ֆորումը նրա համար չի, որ տեղեկատվական տեխնոլոգիաները վաճառենք, առաջնայինն այն է, որ բիզնեսները հանդիպեն իրար»: Ըստ մեր զրուցակցի, այս առումով Հայաստանում ՏՏ ոլորտի առաջին լուրջ խնդիրը առողջ բիզնեսի բացակայությունն է. «Որպեսզի երկրում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառվեն, այդ երկրում պետք է բիզնես լինի: Հայաստանում 80%-ը օլիգարխիկ, մոնոպոլիկ, ադմինիստրատիվ բիզնես է, մնացած 20%-ի 10%-ը սպասարկում է օլիգարխիկին, իսկ ռեալ բիզնեսը մնում է ընդամենը 10%, որի մեծ մասն էլ օգտագործվելու կարիք չունի»: Մեր հարցին՝ իր նշած խնդիրների մասին բարձրաձայնե՞ց վարչապետին, ԻՏՁՄ տնօրենը պատասխանեց. «Վարչապետն այդ խնդիրների մասին ինձնից լավ գիտի, ինքն ի՞նչ պետք է անի: Այդ խնդիրները վերացնում են մարդիկ, ոչ թե վարչապետը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել