Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՏՈ» ԿԽԱՂԱ՞

Հունիս 10,2010 00:00

Ավագ սերունդը կհիշի, որ Խորհրդային Միությունում գործում էին հատուկենտ վիճակախաղեր, որոնցից 2-ի՝ «Սպորտլոտոյից» եւ «Սպրինտից» ստացված հասույթն օգտագործվում էր խորհրդային սպորտի զարգացման համար: Բնականաբար, Սովետ Միությունում չկար մասնավոր բիզնես եւ ամեն ինչ պատկանում էր պետությանը: Այսօր աշխարհի զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, ուր ծաղկում է մասնավոր բիզնեսը, արի ու տես, որ վիճակախաղերը պետական են. պետության կողմից են կազմակերպվում, հսկվում եւ ստացված հասույթն էլ օգտագործվում է մի շարք կարիքներ հոգալու համար: ԱՄՆ-ի մեկ նահանգի օրինակով կարելի է մի քանի փաստական տվյալ բերել. Վիսկոնսին նահանգում, որի բնակչությունը 5.6 միլիոն է, վիճակախաղերը գործում են 1988թ.-ից: Մինչ օրս դրանց եկամուտը կազմել է $8 միլիարդ, որի մեծ մասը վերադարձվել է նահանգի բնակչությանը՝ սոցիալական այս կամ այն ծրագրի շրջանակներում: Այնտեղ վիճակախաղերը զանազան են, ինչպես՝ ակնթարթային, այնպես էլ՝ խաղարկային: Վաճառքից ստացված գումարի 55%-ը վերադարձվում է բնակչությանը՝ շահումների տեսքով, 30%-ը վճարվում է որպես անշարժ գույքի հարկ: Իսկ մնացածը կրկին օգտագործվում է վիճակախաղերի կազմակերպման համար: Ինչպես տեսնում ենք, պետության եկամուտը վիճակախաղերից՝ առավել քան համեստ է: Մեր անկախ պետության 19 տարիների ընթացքում բազմաթիվ վիճակախաղեր կազմակերպվեցին եւ կազմակերպվում են բոլորն էլ մասնավոր անձանց կամ ընկերությունների կողմից: Դրանց մեծ մասը այլեւս չի գործում, մի մասն էլ գործում է հաճախակի փոխելով անվանումները, սակայն ոչ գործելակերպը եւ բնույթը: Այսօր ակնհայտ է, որ մեր բնակչության մեծամասնությունը վստահություն չունի Հայաստանում գործող վիճակախաղերի նկատմամբ: Այս խնդիրը ուշ թե շուտ պետք է պետական լուծում ստանա, դառնա հավաստի, վերականգնվի մարդկանց հավատը վիճակախաղերի նկատմամբ, որից եւ կշահեն քաղաքացիները, եւ պետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել