Մայիսի 18-ին Bravo.am կայքէջում հայտարարվեց հետաքրքիր մի նախաձեռնության՝ մրցույթի մասին, որի կանոններով կայքի այցելուներին հնարավորություն էր տրվում հարցաշարի միջոցով ստուգել «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ HTC ընկերությունների մասին ունեցած իմացությունը: Մասնակիցները մրցում էին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից տրամադրվող Android համակարգով գործող HTC սմարթֆոնների համար: Կազմված հարցաշարը հնարավորություն էր տալիս պարզել Հայաստանի բջջային առաջատար օպերատորի մատուցած ծառայությունների, կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացրած ծրագրերի մասին՝ կայքի այցելուների իմացության աստիճանը:
Վիկտորինայի արդյունքներն ամփոփվեցին մայիսի 31-ին: Մրցույթի արդյունքներով առավելագույն միավորներ ստացած 2 մասնակիցները՝ Սոնա Դանիելյանը (1-ին մրցանակ) եւ Դավիթ Դավթյանը (2-րդ մրցանակ), հունիսի 9-ին հյուրընկալվեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հաղթողներին հանձնեց HTC Hero եւ HTC Tattoo սմարթֆոններ: «Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին: Ուրախ եմ, որ Bravo.am-ի նախաձեռնությանն այսքան մարդ է մասնակցել: Հայաստանում բջջային հաղորդակցության ոլորտում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նորարարությունների առաջատար է, եւ այս բարձրակարգ նորարարական սմարթֆոններն այն պարգեւն են, որին արժանի են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հնգամյա գործունեության եւ HTC ընկերության մասին բարդ հարցերին պատասխանած, ինչպես նաեւ ստեղծագործական մոտեցման շնորհիվ բարձր միավորներ ստացած մասնակիցները»,- հայտարարեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ մրցանակները հանձնելիս:
Հայաստանի բջջային առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսանում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող HTC ընկերության պաշտոնական ռազմավարական առաջին գործընկերը եւ արտադրանքի մանրածախ իրացնողը Հայաստանում: Մայիսի 17-ից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող սպասարկման կենտրոններում մեկնարկել է Android համակարգով գործող HTC հեռախոսների վաճառքը, որն իրականացվում է համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների կողմից: