Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԵ՞Լ, ԹԵ՞ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼ

Հունիս 10,2010 00:00

Երկու դեպքում էլ սոված են մնում

ՀՀ սահմանադրության մեջ հստակ նշված է, որ մեր երկիրը սոցիալական պետություն է: Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պարտավորվում է սոցիալական գ
ոնե նվազագույն բարեկեցություն ապահովել յուրաքանչյուրի համար: Սակայն, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի բնակչության 23,5%-ը համարվում է աղքատ, ապա պարզ է դառնում, որ մեր երկիրը դեռ շատ հեռու է սոցիալական պետություն լինելուց:
Ամիսներ առաջ «Առավոտն» իր «Հումանիտար օգնությունով Նոր տարի չես անի» (24.12.2009թ.) հրապարակումով անդրադարձավ սոցիալական ծանր պայմաններում ապրող Ֆլորա Գալոյանի եւ նրա անչափահաս որդու՝ Վարդանի խնդիրներին: Հոդվածում մասնավորապես պատմել էինք, թե ինչպես է ընտանիքը, որը մեծացնում է ապագա զինվոր, ընդամենը 18 հազար դրամ նպաստով սնվում եւ կենցաղային հարցեր հոգում: Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը՝ առողջապահության նախարարությունը մասնագիտությամբ բուժքույր տիկին Ֆլորային մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատանք տվեց՝ այդ քայլով փոքր-ինչ թեթեւացնելով մոր եւ որդու հոգսը: Ճիշտ է, Ֆ. Գալոյանն այժմ ստանում է նվազագույն՝ 30 հազար դրամ աշխատավարձ, սակայն 18 հազար դրամ նպաստի հետ գումարած, ընտանիքը ամսական գոնե մեկ անգամ կարողանում էր իրեն թույլ տալ, բացի հացից, կես կիլոգրամ միս գնել, շաբաթը մեկ ձու ուտել, մեկ-մեկ էլ կաթնամթերք օգտագործել: Սակայն նրանց ուրախությունը կարճ է տեւել: Սոցիալական ծառայությունը, համարելով, որ տիկին Ֆլորայի՝ աշխատանքի անցնելուց հետո ընտանիքի սոցիալական վիճակը բարելավված է, «Փարոսը» կտրել է՝ նրանց թողնելով 30 հազար դրամի հույսին: Այսինքն՝ պետությունը գտել է, որ 30 հազար դրամը կենսապահովության համար միանգամայն բավարար է, այն դեպքում, երբ մեր երկրում նվազագույն զամբյուղից օգտվելու համար անհրաժեշտ է 40 հազար 234 դրամ:
Երեւի հենց այսպիսի «անցումները» նկատի ունեն սոցիալական ոլորտի պատասխանատուները, որոնք հատկապես վերջերս շատ հաճախ հայտարարում են, թե պետք է նպաստ ստացող հասարակությունից անցնել աշխատող մարդկանց հասարակության: Դեռեւս 2003 թվականին կառավարությունը հաստատել է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ըստ որի, աղքատ բնակչության այն ժամանակվա 42,9%-ը մինչեւ 2015 թվականը պետք է հասցնել 19%-ի:
Ճիշտ է, այս ուղղությամբ որոշակի քայլեր արվում են՝ ՀԲ-ից վարկեր են ներգրավվում, կենսաթոշակները, ընտանեկան նպաստներն ու աշխատավարձերն ավելանում են: Սակայն կայծակնային արագությամբ արձանագրվող գնաճն ամենեւին էլ չի նպաստում մեր երկրում աղքատների թվի նվազմանը: Եվ եթե համեմատենք կառավարության որոշած նվազագույն աշխատավարձն ու ամսական նվազագույն կենսապահովման զամբյուղը, ապա մինչեւ 2015 թվականը կառավարությունը դժվար թե հասնի իր նպատակներին:
 ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարության, սահմանված կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ աշխատավարձի ծավալի միջեւ պարադոքս կա: Ժողովրդի վրա «էքսպերիմենտներ» անելու փոխարեն, լավ կլիներ՝ այն պաշտոնյաները, որոնք որոշել են նվազագույն աշխատավարձի շեմը, իրենք փորձեին գոնե մեկ ամիս 30 հազար դրամով ապրել: Եվ գուցե այդ փորձից հետո կառավարության որոշումներում պարադոքսներ չլինեին, Հայաստանի Հանրապետությունն էլ մի օր իսկապես դառնա սոցիալական երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել