Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանն օրենքի շրջանակներում է

Հունիս 10,2010 00:00

 Երեկ ստացել ենք Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը, որում գրված էր. «Առավոտ» օրաթերթի՝ հունիսի 8-ի «Ծծակներով բյուջե են լցնում» հրապարակման մեջ նամակագիրն իր վրդովմունքն է հայտնել ծանրոցների մաքսազերծման գործընթացի առնչությամբ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան մաքսավորները գործել են բացառապես օրենքի շրջանակներում, եւ նրանց գործողությունները եղել են օրենքի պահանջներին համահունչ: Ինչ վերաբերում է մաքսային ձեւակերպումներ իրականացնող ՍՊԸ-ին, հարկ ենք համարում նշել, որ մաքսային ձեւակերպումների մասնագետները գործում են մաքսային ծառայության կազմից դուրս եւ մաքսային մարմնի օղակ չեն համարվում»:
Մեր կողմից հավելենք, որ հիշյալ հրապարակման մեջ, որն ավելի շուտ մեր ընթերցողներից մեկի բաց նամակն էր՝ ուղղված երկրի նախագահին, որեւէ ակնարկ չկար, թե արվածն ապօրինություն է: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե մատչելի կերպով վերաձեւակերպենք այն պահանջները, որոնք Մաքսային օրենսգրքի 105 հոդվածով եւ ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի N 4 որոշման (որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել կառավարության 2005թ. հուլիսի 14-ի թիվ 1004-Ն եւ 2009թ. հունվարի 22-ի թիվ 78-Ն որոշումներով) համաձայն կարգավորում են ոլորտը՝ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առանց մաքսատուրքի 180 օրը (3 ամիսը) մեկ անգամ ստանալ 20 կգ-ն եւ 50 հազար դրամը չգերազանցող ծանրոց (կարծես կալանավորների՝ ծանրոց ստանալու վրա դրված սահմանափակումներ լինեն): Դա նշանակում է, որ, եթե, ասենք, որեւէ թոշակառուի որդին կամ որեւէ բալիկի տատիկ (իսկ այսօր ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունն ունի դրսում ապրող եւ իրեն պահող հարազատ) այնքան բարի է, որ ոչ թե 180, այլ 179 օր հետո ուղարկի հերթական ծանրոցը, ապա իր հարազատը ստիպված պիտի մաքսազերծի այն: Բացի այդ՝ ինչպես վերոհիշյալ հրապարակման մեջ էր նկարագրված՝ հենց մաքսավորն է որոշում, թե ծանրոցի միջի ապրանքներից որն ինչ արժե: Եվ եթե, ասենք, որդին իր թոշակառու հորն ուղարկում է իր մի քանի ամիս օգտագործած հեռախոսը, մաքսավորը այն կարող է գնահատել իր երեւակայության թռիչքի համաձայն՝ կուզի 10 հազար դրամ, կուզի՝ 51 հազար, եւ ահա խնդրեմ՝ 50 հազարն անցավ, ու կրկին մաքսատուրք վճարելու հարց է առաջանում: Վերջապես, այստեղ կան բազմաթիվ սողանցքներ, որոնցից օգտվելով, կարող են մեր համաքաղաքացիներին «ճնշել»՝ եթե ոչ ֆինանսապես, ապա՝ բարոյապես:
Ի դեպ, այս հրապարակմանը հետեւեցին բազմաթիվ արձագանքներ, եւ մեր շատ ընթերցողներ տեղեկացրին, որ իրենց հետ էլ են նման դեպքեր պատահել, եւ իրենցից շատերը, հասկանալով, որ բոլոր օրինական, երբեմն էլ՝ ոչ այնքան օրինական մուծումները կատարելուց, այդքան ճանապարհ անցնել-դառնալուց հետո իրենք շատ ավելի թանկ են վճարելու, քան ծանրոցի միջինն արժե, ուղղակի դիմում են գրում մաքսային մարմիններին, որ հրաժարվում են ծանրոցից: Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել