Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական աճ եւ զարգացում-2010»

Հունիս 10,2010 00:00

Նախարարությունների «շարադրությունները»՝ վարչապետի հանձնարարած թեմայով

Սկիզբը՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 7 կետանոց ծրագիր, որի մեջ կան բավականին գայթակղիչ կետեր, ասենք՝ «գիտակրթական լաբորատորիաների հիմնում՝ արդյունաբերություն, կրթություն եւ գիտություն կապը ուժեղացնելու համար», կամ՝ «Հայ-հնդկական, Մայքրոսոֆթի եւ Աթգոյի հետազոտությունների եւ մշակումների կենտրոնների՝ խոշոր համակարգչային լաբորատորիաների բացում Երեւանի պետական եւ Ճարտարագիտական համալսարաններում», «Համակարգիչ բոլորի համարե բիզնես-ձեռնարկի հրապարակում եւ ծրագրի ամբողջական ներդրում՝ 15 հազար համակարգչի տրամադրում, ուսուցիչներին համակարգիչներով ապահովելու ծրագրի մեկնարկ» եւ այլն: Իհարկե, այստեղ էլ կան մասնավոր ընկերությունների կողմից արված կամ անելիք գործերի «յուրացման» նշաններ, օրինակ, հետեւյալ կետը. «Թեթեւ արդյունաբերության ոլորտի խթանում, մասնավորապես՝ Լոռու մարզում «ՎԿՍ Արմենիա» ընկերության կողմից հագուստի կարի ֆաբրիկայի առաջին բաժանմունքի բացում»: Ի՞նչ կապ ունի էկոնոմիկայի նախարարությունը այդ ֆաբրիկայի բաժանմունքի բացման հետ, որ դա ներկայացնում է որպես տնտեսության աճի խթանման իր պլաններից մեկը՝ պարզ չէ: Սակայն ավելի արտառոց է այս նախարարության մշակած վերջին կետը. «օտարերկրյա ներդրողի ներգրավմամբ հանքային ջրի արտադրության եւ հյուրանոցաշինության ներդրումային ծրագրերի մեկնարկ»: Դատելով գրվածի կոնկրետությունից՝ ե՛ւ օտարերկրյա ներդրողն է արդեն հայտնի, ե՛ւ հյուրանոցաշինությունն ուր-որ է կմեկնարկի: Մնում է հասկանալ միայն, թե հանքային ջրերի գործարանների առատությունից չդժգոհող մեր երկրի ինչի՞ն է պետք հերթական արտադրությունը՝ օտարերկրյա ներդրողի ներգրավմամբ: Առավել եւս, երբ մեր ներդրողներն են, մեր ջրերը թողած, «ընկնում օտարի ջրերը»՝ օտար երկրներում, ասենք՝ Բուլղարիայում, հանքային ջրի արտադրություն կազմակերպում:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պլանավորել է տնտեսական աճին նպաստել բավականին կոնկրետ կետերով, օրինակ՝ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով նոր էներգաբլոկի շահագործում եւ դրա արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի պահպանում», կամ՝ «Համաշխարհային բանկի կողմից $35 միլիոնով ֆինանսավորվող Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման մեկնարկ», կամ՝ «ԻԻՀ-ի հետ համատեղ Մեղրի ՀԷԿ-ի (2010-ին՝ մինչեւ $30 մլն-ի չափով) կառուցման աշխատանքի մեկնարկ», «Մեծամորի ատոմակայանում նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքի ավարտ, ներդրող կազմակերպությունների ներգրավում, համապատասխան պայմանագրերի կնքում եւ հնարավոր պատվերների տեղադրում», «ԻԻՀ-ի հետ համատեղ նավթամթերքատար խողովակաշարի (մոտավորապես $250 մլն-ի չափով) կառուցման շինարարության մեկնարկ» եւ այլն: Խոստովանենք, որ գործնական եւ վարչապետի հանձնարարությանը համապատասխանող կետեր են, մնում է միայն տարեվերջին տեսնել դրանց կատարողականը՝ նշված կետերից որն իրականացավ, իսկ որն այդպես էլ մնաց թղթի վրա:
Այլ է կրթության եւ գիտության նախարարության պարագան. այստեղ, օրինակ, համարում են, որ 2010թ. ընթացքում ավագ դպրոցներին դասագրքերով ապահովելը նպաստելու է տնտեսական աճին: Այսինքն՝ կարող էին նաեւ չապահովել դասագրքերով, սակայն լավության կարգով եւ տնտեսական զարգացումը խթանելու սուրբ նպատակին ծառայելու համար որոշել են անել այդ բանը: Կամ՝ «հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթաց»: Այս գործընթացը ԿԳՆ-ն ուղղակի պարտավոր է իրականացնել՝ «Հանրակրթության մասին օրենքի համաձայն», այնպես որ՝ «սղացնել», թե դա արվում է տնտեսական աճն ապահովելու համար՝ ծիծաղելի է: Կամ՝ այսպիսի ընդհանուր, ոչինչ չասող կետ՝ «բուհական կրթության բարեփոխում»: Ի՞նչ են հասկանում դրա տակ, ի՞նչ միջոցներով եւ մեթոդներով են անելու՝ լռում են: Գուցե դեռ չեն որոշել:
Սակայն այն, ինչ գրել է մշակույթի նախարարությունը՝ վեր է ամեն տեսակի մեկնաբանություններից: Այս նախարարությունում ուզում են զարկ տալ տնտեսական աճին եւ զարգացմանը՝ 2010 թվականին նշվելիք մի շարք հոբելյանների կազմակերպմամբ: Կամ՝ արտերկրում գտնվող հայկական ծագում ունեցող պատմամշակութային հուշարձանների փաստագրմամբ եւ, որ ամենակարեւորն է՝ թանգարաններում «բաց դռների օրերի» կազմակերպմամբ: Մշակույթի նախարարությունը երեւի արդեն «պտիչկա» է դրել այս վերջին կետի մոտ, համարելով, որ «Թանգարանային գիշերներ» ակցիան հենց այդ էր, որ կար, ու թմբկահարվող տնտեսական աճն էլ դրա արդյունքն է:
Սփյուռքի նախարարությունը ՀՀ-ում տնտեսական աճին նպաստելու է Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման վիճակը հաշվի առնելով կամ խառն ամուսնություններում «հայ ինքնության որակների պահպանումը» հայտնաբերելով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, բացի զանգվածային եւ մանկապատանեկան սպորտի զարգացումից, ինչն այսպես թե այնպես իր պարտավորությունն է, մտադիր է անցկացնել «զանգվածային սպորտի եւ մանկապատանեկան սպորտի զարգացման նպատակով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մոնիթորինգ», նոր սպորտային համալիրներ կառուցել Երեւանում եւ մարզերում: Այս նախարարությունն էլ է խորամանկել՝ «սղացնելով» «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացումը «Տնտեսության աճի եւ զարգացման ապահովում» ծրագրի մեջ:
Տարածքային կառավարման նախարարությունը որոշել է լուծել հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հողերի խոշորացման, 4 տեսակի (աղակալած, չօգտագործվող, սեփականաշնորհված ու հրաժարված) հողերի արդյունավետ օգտագործման խնդիրը եւ մշակել ՀՀ մարզերում պետական կառավարման մասին ՀՀ նախագահի նոր հրամանագրի նախագիծը:
շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել