Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆՈՊՈԼ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԻԿ Է

Հունիս 10,2010 00:00

«Հայաստանն ավելի արագ զարգանալու հնարավորություն ունի, բայց մի խնդիր կա. շուկան բաց չէ բիզնեսի ու ներդրողների համար, անհրաժեշտ է հստակ սահմանել խաղի կանոնները, ինչը կնպաստի ներդրողներին օրենքի շրջանակներում աշխատել: Ներդրողների համար շուկայի մատչելիության առումով մշտապես խնդիրներ են առաջանում»,- երեկվա ասուլիսում նման տեսակետ ներկայացրեց Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը մոնոպոլ եւ օլիգարխիկ կառուցվածք ունի, ինչի համար արժանանում է միջազգային կառույցների ամենաբացասական գնահատականներին: Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, պարոն Փափազյանի գնահատմամբ, դրանք արդյունավետ էին. «Արդյունքները տեսնում ենք, տնտեսական աճը մեծ թափով վերականգնվեց, սա դրական երեւույթ է, որովհետեւ ոչ բոլոր երկրներում է այդ թափով վերականգնվում: Կառավարության շեշտադրումը ճիշտ է՝ դիվերսիֆիկացիա պետք է լինի, շեշտը պետք է դրվի նաեւ արտահանման վրա, որովհետեւ Հայաստանում այս ոլորտը շատ թույլ է զարգացած»: Նա նաեւ տեղեկացրեց, որ Բելգիայի կառավարությունից առաջիկայում հիմնադրամը կստանա 7-8 մլն եվրո՝ Հայաստանում միջուկային բժշկագիտական կենտրոն կառուցելու համար: Այն նախատեսվում է կառուցել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում, ծրագրի շրջանակներում առաջիկայում Հայաստան կբերվի ցիկլոտրոն արագացուցիչ, իսկ կենտրոնի շահագործումը հիմնադրամը նախատեսում է 2013-ին. «Առանց Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հնարավոր չէր լինի նման հաստատություն հիմնել, ինչը անհրաժեշտ է, քանի որ հարեւան երկրների համեմատությամբ՝ Հայաստանն ավելի մրցունակ է»: Պարոն Փափազյանի խոսքով՝ նման հաստատություններ կան Ստամբուլում, Մոսկվայում եւ Թեհրանում, սակայն լայն կիրառություն չեն գտել. «Հայաստանում կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա Հարավային Ռուսաստանից, Վրաստանից ու Հյուսիսային Իրանից հաճախորդներ ընդգրկել»:
Մեր երկրում զբոսաշրջության զարգացմանն անդրադառնալով՝ հիմնադրամի գործադիր տնօրենը վստահեցրեց, թե ամեն ինչ անելու են, որ Հայաստանի հարավային շրջաններն էլ մրցունակ լինեն. «Շատ զբոսաշրջիկներ գնում են հյուսիս, չեն գնում հարավ, մինչդեռ հարավային հատվածում բազմաթիվ տեսարժան վայրեր կան, որոնք, ի տարբերություն հյուսիսում գտնվող Գառնի-Գեղարդի ու Դիլիջանի, քիչ են հետաքրքրում զբոսաշրջիկներին: Հիմա մեր ուշադրությունը սեւեռել ենք հարավային հատվածի վրա՝ Նորավանք, Ջերմուկ. հարավային տուրիզմը հզորացնելով՝ զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ ենք ունենալու»: Պարոն Փափազյանի խոսքով, «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում վանքի, վանքային համալիրի վերակառուցում է նախատեսվում: Նրա խոսքով, ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերին, նույն ամսին էլ կավարտվի Տաթեւում աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը: Նա նաեւ ասաց, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կնորոգեն «Ձիթհան»՝ ձեթ արտադրող վայրը. «Այդ կառույցը պետք է վերականգնել ոչ միայն ճարտարապետական, այլեւ թանգարանային իմաստով, զբոսաշրջիկն անձամբ կմասնակցի ձեթի արտադրությանը եւ որպես հուշանվեր այն ձեռք կբերի, զբոսաշրջիկներին այս վայրը շատ է հետաքրքրելու»: Պարոն Փափազյանի տեղեկացմամբ, «Ձիթհանի» վերակառուցման նախագիծը հաստատելու համար արդեն հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու արտասահմանցի փորձագետներ:
Զբոսաշրջիկներին զարմացնելու ու հետաքրքրելու փնտրտուքում Հայաստան ժամանած ամերիկացի փորձագետները հիմնադրամի ուշադրությունը նոր վայրի վրա են սեւեռել՝ Նորավանքից հարավ գտնվող Մոզրովի քարանձավը: Պարոն Փափազյանի հավաստմամբ, այն մշակութային լուրջ արժեք է եւ առաջիկայում զբոսաշրջիկների համար բաց կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել