Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎՈՐ ՏՐԱՄԱԴՐՎԵՆ

Հունիս 10,2010 00:00

Եվ ոչ թե, ըստ օրենքի նախագծի նոր ձեւակերպման՝ Ազգային հանձնաժողովն ուղղակի պիտի ապահովի «իր որոշման պատշաճ հիմնավորման եւ պատճառաբանվածության հրապարակայնությունը»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության հեղինակները 2-րդ ընթերցման նախագծում մերժել են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկների մեծամասնությունը: Ավելի՛ն՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի առնելով ԵԱՀԿ փորձագետների, ԱՄՆ դեսպանի եւ ԵԽ ներկայացուցիչների առաջարկությունները՝ մշակել էին օրինագծի այլընտրանքային նախագիծ, որը քննարկել էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ: Սակայն օրենքի հեղինակները չեն ընդունել նաեւ նրանց առաջարկներից գրեթե ոչ մեկը: Եվ նախագծում մնացել են մտահոգության առարկա հանդիսացող դրույթները: Օրինակ. «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս ՀՀ տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում» դրույթը, որը հնարավորություն է ընձեռելու ՀՌԱՀ-ին արգելել արտոնագիր չունեցող ընկերությունների կողմից հեռարձակումը բջջային, համացանցային եւ մնացած բոլոր միջոցներով: Մի բան, որն արդեն իսկ ապօրինի արվել է «Ա1+»-ի վերաբերյալ, սակայն այժմ կարվի արդեն օրենքով: Կամ՝ այդպես էլ ամբողջապես չեն վերականգնել գործող օրենքի այն դրույթներն արտոնագրատիրոջ ընտրության վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀՌԱՀ-ը որոշում կայացնելիս պիտի հաշվի առնի նաեւ «մրցութային հայտում ներկայացված հաղորդումների բազմազանությունը» եւ «մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը»: Սրանք 2009-ին արված փոփոխություններից էին, որոնք արժանացել էին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Այսուհանդերձ՝ առաջին ընթերցումից հետո օրենքի խմբագրության նախագծում արվել են որոշ փոփոխություններ: ԵԱՀԿ փորձագետի ներկայացրած եւ ըստ նպատակահարմարության ընդունված առաջարկներից բացի՝ երկրորդ ընթերցմամբ արել են փոփոխություն, ըստ որի՝ «ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է»: Մինչդեռ օրենքի գործող տարբերակում խոսքը միայն հայերենի մասին է՝ առանց «գրական» որոշակիացման, որին տիրապետող հեռուստահաղորդավարները խիստ սակավ են: Կամ՝ կատարել են այսպիսի մի լրացում, ըստ որի՝ մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել ՀՀ նախագահը, կառավարության անդամները, դատավորները, ԱԺ պատգամավորները եւ նրանց բոլորին փոխկապակցված անձինք: Կարծում ենք, թե այս լրացմամբ բացառվում է, որ նոր մրցույթներից հետո, ասենք, «Կենտրոն» հեռուստատեսության սեփականատեր դե-յուրե լինեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը եւ Մուրադ Գուլոյանը:
Սակայն արված ամենակարեւոր փոփոխությունը հետեւյալն է: Էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 3-ի քննարկման ընթացքում՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների եւ դիվանագետների ներկայությամբ, օրենքի հեղինակները մեկը մեկից «հիմնավոր» բացատրություններ էին տալիս, թե ինչու են գործող օրենքից հանել հետեւյալ դրույթը. «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու եւ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները»: Գրավոր արձանագրել էին, թե ՀՌԱՀ ամեն անդամի որոշում չի կարող լինել «հիմնավորման ենթակա երեւույթ», «ինչպես գեղեցկության մրցույթներում հնարավոր չէ հստակ հիմնավորել հաղթողի ընտրությունը, այնպես էլ հեռարձակման լիցենզիաների դեպքում դա պարզապես անհնար է»: Իսկ Ներսես Երիցյանը սրտացավորեն նկատեց, թե ՀՌԱՀ անդամներին կդնենք շա՜տ վատ իրավիճակում, եթե իրեն ասենք՝ բացատրի, կխախտվի նրա «անձնական integrity-ն», այսինքն՝ ամբողջականությունը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանի բացատրություններից էլ պարզ դարձավ, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ բանաձեւերով ներկայացվող պահանջը՝ կազմակերպել հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ, օրենքի հեղինակները հասկացել են այսպես՝ պետք է հնարավորություն տալ նայելու, թե ՀՌԱՀ անդամներն ինչպես են ձեռք բարձրացնում: «Այդ կոլեգիալ մարմինը յուրաքանչյուր կետի համար ձեռք է բարձրացնելու: Դրանից ավելի ի՞նչ հիմնավորում եք ուզում դուք»,- ասում էր Ավետիս Բերբերյանը:- Դուք դա տեսնելու եք, դա թափանցիկ է լինելու»:
Ահա այս բոլոր տրտունջներից հետո, թե ՀՌԱՀ-ից պահանջում են «հիմնավորել անհնարը», «ինչը պարադոքսալ պահանջ է»՝ նախագծի հեղինակներն արել են այդ անհնարը եւ երկրորդ ընթերցման տեքստում նշել. «Ազգային հանձնաժողովն ապահովում է իր որոշման պատշաճ հիմնավորման եւ պատճառաբանվածության հրապարակայնությունը»:
Սակայն արդյոք այս ձեւակերպմամբ կարելի՞ է ասել, թե ապահովվելու է Մարդու իրավունքների վճռի կատարումը «Ա1+»-ի գործով: Հիշեցնենք, որ այստեղ նշված է. «Ինչ վերաբերում է կոնկրետ արտոնագրման ընթացակարգին, դատարանը կրկնում է, որ արտոնագրման ընթացքում արտոնագրման չափանիշների կիրառման ձեւը պետք է ընձեռի բավարար երաշխիքներ կողմնակալությունը բացառելու համար՝ ներառյալ արտոնագրող մարմնի կողմից հեռարձակման արտոնագիրը մերժելու որոշման պատշաճ պատճառաբանվածությունը»: Եվս մի մեջբերում 2008-ին կայացված այս վճռից. «Թեեւ քննարկվող չափանիշները բավարար հստակ են, խնդրո առարկա ժամանակահատվածում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը հստակորեն չէր պահանջում, որպեսզի արտոնագրող մարմինն այդ չափանիշները կիրառելիս տրամադրի որեւէ բացատրություն», եւ հիշեցվում է, որ 2002-ին «Մրցակից ընկերությունները պարզապես ներկայացնում էին իրենց հայտերը, որից հետո անցկացվում էր վարկանիշային քվեարկություն՝ առանց որեւէ պատճառաբանություն տրամադրելու: Հետեւաբար, դիմումատու ընկերությունը եւ հանրությունը չէին տեղեկացվում, թե ինչի հիման վրա է ՀՌԱՀ-ն իրականացնում հեռարձակման արտոնագրի տրամադրումը մերժելու իր լիազորությունը»:
Ընդգծենք, որ ՄԻԵԴ վճռում անընդհատ խոսվում է բացատրություններ տրամադրելու մասին, սակայն այժմ օրենքում արված լրացումից՝ «Ազգային հանձնաժողովն ապահովում է իր որոշման պատշաճ հիմնավորման եւ պատճառաբանվածության հրապարակայնությունը», կարծես բնավ չի բխում, թե այդ հիմնավորումները պետք է տրամադրվեն նաեւ գրավոր: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ՄԻԵԴ-ում ներկայացնում էր «Ա1+»-ի շահերը՝ այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Չեմ գտնում, թե իրավական գիտելիքների պակասի խնդիր կա՝ պարզապես ցանկության հարց է, թե ինչ ձեւով կարդան Եվրոպական դատարանի որոշումը եւ ինչպես անցկացնեն մրցույթը»: Հիշեցրեց, որ 2002-ին էլ է մրցութային գործընթացն անցկացվել նույն կարգով, եւ միայն բանավոր էին հնչում պատճառաբանություններ, թե ինչու մերժեցին արտոնագիր տրամադրել «Ա1+»-ին՝ «ծրագիրը թույլիկ էր» եւ այլն. «Բայց երբեւէ ՀՌԱՀ անդամների վարկանիշային քվեարկության հիմնավորումները գրավոր չէին արձանագրվում, չէր ասվում, թե ինչու վստահություն չի ներշնչել ֆինանսական ծրագրի իրատեսականությունը կամ սահմանված այլ չափորոշիչները՝ մասնագիտական աշխատակազմ եւ այլն: Դատարաններում մենք ստիպված էինք մեջբերել ՀՌԱՀ անդամների՝ մամուլում հայտնած կարծիքները: Իրենց հիմնավորումները նրանք այն ժամանակ էլ էին հրապարակայնորեն ասում՝ ինչպես հիմա է նախատեսվում»: Տիգրան Տեր-Եսայանը օրենքում ներկա լրացումը բավարար չի համարում. «Կարծում եմ՝ օրենսդիրը հստակություն պիտի մտցնի այս առումով՝ տեղ չթողնելով մեկնաբանությունների համար, եւ պարզ լինի՝ որոշման հիմքերը պիտի գրավո՛ր տրամադրվեն, արձանագրությունում ՀՌԱՀ յուրաքանչյուր անդամի կարծիքը պիտի ամրագրվա՛ծ լինի, որ վաղը-մյուս օրն այն ընկերությունը, որը լավագույնը չի համարվել մրցույթում՝ իմանա հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքը: Թե չէ՝ մեկը 1 կամ 2 է նշանակում, մյուսը՝ 4 կամ 5: Խնդիր չկա՝ իրենց իրավունքն է նշանակելը, բայց թող բարի լինեն իրենց գնահատականը հիմնավորել եւ տրամադրել մրցույթի մասնակիցներին: Սա շատ կարեւոր ու պատասխանատու գործընթաց է՝ իր հետեւանքներով հանդերձ, որի նախադեպն արդեն ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել