Չորեքշաբթի օրն Ազգային ժողովը սկսեց քննարկել օտարալեզու դպրոցներին վերաբերող ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը, որի ընդունմանը դեմ են ոչ միայն հասարակության մի հատվածն ու Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի, գրականության եւ արվեստի ինստիտուտները, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գրողների միությունները, այլեւ ՀՀ նախագահին կից գործող Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Խորհուրդը դեռ շաբաթներ առաջ էր այդ առնչությամբ կայացրած իր որոշումն ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով օրինագիծը ԱԺ-ում քննարկման չներկայացնել: Օրերս թերթերից մեկը փոխանցել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են հանդիպել Վազգեն Մանուկյանի հետ՝ նրան համոզելու համար, որ փոխի կամ մեղմացնի իր դիրքորոշումն այդ վիճահարույց օրինագծի վերաբերյալ: Հանրային խորհրդի եզրակացությունը հրապարակելուց հետո, նաեւ՝ հասարակական լայն քննարկումների ճնշման տակ ՀՀ կառավարությունը որոշակի փոփոխություններ էր կատարել առաջարկված օրինագծում: Երեկ «Առավոտը» փորձեց պարոն Մանուկյանից ճշտել՝ արդյոք այդ փոփոխություններից հետո իր դիրքորոշումը սույն օրինագծի վերաբերյալ փոփոխվել-մեղմացե՞լ է: Վ. Մանուկյանն ի պատասխան ասաց, թե իր դիրքորոշումը մնում է նույնը, բայցեւ հորդորեց սպասել, տեսնել, թե քննարկումներն ինչ արդյունք կգրանցեն, որից հետո ինքն իր դիրքորոշումը կհայտնի. «Հիմա օրինագիծն ԱԺ-ում է: Տեսնենք՝ ինչպիսի քննարկում կլինի՝ հետո կմեկնաբանեմ, հիմա ի՞նչը մեկնաբանեմ»: Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ Հանրային խորհրդի որոշումը խորհրդարանում հաշվի կառնվի:
Նա հերքեց նաեւ «Առավոտի» ունեցած այն տեղեկությունը, թե Վ. Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել հենց այդ՝ օրինագծի վերաբերյալ Խորհրդի կարծիքը իշխանությունների կողմից արհամարհվելու պատճառով: