Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ

Հունիս 10,2010 00:00

Մարզպետի որդին՝ Վահե Հովակիմյանը, ուղեղի ցնցումով եւ տուժողի կարգավիճակով հիվանդանոցում է

\"\"
Արտաշատցիները հավաստիացնում են, որ քաղաքի կենտրոնում գտնվող
«Եվրոպա» խանութն ու քարի ցեխը Արարատի մարզպետինն են:

Թե Հայաստանում արձանագրված հանցագործությունների քանի՞ տոկոսն է բաժին հասնում Արտաշատ քաղաքին՝ վիճակագրություն է, որին մենք տեղյակ չենք, մանավանդ, որ ՀՀ ոստիկանությունը, սովորաբար, պաշտոնատար անձանց անվան հետ առնչվող «ռազբորկաների» մասին ստացված հաղորդումները նախընտրում է չտեղադրել իր պաշտոնական կայքում կամ դա անում է ուշացումով՝ ի պատասխան ԶԼՄ-ների հրապարակումների: Երեկ «Առավոտը» փորձում էր այդպիսի մի միջադեպի վերաբերյալ հաղորդում գտնել հիշյալ կայքում, որի առնչությամբ, Արտաշատի բաժնում քրգործ է հարուցվել: Մեր որոնումներն, իհարկե, ապարդյուն էին, եւ կարելի է ենթադրել, թե՝ ինչու: Բանն այն է, որ ոստիկանության Արտաշատի բաժնում դեռ հունիսի 5-ի լույս 6-ին Քր.օր-ի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն, քրգործ էր հարուցվել: «Առավոտի» աղբյուրների ասելով, հունիսի 5-ի ուշ երեկոյան, ժամը 23-ն անց, Արտաշատի կենտրոնում, Արարատի մարզպետարանից ոչ հեռու գտնվող զբոսայգում, ծեծկռտուք էր եղել, որի ակտիվ դերակատարներից մեկը մարզպետ, ՀՀԿ-ական Վարդգես Հովակիմյանի 22-ամյա որդին՝ Վահե Հովակիմյանն է եղել: Նա այդ օրը ծննդյան օր նշելուց հետո, ականատեսների ասելով, հարբած վիճակում դուրս է եկել քաղաքամեջ ու հիշյալ այգում, որտեղ նաեւ բացօթյա սրճարան կա, «դեբոշ» է սարքել. մոտեցել է սրճարանում իր ընկերոջ հետ նստած մի աղջկա եւ պոկ չի եկել: Նրա ուղեկիցների եւ աղջկա ընկերոջ՝ Երեւանի բնակիչ, 1985թ. ծնված Ժորա Մարկոսյանի միջեւ վիճաբանություն է սկսվել: Վերջինս մարզպետի որդուն, որին, ըստ ամենայնի, «տեղն» էլ չի բերել, հորդորել է հեռու գնալ աղջկանից, Վահե Հովակիմյանը սկսել է հայհոյել, ծաղիկ է նետել աղջկա ուղղությամբ, հրահրել, ու արդյունքում մեծ՝ մոտ 45 րոպե շարունակված ծեծկռտուք է սկսվել: Հայտնի չէ, թե արդյոք երեւանցի երիտասարդը մարմնական վնասվածքներ ստացել է, թե  ոչ, բայց մարզպետի որդին վնասվածքներ, ըստ ամենայնի, ստացել է եւ հաջորդ օրն իսկ արդեն տուժողի կարգավիճակով տեղափոխվել է Երեւան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ նրան ուղեղի ցնցում է ախտորոշվել: Մեր տեղեկություններով, Ժ. Մարկոսյանին, որին Արտաշատի բաժնում ստորագրությամբ ազատ են արձակել, դեռեւս մեղադրանք չի էլ առաջադրվել. նախաքննություն է ընթանում:
Նկատի ունենալով, որ այս միջադեպին հայրենի իրավապահները հրապարակայնություն չեն էլ հաղորդել, պետք է ենթադրել, որ գործը կփակվի՝ դրան հնչեղություն չհաղորդելու համար: Բայց այս գործում ուշագրավը նաեւ այն է, որ մարզպետի որդին՝ Վահե Հովակիմյանը, որը երեկ «Առավոտի» հետ զրուցած արտաշատցիների ասելով, առաջին անգամ չէ, որ իրեն սանձարձակ է պահում, ու ոստիկանությունն էլ դրա վրա աչք է փակում,  արդեն մեկ տարի պիտի որ բանակում լիներ:  Բանն այն է, որ Վ. Հովակիմյանը դեռ 2009թ. հունիսի 26-ին զորակոչվել էր բանակ եւ, իբր, ծառայում է թիվ 10724 զորամասում, բայց ի տարբերություն ՀՀ շարքային քաղաքացիների զավակների, նրա ժամկետային ծառայության մեջ գտնվելու փաստը  արտաշատցիների համար նկատելի չէ: Մարզպետի որդին ավելի հաճախ Արտաշատում է լինում, քան, թերեւս, զորամասում: Ծեծկռտուքի  պահին, նույնիսկ եթե նա արձակուրդ էր եկել, եւ նույնիսկ եթե այժմ նա տուժողի կարգավիճակում է, նրա՝ որպես այդ պահին զինծառայողի, մասնակցությամբ քրգործը պետք է հարուցվեր ոչ թե ոստիկանության Արտաշատի բաժնում, այլ  Ռազմական ոստիկանությունում: Բայց ՌՈ-ի հետ «հարցեր հարթելը» մարզպետի համար, թերեւս, ավելի բարդ է եղել, քան արտաշատցի ոստիկանների հետ «լեզու գտնելը», ու Վահե Հովակիմյանի զինծառայող լինելու վրա էլ ոստիկանությունում, հավանաբար, աչք են փակել, կամ գուցե այդ փաստն ուղղակի թաքցվել է:
Եվս մի ուշագրավ փաստ, որի մասին պատմեցին արտաշատցիները: Բանն այն է, որ Վարդգես Հովակիմյանը, որը նախկինում զբաղեցրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշի ստորաբաժանման պետի պաշտոնը,  Արարատի մարզպետ է նշանակվել 2008թ. հունիսի 12-ին եւ հասցրել է անցած երկու տարիների ընթացքում մեծ կարողություն կուտակել: Եթե հավատանք քաղաքում ապրող մարդկանց, ապա նա այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է մի քանի մեծ «օբյեկտ» ձեռք բերել:  Այսօր Արտաշատի կենտրոնում նա  սեփականություն ունի՝ քարի ցեխ, աչքի կլինիկա, որն, արտաշատցիների ասելով, նրա դստեր անունով է, «Եվրոպա» անունը կրող խանութ, որ որդու անունով է, նաեւ՝ գեղեցկության սրահ: Բացառված չէ, իհարկե, որ այդ «օբյեկտները» ձեւակերպված են, ինչպես որ  դա սովորաբար լինում է, այլ մարդկանց անուններով: Սակայն արտաշատցիների աչքն այնքան մարզպետի ունեցվածքը չի «ծակում», որքան նրա երեք զավակներից մեկի՝ որդու լկտի պահվածքն ու անպատիժ մնալու հանգամանքը: 
Հիմա թե այս մի գործով մարզպետի որդին «կպլստա», թե գործը կջարդեն երեւանցի երիտասարդի վրա կամ կփոխանցեն ճիշտ հասցեատիրոջը՝ Ռազմական ոստիկանություն՝ պարզ կդառնա առաջիկայում: Իսկ առայժմ, արդեն երեք օր, Վարդգես Հովակիմյանի որդի Վահեն  դեռ հիվանդանոցում պառկած է, ինչպես ասացինք՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Բոլոր դեպքերում մենք երիտասարդին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում, նաեւ պատրաստ ենք  հրապարակել, թեեւ ուշացումով, ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել