Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՎԶՈՒՄ ՉԻ»

Հունիս 10,2010 00:00

Ընդդեմ «Լեզվի մասին» օրինագծի՝ բողոքի ակցիաներն այսպես գնահատեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

Խորհրդարանը երեկ աշխատանքային օրվա երկրորդ կեսին սկսեց քննարկել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը: Նիստերի դահլիճի մուտքի մոտ ոչ ոք չկար, ընդդեմ այս օրինագծի արտահայտվողները՝ հավանաբար կարծելով, թե քննարկումը կսկսվի հինգշաբթի, հեռացել էին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրինագիծը ներկայացրեց բավականին հանդարտ մթնոլորտում, 2-3 րոպեում: Մոտ 30 րոպե անց մարդիկ դրսում սկսեցին հավաքվել: Հիմնական զեկուցողին տրվեցին բազմաթիվ հարցեր, ակնհայտորեն խորհրդարանականների տրամադրությունները փոխված էին, եւ հարց տվողների մեծ մասը նախ՝ իր պարտքն էր համարում «ողջունել» այն, որ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել իր նախնական տարբերակից տարբերվող նախագիծ՝ «լրջագույն» փոփոխություններով: Նման «ողջույններ» հղեցին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: Որպես «ողջույնի» արժանի փոփոխություն՝ նշվում էր այն, որ կոնկրետացված է օտարալեզու մասնավոր դպրոցների թիվը՝ 15, որ օտար լեզվով առարկաների ուսուցումը նախատեսվում է իրականացնել միջին դպրոցից՝ 5-9-րդ դասարաններ, ըստ էության, կընտրվի 7-րդ դասարանը: «Ողջունվում էր» նաեւ այն, որ աշակերտների թիվը պետք է սահմանափակ լինի:
Թեպետ մի շարք գիտական հաստատություններ, կազմակերպություններ եւս երեկ միացան «Ընդդեմ» ակցիային եւ հանդես եկան այս օրինագիծը մերժելու կոչերով, հայտարարություններով, սակայն մեզ ամենից շատ հետաքրքրում էր այն, թե ինչո՞ւ ընդդեմ օտարալեզու դպրոցների տրամադրված քաղաքական ուժերը չափազանց պասիվ են, մասնավորապես, եթե Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» դեմ են, ո՞ւր է նրանց էլեկտորատը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք ձայն են տալիս այս ուժերին, ինչո՞ւ դուրս չեն եկել եւ չեն սատարում իրենց գաղափարակից քաղաքական ուժերին: Այս հարցերի շուրջ զրուցեցի մի քանի պատգամավորների հետ: Հանրապետական Հովհաննես Սահակյանը նկատեց, որ նույն ընդդեմ խոսողները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այնքան էլ վատ օրինագիծ չէ, որ իրենք որոշակի փոփոխությունների դեպքում անգամ կողմ կլինեն եւ այլն: «Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ փորձել երեւալ, եթե կան խնդիրներ, պետք է լուծել, եւ մենք՝ հանրապետականներս, մարտական վիճակում ենք, պատրաստվել ենք, նաեւ հայտարարությունների ժամին խոսեցինք եւ այսօր կխոսենք, բայց, այսպես կոչված, «ընդդեմների» կողմից չեղավ որեւէ ելույթ, ոչ մի հայտարարություն կամ հարցադրում կառավարությանը: Սա վկայում է մի փաստի մասին՝ փորձում են իրենց դիվիդենդները շահել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին եւս հարցրինք, թե ո՞ւր է «Ժառանգության» ընտրազանգվածը, ինչո՞ւ բողոքի ակցիաները մարդաշատ չեն: Ստեփան Սաֆարյանը, ի պատասխան իմ հարցի՝ ինչո՞ւ բողոքողների մեջ չկա «Ժառանգության» ընտրազանգվածը, ասաց. «Որովհետեւ այս ընդվզումը կուսակցական ընդվզում չի, շատ հաճախ մենք մեղադրվում ենք, երբ կուսակցական ընտրազանգվածին կոչ է արվում մասնակիցը լինել: Մեզ գոհացրել է այն, որ օտարալեզու դպրոցների բացման հետ կապված համահայաստանյան, եթե չասեմ՝ համազգային ընդվզում է բարձրացել: Մենք չենք ցանկացել կուսակցական դրոշները ցուցադրել նման ակցիաների ժամանակ: Մեր կուսակցականներն ազատ են՝ արտահայտելու իրենց բողոքը, եւ արտահայտել են, մեր խմբակցությունը բավականին ակտիվ իր դիրքորոշումն է արտահայտել հայտարարության միջոցով»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ի պատասխան մեր հարցի՝ իսկ ո՞ւր է Դաշնակցության ընտրազանգվածը, ինչո՞ւ չի գալիս եւ չի բողոքում ընդդեմ օտարալեզու կրթության, չէ՞ որ դաշնակցական պատգամավորները դեմ են այս օրինագծին, սկսեց բացատրել, թե պայքարի քանի ձեւեր կան, եւ ով երբ որ ձեւն է հարմար գտնում կիրառելու. «Պայքարելու երկու ձեւ կա. մեկը՝ ժողովրդին հանելով, մեկը՝ խորհրդարանում դրա դեմ հանդես գալով: Մենք խորհրդարանական ուժ ենք եւ հնարավորություն ունենք այստեղ մեր ասելիքն ասելու: Մենք մեր ասելիքը կասենք նիստի ժամանակ, ուղղակիորեն կասենք»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ կառավարության ներկայացրած փոփոխված տարբերակը սկսի դուր գալ նաեւ Դաշնակցությանը: Արտյուշա Շահբազյանը ասաց, որ չնայած արված փոփոխություններին, կա շատ լուրջ սողանցք, երբ նշվում է հետեւյալ տողը՝ «բացառությամբ օրենքով սահմանված կետերի»: Ըստ պատգամավորի՝ «սողանցքը կարող է ավելի լայնացվել, իսկ սա ինձ համար լուրջ խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել