Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ծանոթանում են հայերը…

Հունիս 09,2010 00:00

\"\"Կայք, որտեղ կարելի է «զվարճանալ»

Kuku.am՝ ծանոթությունների կայք՝ նախատեսված ողջ աշխարհի հայերի համար. համենայնդեպս այս կարգախոսով են առաջնորդվել հիմնադիրները՝ ստեղծելով այն: Ինչ պահանջվում է այցելուից, դա կայքում պարզապես անվճար գրանցվելն ու անձնական էջն ունենալն է: Իսկ հետո kuku.am-ում «զբաղեցնելով ձեր տեղը», կարող եք տեղադրել ձեր մասին պատմող ինֆորմացիա, ներբեռնել ցանկացած բովանդակության լուսանկար եւ այլն: Գրանցվելուց հետո կարող եք ընկերության առաջարկ անել կայքի ցանկացած «բնակչի», մի խոսքով՝ շփվել ազատ ու անկաշկանդ մթնոլորտում: Ընդ որում՝ գրանցվելիս պահանջվում է նշել տարիքը, որը պետք է 15-ից բարձր լինի, սակայն որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ, ասենք, 45 տարեկան տղամարդու անվան տակ 12 տարեկան աղջնակ չի հանդես գալիս: odnoklassniki.ru սոցիալական ցանցի անհաջող կրկնօրինակ kuku.am-ի ստեղծողները, համենայնդեպս, մի բան հաստատ հաշվի չեն առել. այն, որ 15 տարեկան ՀՀ քաղաքացին, ըստ օրենքի, անչափահաս է, հետեւաբար նրա մուտքը մի կայք, որը լի է պոռնոգրաֆիկ նկարներով եւ որոնցում արտացոլված է Կամասուտրայի բոլոր դիրքերը՝ պարզապես անթույլատրելի է: Նկարներից բացի, կայքն իր «բնակիչներին» հնարավորություն է տալիս նաեւ ներբեռնել վիդեոներ, վերջինները եւս իրենց «համեստ» բովանդակությամբ հաստատ չեն զիջում լուսանկարներին: Ամենից վատն այն է, որ պոռնոգրաֆիա տարածողների մեջ կան նաեւ անչափահասներ, իսկ ադմինիստրացիան, փոխանակ արգելափակի նմանատիպ ինֆորմացիայի հոսքը եւ արգելի երեխաների մուտքը kuku՝ ոչինչ չի անում այդ ամենը կանխելու համար: Ինչ վերաբերում է շփման ձեւերին, ապա հաստատ անակնկալի կգաք, որովհետեւ 15-16 տարեկաններն այնպիսի այլանդակ ու անպարկեշտ առաջարկներով կսկսեն ձեզ խոսեցնել, իրական կյանքում սեքսառատ գիշեր կամ վարդի թերթիկներով պատված սենյակում էկզոտիկ երեկո առաջարկել, որ ձեզ կթվա ինտերնետային XXX գոտում եք, որը նախատեսված է հիմնականում պոռնո կայքերի համար: Այն, որ կայքի հիմնադիրները մի շարք հարցերում թերացել են, դա ակնհայտ է, պոռնո տարածելուց բացի, այնտեղ տեղադրվում են պետական խորհրդանիշներ պարունակող, օրինակ՝ զինանշանով, լուսանկարներ, ինչն օրենքով արգելված է: Նշեմ, որ «ՀՀ զինանշանի մասին» օրենքով արգելվում են ՀՀ զինանշանի պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաեւ գույների փոփոխումը, սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշներում: Իսկ օրենքի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն, ինչն անթաքույց անում են kuku.am-ում: Ուշագրավ էր հատկապես մի լուսանկար, որում ՀՀ խորհրդանիշ եռագույն դրոշի ֆոնին աղավաղած էր ոչ միայն պատկերված զինանշանի ձեւը, այլեւ նրա վերեւում մեծ տառերով գրված էր «ՅՈՆՋԼԱՂ». այստեղից բնականաբար պետք է եզրակացնել, որ «կՐՏՒՌսՖ»-ի տերը յոնջլաղցի է: Ավելորդ չէ նշել նաեւ աղավաղված եռագույնների մասին, որոնց վրա էլ կարելի է հանդիպել «3-րդ մաս», «Ծերեթելի» գրությունները, «տերերի» «GOLD» հեռախոսահամարները եւ այլն: Կարծում եմ, կայքի ադմինիստրացիան գոնե պետք է իմանար, որ ՀՀ դրոշը տեղադրվում է ՀՀ նախագահի, ԱԺ-ի, վարչապետի, ՀՀ դատախազների, դատավորների, ՀՀ դիվանագիտական մարմինների ղեկավարների աշխատասենյակներում եւ այլն: Իսկ kuku-ն որեւէ կերպ չի առնչվում «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքի դրույթներին:

Քիչ չեն նաեւ ինքնասպանություն պատկերող տարբեր լուսանկարները, որոնք հավանաբար տեղադրվել են խեղաթյուրված հոգեբանության տեր անձանց կողմից. ինքնասպանության տեսարանները հաստատ շահեկան չեն լինի անչափահասի հոգեբանության վրա, իրենց ներգործությամբ:

Այս անկարգություններից բացի, կայքում հաճախ կհանդիպեք նաեւ ՀՀ երեք նախագահների լուսանկարներին, ծաղրանկարներին եւ նրանց վերաբերող այլ անճաշակ հումորային պատկերների: Հավելեմ, որ կայքում, երեխաներից բացի, գրանցված են նաեւ միջին տարիքի, անգամ լուրջ դիրքեր զբաղեցնող քաղաքացիներ, բնականաբար՝ ուրիշ անվամբ եւ լուսանկարներով: Եվ եթե վերջիններիս հետ շփումը ստացվում է, ապա նրանք անկեղծ խոստովանում են ոչ միայն իրենց կուսակցական պատկանելությունը, զբաղեցրած դիրքը, աշխատանքի վայրը, այլեւ անձնական լուսանկարներն են ցուցադրում, բայց սա միայն այն դեպքում, երբ ներկայանում ես ոչ թե լրագրող, այլ վարսավիր կամ հասարակ վաճառողուհի: Իսկ երբ, օրինակ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության բաժիններից մեկի պետի կամ Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի ու վարսավիրի (որն իրականում լրագրող է) շփման ընթացքում նրանց միջեւ փոխադարձ համակրանք է առաջանում, ապա հասունանում է հանդիպման գնալու պահը…

Նկատենք նաեւ, որ կայքում շատ կան մարդիկ, որոնք համայն հայությանն ի ցույց են դրել իրենց անձնական լուսանկարները. այստեղից հարց է առաջանում, նրանք արդյոք գիտակցաբա՞ր են դա արել, որովհետեւ կայքում հեշտությամբ կարելի է հանդիպել նույն լուսանկարներով, բայց տարբեր անվամբ մի քանի հոգու: Այսինքն, հայկական այդ «տարածքում» «կՐՏՒՌսՖ»-ի տերն ապահովագրված չէ նույնիսկ այն հարցում, որ իր նկարները մեկ ուրիշը հեշտությամբ «copy paste» կանի մեկ այլ «կՐՏՒՌսՖ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել