Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ԵՐԵԿ՝ ՉՈՐՍ ԿՈՐՈՒՍՏ

Հունիս 09,2010 00:00

Մոսկվայի «Մեգասպորտ» սպորտի պալատում շարունակվում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 38-րդ առաջնությունը, որում մեկնարկել են 42 երկրների 270 բռնցքամարտիկներ:

Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է գործուղել տասը մարզիկի՝ Հովհաննես Դանիելյանին՝ 48 կգ քաշային կարգ, Դերենիկ Գիժլարյանին՝ 51, Կարեն Այլազյանին՝ 54, Ազատ Հովհաննիսյանին՝ 57, Արա Պուլուզյանին՝ 60, Հրաչյա Ջավախյանին՝ 64, Սամվել Մաթեւոսյանին՝ 69, Անդրանիկ Հակոբյանին՝ 75, Արթուր Խաչատրյանին՝ 81, եւ Ցոլակ Անանիկյանին՝ 91 (ներկայացուցիչ չունենք միայն +91 քաշային կարգում):

Հայաստանցի բռնցքամարտիկներից առայժմ ռինգ չի մտել 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը: Նա առաջին մենամարտն անցկացնելու է այսօր՝ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Դենիս Շաբուկոյի հետ: Եվ քանի որ այս քաշային կարգում հայտավորված է ընդամենը 12 բռնցքամարտիկ, ապա հաղթանակի դեպքում Հովհաննեսը միանգամից իր համար կապահովի առնվազն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ: Հետաքրքրական է նաեւ, որ այսօր այս քաշային կարգում կայանալու է նաեւ Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան)- Էլվին Մամիշզադե (Ադրբեջան) հակամարտությունը: Եվ եթե հաջողությունը ուղեկցի հայերին, նրանք եզրափակիչ մտնելու ճանապարհին կելնեն միմյանց դեմ:

Անդրադառնալով մեր մյուս բռնցքամարտիկների մրցելույթներին՝ տեղեկացնենք, որ առաջին իսկ մարտից հետո պայքարը դադարեցրել են Եվրոպայի 2009 թվականի երիտասարդների չեմպիոն, 54 կգ քաշային Կարեն Այլազյանը, Սամվել Մաթեւոսյանը՝ 69 կգ, եւ Արա Պուլուզյանը՝ 60 կգ քաշային կարգ: Ընթացքում նրանց է միացել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, որը մեկնարկային մարտում հասցրել էր մեկ հաղթանակ տոնել:

Սակայն հայ մարզասերը ունի նաեւ ուրախանալու առիթներ: Խոսքը մինչեւ երեկ ռինգ մտած մեր մյուս հինգ բռնցքամարտիկների մասին է: Մասնավորապես, 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը իր առաջին մենամարտում պարտության մատնելով ադրբեջանցի Ռամազան Մագոմեդովին՝ այնուհետեւ տարավ միավորներով երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ հույն Իոանիս Միլիտոպոլոսի նկատմամբ, եւ երեկ մրցելու էր Նիկոլայաս Գրիսունինսի (Լատվիա) հետ: Միավորներով երկու հաղթանակ է տոնել նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: Երեկ երեկոյան մոսկովյան ռինգում իրենց երկրորդ մրցելույթն էին ունենալու Դերենիկ Գիժլարյանը, որի մրցակիցը անգլիացի Խալիդ Յաֆային էր, աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանն իր 75 կգ քաշային կարգում հանդիպելու էր բելառուսցի Միկալայ Վեսյալովին, իսկ Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) ուժերն էր չափելու Իռլանդիայի ներկայացուցիչ Թիրոն Մաք Քուլագի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել