Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր հայրերը՝ համայնքների մասին

Հունիս 09,2010 00:00

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը հոգեւորականներ էին՝ Միացյալ Նահանգներից ժամանած հայր Տաճատ ծայրագույն վարդապետ Յարդամյանը եւ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հնդկահայոց հոգեւոր հովիվ հայր Խորեն Հովհաննիսյանը: Նրանք հիմնականում խոսեցին հայկական համայնքի հոգեւոր կյանքին առնչվող խնդիրներից: Հայր Տաճատը հայտնեց, որ իրենք խնդիր ունեն համայնքում ապրող հայերին եկեղեցի բերելու:

Պատճառը հիմնականում մեր հայրենակիցների առօրյա հոգսերն են: Բազմազավակ ընտանիքում հազար ու մի կարիք կա հոգալու: Հայր Տաճատին չի գոհացնում նաեւ հայ համայնքներում ուսուցանվող հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաների ժամերի սակավությունը:

Հայր Խորենն էլ լրագրողներին պատմեց, որ Հնդկաստանում գործում է 7 հայկական եկեղեցի, որոնցում ամեն կիրակի հաջորդաբար տեղի են ունենում պատարագներ: Ըստ նրա, հոգեւորականների խնդիր ունեն: Բանախոսը հայտնեց, որ արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել է Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ: Լրագրողների հարցին՝ ի՞նչ վիճակում է գտնվում կրթօջախը, հայր Խորենն այսպես պատասխանեց. «Մինչ 1999 թ. մեծ նեգատիվով էին խոսում մեր ճեմարանի մասին, այժմ ամեն ինչ փոխվել է: Հիմնական դժգոհությունները ճեմարանի պայմաններին էին վերաբերում: Այժմ, վերանորոգումից հետո, այն բարվոք վիճակում է: Մեր ճեմարան ընդունվում են 10-11 տարեկան հասակում: Մեկ տարի հետո նրանք խորացած անգլերեն են ուսումնասիրում»: Հայր Խորենը նշեց, որ ունեն 97 աշակերտ, մեծամասնությունը իրանահայեր են:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է հայ համայնքի եկեղեցին պայքարում արտերկրում աղանդավորների դեմ, երկու հոգեւորականներն էլ տվեցին համարյա նույն պատասխանը: Հայր Խորենը ասաց, որ Հնդկաստանում շատ աղանդավորներ կան, որոնց գրեթե ամեն քայլափոխի կարող ես հանդիպել: Հայր Տաճատն էլ եզրափակելով թեման՝ ասաց, որ եկեղեցու համար շատ դժվար է պայքարել, որովհետեւ աղանդներն ասես սնկեր լինեն՝ անձրեւից հետո բուսած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել