Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Հունիս 09,2010 00:00

Սոցիալ-մշակութային էսքիզներ

«Գորիսում բնությունը գեղեցիկ ա, լավ տեղեր ունենք: Եթե փող ունես, կարելի ա տարեկան մեկ ամիս եկած-մնացած ու թողացած քյացած, որովհետեւ աշխատանքի տեղ չկա, ժողովրդի 90 տոկոսը գործ չի անում: Թե դրսից փող ա կյամ՝ ապրում ենք: Ժողովուրդն աշխույժ չի, որ փող չունի, կեսը նստած տներում սուտ սերիալ են նայում, էնքան որ օրն անցնի: Սերիալները շատացրել են ու էն մոմենտին են անջատում, որ էքսի օրը հետաքրքիր լինի, բայց էնենց բաներ պիտի ցույց տան, որ մալադյոժը նայի, մի գեղեցիկ բան սովորի, ոչ թե՝ մեկը հարուստի լակոտ ա, խփում ա-սպանում, մալադյոժն էլ նայում ա, սովորում»,- Գորիսի մշակութային կյանքը քաղաքի Վիենի պուրակում օրվա մեծ մասն անցկացնող գորիսեցի 60-ամյա Սուրիկը այսպես ներկայացրեց: Իսկ մեկ ուրիշ Սուրիկ, ավելի ճիշտ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանն այլ կարծիքի է. «Սյունիքը մշակութային տարածաշրջան է: Տարեկան 1-2 անգամ կարողանում ենք կազմակերպել փառատոներ, մշակույթը բուռն կյանք է ապրում: Գորիսում 1000 տարուց ավելի թատրոն է եղել, եւ հին Գորիսի ամբողջ տարածքը կառավարության որոշումով պատմամշակութային վայր է, որտեղ արգելվում է գերեզմանների բացումը: Ուզում ենք Գորիսում Խորենացու կերպարով բարձր խաչ դրվի, քաղաքի կենտրոնում էլ պետք է բարձրանա Տաթեւացու հուշարձանը, որը կլինի մոտավորապես 4,5 մետր»: «Առավոտին» հետաքրքրում էր՝ ո՞րն է եղել մարզպետ Սուրեն Խաչատրյանի դիտած վերջին ներկայացումը: «Մի ամսվա պատմություն է, մեր Կապանի Արզումանյան Կամոյի թատրոնն էր, բայց էդքան էլ հաճելի չէր, նայած ով ոնց կհավանի»,- պատասխանեց մարզպետը:

Մարզի 2 քաղաքներն ունեն թատրոններ, երկուսն էլ՝ առանց գեղարվեստական ղեկավարի: Այդ բացը քիչ թե շատ լրացնելու համար Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը որոշել է ստանձնել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատուի դերը: 1984-1988 թվականներին նա այս թատրոնում է առաջին քայլերն արել: Ասում է՝ այն ժամանակ ամեն ինչ այլ էր. «Բոլորովին այլ մշակութային քաղաքականություն, բոլորովին այլ վերաբերմունք թատրոնների նկատմամբ, ոչ թե պաշտոնյայի ցանկությունից էր ամեն ինչ բխում, այլ պետականորեն պարտադրված քաղաքականություն կար»: Այսօրվա հետ համեմատություն անցկացնել նա չցանկացավ. «Մենք հիմա լրիվ ուրիշ երկրում ենք ապրում, եւ այն հարցերը, որ պետականորեն լուծվում էին, հիմա պետք է մարզպետների ցանկությամբ լուծվեն»: Ապա Ղազանչյանը խոստովանում է. «Կապանը հետաքրքիր քաղաք է ու ինձ անընդհատ ձգում է: Չհաշված Գյումրին եւ Վանաձորը, Կապանի պես ինտելիգենցիա ունեցող այլ քաղաք չկա: Ժամանակին Կապանում բեմադրում էինք ներկայացումներ, որոնք շատ լավ հանդիսական էին ունենում, հետո նույն ներկայացումով հյուրախաղերով գնում էինք Գյումրի: Օրինակ՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդրը», որտեղ կինը մի փոքր պետք է մերկացներ մարմինը եւ գայթակղեր տղամարդկանց: Գյումրիում բողոքում, վայնասուն էին բարձրացնում այդ ներկայացման դեմ, թե եկել եք մեր երեխեքին փչացնեք, իսկ Կապանում նորմալ էր ընդունվում»:

Թե՛ կապանցիները, թե՛ գորիսեցիները, մշակութային անցուդարձից բացի, իրենց մտահոգող այլ հարցեր էլ ունեն: Օրինակ՝ գորիսեցի Սուրիկը պատմում է, որ իր երեխաներից ոչ մեկը չի մնացել ծննդավայրում. «Գորիսում երիտասարդություն չի մնացել, մնացածներն էլ չեն ուզում ամուսնանալ, մտածում են՝ ամուսնանան կնոջը ո՞նց պահեն: Նախկինում շատ էին հարսանիքները, հիմա ում խոսացնում ես, մի բան է ասում՝ ո՞նց: Երեխա չեն ուզում ունենան, որովհետեւ հիվանդանոց-բան սաղ փող ա»:

41-ամյա գորիսեցի մսագործ Շիրազ Բաղդագուլյանն էլ իր մշակութային նախասիրությունների մասին ասում է. «Գորիսում կոմունիստների վախտով մտել եմ թատրոն, պահակը ներս չի թողել, ես էլ գնացել եմ հնդկական կինոներ, էլ թատրոն չեմ գնացել: Հիմա ո՛չ կինո եմ գնում, ո՛չ թատրոն, ժամանակ չի լինում: Իմ գործս էնքան ա, որ քիթս սրբելու ժամանակ չունեմ, էդ էլ որ դուք էիք՝ կանգնեցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել