Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԻԱՑԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԻՉԸ ՀԵՌԱՑԱՎ ԹԵՐԹԻՑ

Հունիս 09,2010 00:00

Դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգաարդը հայտարարել է «Jyllands-Posten» թերթից հեռանալու իր որոշման մասին: Այդ մասին փոխանցել է «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով հենց ծաղրանկարչի հայտարարությունը: Վերջինս ասել է, թե թերթը, որտեղ աշխատել է շուրջ 20 տարի, լքում է, որովհետեւ չի ուզում իր գործընկերներին վտանգի ենթարկել: 75-ամյա նկարիչը նաեւ հայտարարել է, թե ուզում է աշխատանքից հանգստանալ եւ զբաղվել սեփական նկարների ցուցահանդեսի կազմակերպմամբ:

Հիշեցնենք, որ 2005թ.-ին Կուրտ Վեստերգաարդը հիշյալ թերթում հրապարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, ինչը մահմեդական աշխարհում բողոքի ալիք էր բարձրացրել: Աշխարհի շատ երկրներում ծաղրանկարչին պատժելու պահանջով բազմահազարանոց ցույցեր էին անցկացվել: Նրա գլխի համար նույնիսկ պարգեւ էր սահմանվել: Ծաղրանկարիչն ու թերթի խմբագրությունը բազմաթիվ անգամ են սպառնալիքներով լի հաղորդագրություններ եւ նամակներ ստացել, նրանց նկատմամբ առնվազն երեք հարձակում է եղել: Դրանից վերջինը տեղի է ունեցել 2010թ. հունվարին, երբ 28-ամյա մի սոմալեցի ներխուժել էր նկարչի տուն եւ սառը զենքով սպառնացել էր նրան սպանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել