Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ին

Հունիս 09,2010 00:00

Ջորջ Բուշի վարչակարգը Կենտրոնական հետախուզական վարչության մեկուսարաններում պահվող կալանավորների վրա անօրինական եւ անբարոյական փորձեր է իրականացրել: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ամերիկյան իշխանությունների հասցեին այդպիսի մեղադրանք է հնչեցրել «Բժիշկներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում շեշտված է, թե մարդկանց նկատմամբ իրականացված այդ փորձարկումները նպատակ են ունեցել «կտտանքների համար իրավական ֆոն ապահովել»: Զեկույցում մեջբերված են 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական ակտից հետո իրականացված անօրինական եւ հանցավոր փորձարկումների մասին ԿՀՎ բուժանձնակազմի անդամների վկայությունները: «ԿՀՎ-ն ոտնահարել է բժշկական փորձարկումներից կալանավորների պաշտպանության իրավական եւ բարոյական բոլոր ընդունված նորմերը, որոնք գործում են դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից»,- հայտարարել է կազմակերպության ղեկավար Ֆրենկ Դոնահյուն՝ հավելելով, որ այդ գործողությունները ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այլեւ ստորացուցիչ են հենց ամերիկյան ավանդական արժեքային համակարգի տեսանկյունից:

Ի դեպ, 2008թ.-ին ԿՀՎ նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը խոստովանել էր, որ 2002-2006թթ. իր աշխատակիցները կալանավորել եւ հարցաքննել են շուրջ 100 մարդու, որոնցից 1/3-ի նկատմամբ կիրառվել են փորձարկումների նման՝ ծայրահեղ մեթոդներ: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերն էլ իր հերթին էր այս տարի պատմել, թե հետախուզական ծառայության կառույցում գործում են էլիտար խմբեր, որոնք «գիտական հետազոտություններ» են անցկացրել՝ ահաբեկիչների հարցաքննության արդյունավետ միջոցներ գտնելու նպատակով: Իհարկե, ադմիրալը հրաժարվել էր մատնանշել այդօրինակ գործողությունների կոնկրետ օրինակներ:

Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները համոզված են, որ ԿՀՎ-ն իրականացրել է Ժնեւի կոնվենցիայով, Նյուրնբերգի արձանագրությամբ եւ միջազգային ու ազգային ստատուսներով արգելված գործողություններ: «Բժիշկներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջել է հետաքննել այդ մեղադրանքներն ու դրանցում հանցադեպի առկայության պարագայում դատական կարգով պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել