Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ դիմորդների հանդե՞պ

Հունիս 09,2010 00:00

Եթե առաջին երկու տարիներին թեստերում տեղ գտած սխալներն ու վրիպակները ինչ-որ տեղ հասկանալի էին, բայց, իհարկե, ոչ ներելի, ապա այժմ՝ հինգերորդ տարում, անընդունելի:

Հիշեցնում եմ, որ թեստերը պետք է կազմվեն ըստ ԿԳՆ եւ ԳԹԿ ուղեցույցների եւ ոչ կամայականորեն: Մինչդեռ, դիմորդներին առաջադրվող թեստերը տարեցտարի դարձան ավելի խրթին, անհեթեթ, անգամ՝ անըմբռնելի: Ես չեմ կարող խոսել այլ առարկաների թեստերի մասին (գիտեմ, որ դրանք էլ խոտան են), բայց հայոց լեզվի եւ գրականության քննական թեստերը, մեղմ ասած, վիրավորանք են՝ հասցված մեր լեզվին եւ գրականությանը:

Նախ՝ թեստերն ունեն Ա եւ Բ մակարդակներ, որոնք պետք է կազմվեն ըստ ընդունված սկզբունքների: Ա մակարդակը նախատեսված է դպրոցի ավարտական քննության համար, եւ կազմողները պետք է ապահովեն գոնե անցողիկ 8 միավորը: Ինձ համար հասկանալի է, որ աշակերտը կարող է տապալել Բ մակարդակի առաջադրանքների կատարումը, բայց Ա մակարդակի առաջադրանքների կատարումը տապալել են թեստերի հեղինակները: Բերում եմ փաստացի օրինակներ հայոց լեզվի եւ հայ գրականության՝ մի քանի օր առաջ կայացած քննական թեստերից:

Թեստ 1-ի եւ թեստ 2-ի 13-րդ առաջադրանքները նման են եւ հետեւյալն են. տրված բառերից քանի՞սը կմիանան կորցնել բային (թեստ 2)՝ կազմելով դարձվածք. դեմք, փող, սիրտ, չափ, խելք, բանալի, խիղճ, ճամփա, գլուխ:

Տասնյակ տարիներ հայոց լեզու դասավանդած իմ գործընկերը ընտրեց 5 բառ, տողերիս հեղինակը՝ 7, զարգացած մի մտավորական՝ 8, իսկ թեստի հեղինակը՝ 6: Այստեղ է, որ մենք զգում ենք անվանի դարձվածաբան Պ. Բեդիրյանի օգնության կարիքը (խե՜ղճ դիմորդ, գոնե ունենայիր «զանգ Բեդիրյանին» հնարավորությունը):

Թեստ 1-ի 7-րդ առաջադրանքը, որ վերաբերում է մեծատառերի գրությանը, չունի ճիշտ պատասխան: Թեստի հեղինակը մեծատառով է գրում «սահմանադրություն» բառը երեւի միմիայն այն պատճառով, որ Հայաստանում հաճա՞խ է խախտվում եւ դրանով առանձնանո՞ւմ է մյուս երկրների սահմանադրություններից: Հետաքրքիր է, այդ մասին տեղյակ պահե՞լ են Տերմինաբանական կոմիտեին, թե՞ հաշվի առնելով, որ այդ կոմիտեն ինքն է խճճվել իր անհեթեթ ու անտրամաբանական որոշումների մեջ (աշխարհի բոլոր պետությունների համագործակցությունները գրվում են փոքրատառով, իսկ Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ մեծատառով (Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու, 1956-2006, Երեւան, 2006, էջ 290):

Վատ չէր լինի, որ թեստերի հեղինակները հղկեին իրենց հայերենը. մեջբերում եմ թեստ 2-ի 31-րդ առաջադրանքի 4-րդ ենթակետը առանց փոփոխության. «Այս վայրերը հիշում եմ մի քսան տարի առաջ: Առաջին իսկ աչքի զարնող առարկան ու սիրտը թեթեւացնող տեսարանը բանվորական կացարաններն են: Սենյակս ասես մի փոքրիկ տուփ լիներ, որում տեղավորվել էր մահճակալս՝ մաշված անկողնով, եւ ես»:

Չմոռանամ շնորհակալություն հայտնել թեստերի հեղինակներին. ձեր քրտնաջան աշխատանքի ու պրպտումների շնորհիվ (չէ՞ որ դուք պեղումներ եք կատարում բառարաններում, դուրս գրում ձեր չիմացած բառերը, որոնք գուցե գործածվել են հայոց արքա Մենուայի ժամանակ) այսօր մենք եւ մեր աշակերտները գիտենք ագուգա, բուշտ, ակրատ, նսեհ, լկամել, կճյա, լամբակ, շառատ, կոզռակ, դֆտիկ, անկոպար, ջայլ, վարմ, թորիծ, ոսկեման, թազբեհ, նքողնակ, ասպականի, խավարտ եւ հարյուրավոր այլ բառեր:

Կեցցե՛ք դուք. կարողացաք հասնել նրան, որ դպրոցն ավարտող ամեն մի երեխա ատի հայոց լեզուն: Բացե՛ք օտարալեզու դպրոցներ:

Հ. Գ. Ես չեմ կասկածում, որ կան 19-20 միավոր վաստակած դիմորդներ: Առաջարկում եմ նրանց տալ միանգամից բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Փա՜ռք Աստծո, որ Համբարձումյանի, Մերգելյանի, Չոբանյանի ու Մնջոյանի ժամանակ չեն եղել այսպիսի թեստեր, այլապես մենք երեւի չունենայինք նման հանճարեղ գիտնականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել