Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀՈՍՔ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Հունիս 09,2010 00:00

«Առավոտը» անընդհատ դժգոհություններ է ստանում, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերը քննություններից առաջ հայտնվում են երեխաների ձեռքին: Մի ուսուցիչ էլ երեկ դժգոհեց, որ դրանք 5000 դրամով վաճառվում են անգամ դպրոցների տարածքում, երեխաներն էլ գնում են, պատճենահանում ու փոխանցում միմյանց: Նրա խոսքերով, արդյունքում համարյա ամբողջ դասարանը ստանում է բարձր միավորներ: Ի թիվս այլ կրթօջախների, «Առավոտը» այդ մասով դժգոհություններ է ստացել մասնավորապես թիվ 150 եւ 53 դպրոցների վերաբերյալ: Թիվ 150 դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը բացառեց նման երեւույթները իր ղեկավարած դպրոցում, ասաց, որ բոլորին «հատ-հատ» ստուգում՝ նոր է քննության թողնում, իսկ թե դրսում ով ի՞նչ է վաճառում, ինքը դրա համար պատասխանատու չէ:

Ա. Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի տնօրեն Սիրանուշ Բերբերյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենց էլ է հասել նման տեղեկատվություն, նույնիսկ «պատասխաններ» է ձեռքներն ընկել, բայց հետո պարզվել է, որ դրանք 4 տարբերականոց թեստի պատասխաններ են, մինչդեռ 9-րդցիների պարագայում 2 տարբերակ է եղել: «Գուցե մեզ մոտ սխա՞լ պատասխաններ են հայտնվել, չգիտեմ, ամեն դեպքում, օրինակ՝ կենսաբանություն առարկայից մեզ մոտ բարձր միավորներ չեն գրանցվել»,- նշեց տնօրենը:

«Առավոտը» ԳԹԿ-ից եւս ցանկացավ պարզաբանում ստանալ՝ ինչպե՞ս է պատահել, որ թեստերը քննությունից առաջ հայտնվել են երեխաների ձեռքին: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հեռախոսով փոխանցեց. «Մենք այդ մասին ահազանգ շատ ավելի վաղուց էինք ստացել, տեղյակ ենք, որ թեստերի արտահոսք է եղել, ինչի մասին հայտնել ենք ԱԱԾ, այժմ քննություն է գնում: Անձամբ ԳԹԿ-ն շահագրգիռ է բացահայտումներով»: Հիշեցնենք, որ 9-րդ եւ 11-րդ դասարանների բոլոր ավարտական քննությունների թեստերը տպագրվել էին ԳԹԿ տպարանում: Մի քաղաքացի խմբագրություն բերեց հունիսի 17-ին կայանալիք Հայոց պատմության քննության թեստերը, որոնք շրջանառվում էին մոտ 2000 դրամով: Նա դժգոհեց, որ երեւույթը անցյալ տարի չի պատժվել, դրա համար էլ կրկնվում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել