Լրահոս
Օրվա լրահոսը

Չարամտորեն կազմված թեստեր

Հունիս 09,2010 00:00

Այս կարծիքին է ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը մասնագիտությամբ բանասեր է եւ ինքն է պարապել իր դիմորդ երեխայի հետ: Չնայած դուստրը 17,5-ի է գրել, բայց նա պատրաստվում է հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքները բողոքարկել: Տիկին Մկրտչյանի համոզմամբ՝ ի սկզբանե թեստերում խախտված է մի քանի պարտադիր կանոն: Օրինակ՝ այն, որ թեստի Ա մակարդակը չի կարող լինել այդքան բարդ, քանի որ աշակերտներ կան, որ միայն Ա մակարդակն են լրացնում, ինչից գոյանում է նրանց ավարտական քննության գնահատականը: ՄԱԱ նախագահի խոսքով, թեստերի նպատակը պիտի լինի գիտելիքները ստուգելը, մինչդեռ ներկայիս թեստերը չարամտորեն են կազմված, որպեսզի դիմորդները չկարողանան պատասխանել հարցերին, որոշներում անգամ ուղղակի նեղ մասնագիտական խնդիրներ են արծարծված: Նա, ի թիվս այլ կետերի, խոսեց մասնավորապես հետեւյալների մասին: Օրինակ, Ա մակարդակի թեստի երկրորդ առաջադրանքում ասվում է. «Ո՞ր շարքի բոլոր բառերում ուղղագրական սխալ չկա.

1) պախուրց, սրածված, չարագույժ

2) տրցակ, քսուկ, պապակ

3) ատաղձագործ, անբարիշտ, քողտիկ

4) թուխպ, սուսանբար, վարակիչ»:

«Այստեղ եղած սրածված բառը շփոթություն է առաջացրել, այն հնաբանություն է, իսկ ուղեցույցում հստակ գրված է, որ հնաբանությունները չեն կարող տեղ գտնել առաջադրանքներում: Այնպես որ, սրածված բառի օգտագործումը չարամտորեն է արված»,- ասում է նա՝ անդրադառնալով աղմուկ հանած 38-րդ հարցին, որը դարձյալ Ա. մակարդակում է; Առաջադրանքում գրված է. «Ո՞ր շարքում են նշված հայագիտության օտարազգի երախտավորները.

1) Զ. Ֆրեյդ, Ա. Մեյե

2) Ա. Տոմսոն, Մ. Սեբաստացի

3) Ֆ. Ֆեյդի, Յ. Կարստ

4) Հ. Հյուբշման, Ֆ. Վերֆել»:

Ն. Մկրտչյանը փաստում է, որ այս առաջադրանքը ընդգրկված է Ուղեցույցում՝ «Ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվից» բաժնում, իսկ դասագրքում դա ընդամենը արտադասարանական ընթերցանության համար է նախատեսված: «Ինձ մոտ այն տպավորությունն է, որ թեստ կազմողները իրենց թեկնածուական կամ դոկտորական դիսերտացիաներից հատվածներ են ներառել, որպեսզի ցույց տան իրենց առավելությունը աշակերտների հանդեպ»:

58-րդ առաջադրանքում էլ ասվում է. «Տրված բառերից քանի՞սն ունեն ընդհանուր արմատ. այգեկութ, կթել, հավկիթ, ձկնկիթ, կովկիթ:

1) հինգը

2) երկուսը

3) երեքը

4) չորսը»:

Ն. Մկրտչյանի խոսքով, երեխան պարտավոր չէ Հայկազյան բառարանով աշխատել եւ իմանալ, որ կութը հին գրաբարյան արմատ է: Նրա ձեւակերպմամբ, անտրամաբանական եղանակով է որոշվում 63-րդ առաջադրանքում ընդգծված բառերի ձեւաբանական վերլուծության մեջ սխալ գտնելը՝ կոնկրետ շարքում:

Հ. Գ. Երեկոյան խմբագրություն եկան մի խումբ ծնողներ եւ հայտարարեցին, որ բարձր միավորներ են ստացել ԵՊՀ այն դասախոսների դիմորդները, որոնք մտերիմ են թեստերը կազմած Փառանձեմ Մեյթիխանյանի ու Աշխեն Ջրբաշյանի հետ: Այդ դասախոսների թվում են Ալիկ Մակարյանը, Մարիամ Կիրակոսյանը, Աշոտ Հայրապետյանը: 19-ից բարձր միավոր է ստացել նաեւ ԳԹԿ ներկայացուցիչ Միրցա Հալաջյանի որդի Վիլյամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել