Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏ ԳՐՈՂԸ ՆԱԵՎ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑ Է

Հունիս 09,2010 00:00

ԳԹԿ տնօրենը սա նորմալ է համարում

«Աշոտյանի ռիկսը բո՞ղկ էր՝ գար. մի այնպիսի ցույց էինք անելու այստեղ»,- երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նախասրահում՝ մոնիտորների մոտ խմբված ծնողներն այսպես արձագանքեցին, երբ տեղեկացան, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փոխել է մտադրությունը եւ հայտնի չէ՝ ինչ պատճառով շրջայց չի կատարելու քննակենտրոններով: Երեկ 4099 դիմորդ թեստերի հետ «կռվի» էին դուրս եկել ֆիզիկա առարկայից, ինչի համար ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ձեւավորվել էր 19 քննակենտրոն: «Առավոտը» զրուցեց դիմորդների հետ: Ալիսա Առաքելյանն ասաց. «Պարապել եմ կրկնուսույցի մոտ, քանի որ դպրոցի գիտելիքներով դժվար է բուհ ընդունվելը: Դիմորդի ինքնասպանությունից, անշուշտ, ազդվել եմ, բայց ինձ չի թվում, որ արժե գնահատականի համար ինքնասպան լինել»: Մուրադ Խալաթյանն էլ նշեց. «Եթե ցածր ստանամ, հաստատ ինձ վատ չեմ զգա, քանի որ սպասում եմ»:

Լրագրողները ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանին հիշեցրին, որ այս տարի հայոց լեզու եւ գրականություն առարկայի վերաբերյալ դժգոհությունները անցյալ տարվանից ավելի շատ են: Նա ասաց. «Պատկերը գրեթե նույնն է. ունենք 10 տոկոս կտրվողներ: Անցյալ տարվա քսանվեց 20 միավորի փոխարեն այս տարի գրանցվել է երկու 20: Իսկ թեստ գրողները լավ են պահել իրենց՝ թեստի բովանդակության գաղտնիության պահպանման առումով. նույնիսկ նրանց աշակերտները բարձր գնահատականներ չեն ստացել»: Մեր այն հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ թեստ գրողը նաեւ կրկնուսույց լինի, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ հանձնաժողովը ձեւավորվում է հունվարից հետո, ուստի սեպտեմբերին չենք կարող մասնագետին ասել՝ դո՛ւ ես այս տարվա թեստը գրելու, դիմորդ մի՛ վերցրու: Ի վերջո, դա ապրելու միջոց է, մյուս կողմից էլ չնայած շատ ենք քննադատում կրկնուսույցներին, բայց նրանք եւս ինչ-որ իմաստով ուսուցիչ են»:

Չնայած ծնողների մեծամասնությունը դժգոհում էր թեստերի բարդությունից, սակայն կազմակերպչական հարցերից գոհ են: Օրինակ՝ ծնող Երանուհի Մանուկյանն ասաց. «Ամեն ինչ նորմալ էր, ինչպես երեւում է մոնիտորից, երեխաները հանգիստ կարողանում են աշխատել»: Դիմորդներից մեկի՝ կենսաբանական գիտությունների թեկնածու պապիկը նկատեց. «Կենսաբանությունը բարդ առարկա է, դրա համար էլ երկու տարի պարապած դիմորդը չի կարողանում հաղթահարել թեստը, ուր մնաց միայն դպրոցի գիտելիք ունեցողը»: Ֆիզիկայի ուսուցչուհի մի տիկին էլ առաջարկում էր քննությանը տրամադրվող ժամանակը 3-ից դարձնել 4 ժամ ու «թեթեւացնել» թեստերը:

Թիվ 20 դպրոցի քննակենտրոնից դիմորդները դուրս էին գալիս ուրախ դեմքերով. առաջինը դուրս եկավ քննության ավարտից մեկ ժամ առաջ: Կարեն Քոսյանն «Առավոտին» ասաց. «Բոլոր առաջադրանքները հաղթահարել եմ, բավականին հեշտ էր, մեր անցածից: Կարծում եմ՝ բոլորը լավ կգրեն»: Իսկ ծնող Արաքսյա Մաթեւոսյանը սա կասկածելի է համարում. «Առանց այդ էլ 3 ժամը բավական չէ հարցաշարը լուծելու համար, ուղղակի չեմ իմանում պատճառը, բայց զերծ եմ մնում եզրակացություններից»: Դիմորդ Դավիթը նշեց. «Դիմորդներն օգնում էին իրար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել