Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԹԱՅԻՆ ԳՈՒԼ ՆԵՈՖՐՈՅԴԻԶՄ

Հունիս 09,2010 00:00

Թեստերը դեպի գուբի մայրը տանող խորդաշատ ուղի

Բան հասկացա՞ք այս վերնագրից: Ճիշտն ասած՝ ես էլ գրեթե ոչինչ չէի հասկանա, եթե հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստեր կազմողները ս.թ. հունիսի 4-ին մեծահոգաբար հայտնած չլինեին վերնագրում գործածված որոշ բառերի իմաստները: Խոսքը մեր մեջ, իրենք ինձ չէին հայտնում, այլ դպրոցի շրջանավարտներին կամ, որ նույնն է, բուհի դիմորդներին: Ավելի ճիշտ՝ ոչ թե հայտնում էին, այլ հարցնում, քանի որ համոզված են, որ բուհի դիմորդը կամ, որ նույնն է, դպրոցի շրջանավարտը այդ բառերի այդ իմաստները պիտի իմանար: «Լավ,- կարող եք հարցնել դուք,- իսկ ի՞նչ կապ ունի դրա հետ Զիգմունդ Ֆրոյդը»: Ես էլ չգիտեմ, բայց համոզված եմ, որ չէր կարող կապ չունենալ: Այդ կապը կարող է անտեսանելի կամ անըմբռնելի լինել ձեզ՝ շարքային ընթերցողներիդ, եւ ինձ՝ շարքային մասնագետիս համար, իսկ թեստը կազմողները գիտուն մարդիկ են, որ այդ անունը գրել են, ուրեմն կապ ունի, եւ վե՛րջ: Ինչու պետք է հատկապես հոգեբույժի անուն գրվեր՝ ինձ հասու չէ, բայց հավատում եմ, եւ դուք էլ հավատացե՛ք՝ եթե գրել են, ուրեմն մի բան գիտեն:

Բայց Ֆրոյդի մասին՝ ավելի ուշ: Հիմա նայենք «Հայոց լեզվի եւ հայ գրականության պետական ավարտական եւ միասնական քննության ուղեցույցը» (Գնահատման եւ թեստավորման կենտրոն, 2009): 6-րդ էջում գրված է, որ քննական առաջադրանքներում չեն ընդգրկվելու այնպիսի օրինակներ, որոնք «բարբառային, խոսակցական, հազվադեպ գործածվող, հնացած, նեղ մասնագիտական կամ դիպվածային են»: Բացենք քննական թեստերը: 1-ին եւ 3-րդ թեստերի 55-րդ հարցում գտնում ենք լառ եւ խաշամ բառերը, որոնցից առաջինը Է. Աղայանի՝ նույն ուղեցույցով հանձնարարված բառարանում ունի գվռ. (գավառական՝ բարբառային), երկրորդը՝ ժղ. (ժողովրդախոսակցական) նշումը: 2-րդ եւ 4-րդ թեստերի նույն հարցում տրված են բարբառային ուրթ եւ խոսակցական գուլ բառերը (այդ գնահատումները դարձյալ Է. Աղայանի բառարանինն են): Խոսում եմ միայն բառարանում համապատասխան նշում ունեցող բառերի մասին՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե քանի անգամ կարող էր դպրոցի շրջանավարտը հանդիպած լինել պարտասուն, ժպրհել (թեստեր 1 եւ 3), գուբ, կամկար (թեստեր 2 եւ 4) բառերին: Այլ կերպ ասած՝ քննական թեստերի բոլոր տարբերակների 55-րդ հարցում կոպտորեն խախտված են ուղեցույցի պահանջները, օգտագործված են չթույլատրված բառեր: Ենթադրում եմ, որ կասեն՝ լառ-ը Բակունցից պիտի իմանային: Եթե ասեն՝ կպատասխանեմ՝ Բակունցից դայի-ն ու բիբի-ն էլ պիտի իմանային. ինչո՞ւ դրանք էլ չեք դրել. թե՞ Դիլան դային եւ Մինա բիբին պակաս արժանավոր կերպարներ են: 1-ին եւ 3-րդ թեստերի նույն 55-րդ հարցում բերված է ոսկեման բառի բացատրությունը՝ «աստղերից հյուսված»: Գիտե՞ք, թե դա ինչ է. այդ բառի մի փոխաբերական իմաստի կեսը: Է. Աղայանը, Չարենցին հղելով, այդ իմաստը բացատրում է այսպես. «Ոսկեփայլ աստղերից՝ լույսերից հյուսված»: Պարզ է, որ տվյալ իմաստի մեջ վճռորոշ դեր կատարում է ոսկեփայլ բառը, որը նենգաբար ջնջված է բացատրությունից:

Նույնպիսի խախտումներ կան 56-րդ հարցում: 2-րդ եւ 4-րդ թեստերում գտնում ենք խորդ բառը՝ «կռունկ թռչունը» եւ «խութ» իմաստներով (ըստ Է. Աղայանի բառարանի՝ այս երկու իմաստներն էլ հնացած են, երկրորդը՝ նաեւ գրքային), ինչպես նաեւ առ բառը՝ «մինչեւ» իմաստով, որը կարող էր նաեւ հասկանալի լինել, բայց բառարանում ունի հին նշումը: Բայց սրանք ոչինչ են 1-ին եւ 3-րդ թեստերի համեմատությամբ: Բառարանը հույլ բառի համար տալիս է «խումբ, բազմություն» իմաստը, թեստում գրված է. «հույլ – աստղաբույլ»: Մրցանակակիրը մայր բառն է: Նրա իմաստներից մեկը «ծառատեսակ»-ն է (ըստ Է. Աղայանի բառարանի՝ «եղեւնի»): Պատկերացնու՞մ եք այն թեստագրին, որն ասում է. «Նոր տարվա համար արհեստական մայր եմ գնել, քանի որ բնականը շուտ փչանում է, տանում ենք, վառում»: Պարզվում է նաեւ, որ շրջանավարտը պիտի իմանա, որ մայր կարող է նշանակել «մթություն»: Իսկ որտեղի՞ց պիտի իմանա, եթե Է. Աղայանի հսկայական բառարանում այդ իմաստով բառը չկա: Դե՛, պարզ է, ամեն մի դպրոցականի սեղանի գրքից՝ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»: Հոգ չէ, որ Աճառյանը այս արմատի վերաբերյալ ասում է. «Անկախորեն չի գործածվում» (հ. III, էջ 248): Հազիվ բառ են գտել. ինչպե՞ս չօգտագործեն:

Քննական թեստի բոլոր տարբերակներում 38-րդ հարցը վերաբերում է «հայագիտության օտարազգի երախտավորներին»: Այդպիսի հարց առաջադրելու հոգեբանական հիմքը միանգամայն հասկանալի է. քննական թեստերը կազմողները տոգորված են եղել այն գիտակցությամբ, որ իրենք իրենց ազգանվեր գործունեությամբ մեծ հայագետների գործի ուղղակի եւ արժանավոր շարունակողներն են: Բայց ո՞ր առարկայից է այս հարցը, ինչպե՞ս եւ ինչի՞ հիման վրա է կազմված: 10-րդ դասարանի դասագիրքը որոշ օտարազգի հայագետների մասին տեղեկություններ է տալիս. շնորհակալությո՛ւն դասագրքին. իհարկե, թող աշակերտները գոնե ինչ-որ պատկերացում ունենան նրանց մասին: Բայց դրանք լրացուցիչ տեղեկություն են եւ ոչ թե ծրագրային դասանյութ: Ուղեցույցը 38-րդ հարցի բովանդակությունը սահմանում է որպես «ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվի մասին» (էջ 4): Հայոց լեզվի, այլ ոչ թե հայագետների: Ուղեցույցի պահանջից շեղումը բացահայտ է: Եվ հետո՝ ինչպե՞ս է ստուգվում այդ գիտելիքը: Ահա եւ Ֆրոյդին հանդիպեցինք: Շրջանավարտ-դիմորդը պիտի ենթադրի, որ իրեն ասված անուններով սահմանափակվում է օտարազգի հայագետների շարքը, որ Ֆ. Մյուլլեր եւ Զ. Ֆրոյդ անուններով հայագետներ չեն եղել: Իսկ դրա ի՞նչ երաշխիք ունի դպրոցն ավարտողը: Թե՞ նա պիտի իմանար, որ Զ. Ֆրոյդը ավստրիացի հոգեբույժ է. սա է՞լ է հայոց լեզվի իմացության ստուգում: Հայոց լեզվի մասին ընդհանուր գիտելիքներից ինչ-որ բան 1-ին եւ 3-րդ թեստերում, Աստված գիտի ինչու, հայտնվում է 75-րդ հարցում՝ ոճաբանությանը խառնված:

1-ին եւ 3-րդ թեստերի 57-րդ հարցը վերաբերում է համահունչ համանուններին, ինչը արգելված է ուղեցույցով (էջ 5): Բայց դա դեռ ոչինչ. Գիտե՞ք՝ այս դեպքում ինչու է խախտել ուղեցույցի պահանջը: Չե՜ն իմացել, որ ախտ եւ աղտ բառերը համանուններ են, կարծել են՝ հարանուններ են, եւ այդ սխալ պատասխանն էլ տվել են որպես ճիշտ լուծում: 10-15 միավոր ստացած շրջանավարտներից շատերին զարմացրել էին այս, թող թույլ տրվի ասել, մասնագետները: Տեսնես իրենք քանի՞ միավոր կստանային:

(Մի մութ կասկած է սողոսկում միտքս. կարո՞ղ է՝ մասնագետ բառը նշանակում է մասնակի գիտելիքներ ունեցող, գիտության մի մասը իմացող):

Քննական թեստերում քիչ չեն այն հարցերը, որոնք լուծում չունեն:

Բոլոր տարբերակների 27-րդ հարցերն այդպիսին են: Թեստ կազմողներին (կամ կազմողին. չգիտեմ էլ՝ մե՞կ կազմող է եղել, թե՞ կազմողներ, դրա համար էլ անորոշ հոգնակիով եմ գրում. լավ կլիներ՝ մեկը եղած լիներ. այս որակից ու մակարդակից ինչքան քիչ լինի, այնքան լավ) թվացել է, թե իրենք շաղկապն ու դերանունը տարբերում են, բայց բոլոր նախադասությունները հարաբերական դերանուններով են տվել: Ախր դա հեշտ էր ստուգել, այնքա՜ն ձեւեր կան: Կարելի էր անձնական դերանվան տեղում գոյական դնել, կարելի էր տեսնել, որ փոխակերպման ժամանակ հարակատար դերբայ է ստացվում, մինչդեռ շաղկապի դեպքում անորոշ դերբայ պիտի լիներ, ի վերջո, կարելի էր մի գիրք բացել ու չիմացածը սովորել: Լուրջ գիտական գրքերը հասկանալը դժվար էր՝ գոնե բացեին 8-րդ դասարանի դասագիրքը, որի 54-րդ էջում պարզ գրված է, որ բացահայտիչ ստորադաս նախադասությունը գերադասին կապվում է հարաբերական դերանունով: Շրջանավարտը մեղավո՞ր է, որ ինքը դասագիրքը կարդացել է, թեստ կազմողը՝ ոչ:

62-րդ հարցում պարզվում է, որ պակասավոր բայերը շատ լավ էլ կանոնավոր են. մի երկու ձեւ չունեն, գլուխները քարը, կասենք՝ անկանոն չեն, կանցնի-կգնա: Պակասավորությունը անկանոնության դրսեւորումներից մեկն է. յուրահատուկ անկանոնություն է, այդ պատճառով էլ հատուկ անվանում է ստացել: Դասագիրքը առկախ է թողնում անկանոն եւ պակասավոր բայերի փոխհարաբերությունը, բայց եւ, բնականաբար, չի հակադրում դրանք իրար: Ինչպե՞ս հակադրի, օրինակ, եմ կամ կենալ բայերը անկանոններին: Կամ թեստերում ոչ անկանոն համարված կամ բայը. եթե այդքան կանոնավոր է, թող վերջավորությունը հանեն, հիմքը ասեն, մենք էլ, շրջանավարտներն էլ համոզվենք, որ շատ սովորական բայ է: Ի դեպ, նախորդ դասագրքում հստակ ձեւակերպում կա. «Պակասավոր անկանոն բայերի խոնարհումը» վերնագրով հատվածում գրված է. «Այս բայերի պակաս ձեւերը լրացվում են այլ բայերով, որի համար սրանք դիտվում են որպես անկանոն բայեր» (Է. Աղայան, Հ. Բարսեղյան, Հայոց լեզու. դասագիրք 5-7-րդ դասարանների համար, Եր., 1989, էջ 253): Եվ այսպես՝ 62-րդ հարցի բոլոր չորս նախադասություններում անկանոն բայեր կան:

1-ին եւ 3-րդ թեստերի 72-րդ հարցի առաջարկվող լուծումը սխալ է: Առաջարկվում է 4 թվի տեղում բութ դնել, 3-ի տեղում՝ երեւի ստորակետ: Ինչի՞ համար է այդ բութը: Ստորոգյալի զեղչմա՞ն: Վերականգնենք զեղչված կան ստորոգյալը. կստանանք. «…երկու բաղնիք, երկուսն էլ կան ասիական»: Ոսկեղենիկ հայերեն է, խոսք չկա: Հետադաս որոշիչը չեն ճանաչել, փորձել են առանձին նախադասություն համարել, ստացվել է անգրագետ նախադասություն, որով «գրագետները» գրագիտություն են ստուգում: Բա ինչո՞ւ չէին նույն տրամաբանությամբ 8-ի տեղում էլ ստորակետ դնում, շալակին բառից հետո՝ բութ: Նույն հետադաս որոշիչն է ախր: Ճիշտ լուծման մեջ 3-ի տեղում բութ պիտի լիներ, 4-ի տեղում՝ ոչինչ: Բայց 2, 3, 5, 6, 8, 9, 10 միակ հնարավոր ճիշտ լուծումը առաջարկվող տարբերակներում չկա: Ի դեպ, եթե իրենց լուծումը ճիշտ լիներ, հարցը երկու լուծում կունենար, որովհետեւ եւս մեկ պատասխանում իրենց պատասխանի թվերն են նշված՝ բացի մեկից:

(Մասնագետ բառի իմաստի վերաբերյալ կասկածներս քանի գնում, խորանում են եւ ամրապնդվում):

Տարակուսելի է 1-ին եւ 3-րդ թեստերի 10-րդ հարցի անտառտնտեսություն լուծումը, որը, իհարկե, հապավում է, սակայն, ըստ Է. Աղայանի բառարանի՝ սխալ ձեւ է (ճիշտը՝ անտառատնտեսություն): Ստացվում է, որ ճիշտ լուծումը սխալ բառ է: Մտածում ես՝ լավ, էս խեղճ հայերենում էլ հապավում չկա՞ր:

56-րդ հարցի լուծման բացակայության մասին արդեն ասվել է. իրենց հորինածը, բարբառային կամ հազվադեպ հանդիպող բառերը, բառարանային բացատրության աղճատումը միացնելով սարքված լուծում են առաջարկում:

2-րդ եւ 4-րդ թեստերի 12-րդ հարցի պատասխանում ամենեւին-միանգամայն զույգը համարված է հականիշների զույգ: Բացում ենք Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը» եւ 33-րդ էջում կարդում ամենեւին բառի բացատրությունը. «Ամեն տեսակետից, միանգամայն, բոլորովին»: Ուզում են ասել, որ բառը իր հականիշո՞վ է բացատրված: Թե՞ ուզում են ասել, որ հականիշն ու հոմանիշը նույնն են, ինչպես համանունն ու հարանունը: Այս առաջադրանքում հականիշներից կազմված շարք չկա. որտեղի՞ց այն գտնի շրջանավարտը:

(Ժամանակն է բացականչելու՝ «պարտասու՜ն» եղա այս «գուլ» թեստերից):

2-րդ եւ 4-րդ թեստերի 69-րդ հարցի «ճիշտ» լուծումից պարզվում է, որ եկեղեցիների մոտ ոչ թե խաչքարեր են դրվում, այլ նմուշներ: Շարադասության դրանից էլ կոպիտ խախտու՞մ: Անարգանքի սյունին գամված ծառաշատ քաղաքային այգին դրա կողքին ի՞նչ է որ: Գուցե թեստ կազմողները գլխի չընկնեն, ուստի ստիպված գրում եմ, թե ինչպիսին պիտի լիներ ճիշտ շարադասությունը. «Հայ արվեստի ինքնատիպ նմուշ է խաչքարը, որ դրվում է հիմնականում եկեղեցիների մոտ»: Չորս սխալ նախադասություններից որի՞ն պիտի նախապատվություն տա շրջանավարտը: Որին պատահի՞: Իսկ եթե թեստը կազմողներին ուրի՞շն է պատահել: Ինչպե՞ս իմանար շրջանավարտը, թե անգրագիտության եւ կամայականության այս թնջուկից (56-րդ հարցի՝ հովանոցազգիների ընտանիքին պատկանող բույսը նկատի չունեմ, այլ մյուս իմաստը) ինչ ընտրի:

Անհնար է լուծել թեստերի 2-րդ առաջադրանքները՝ ճշգրիտ հետեւելով պահանջին. «Ո՞ր շարքի բոլոր բառերում ուղղագրական սխալ չկա»: Ոչ մի շարքի բոլոր բառերում էլ ուղղագրական սխալ չկա: Հետեւաբար չորս շարքերն էլ ճիշտ պատասխաններ են: Տրված պատասխանից դատելով՝ կարելի է ենթադրել, որ պիտի տրվեր «Ո՞ր շարքի բառերում ուղղագրական սխալ չկա» կամ «Ո՞ր շարքի ոչ մի բառում ուղղագրական սխալ չկա» հարցը: Բայց մենք դա կարող ենք ենթադրել միայն պատասխանի հիման վրա: Իսկ քննություն հանձնողները պատասխանը չեն ունեցել, որ գլխի ընկնեին, թե ինչ հարց են ուզել իրենց տալ, բայց չեն կարողացել: Այն, որ բոլորում չկա նշանակում է «ոչ բոլորում կա» եւ ոչ թե «ոչ մեկում չկա», հեշտ է տեսնել այսպիսի նախադասություններում. «Դեռ բոլոր հյուրերը չէին եկել» (այսինքն՝ հյուրերի մի մասն էր եկել), «Հյուրանոցի բոլոր համարները զբաղեցված չեն» (այսինքն՝ հյուրանոցի համարների մի մասն է զբաղեցված):

Անլուծելի է նաեւ 1-ին եւ 3-րդ թեստերի 22-րդ հարցը. ոչ մի շարքում չկան միայն առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններ. տրված շարքի այսչափ եւ որքա՞ն դերանունները ցույց են տալիս նաեւ գործողության հատկանիշ: Եվ դարձյալ, պատասխանից ելնելով, կարելի է գուշակել, որ հարց տվողները նկատի են ունեցել «Ո՞ր շարքում են գրված միայն այնպիսի դերանուններ, որոնք ցույց են տալիս առարկայի հատկանիշ» հարցը: Նկատի են ունեցել դա, բայց տվել են ուրիշ հարց, իսկ թե ինչու, արդեն պարզ է. չեն կարողանում հարցը ճիշտ ձեւակերպել: Իրենց ձեւակերպումով հարցը պատասխան չունի:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել