Լրահոս
Օրվա լրահոսը

Ժանտախտի դեպքերն ավելացել են

Հունիս 09,2010 00:00

Այս տարվա մարտի 6-ից մինչեւ մայիսի 25-ը «Առավոտում» վեց հրապարակում եղավ Հայաստանի հյուսիսում եւ արեւմուտքում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքերի մասին: Համաճարակը սկսվեց Տավուշից, տարածվեց դեպի Լոռի եւ Գեղարքունիք: Ու թեեւ պատկան կառույցները հավաստիացնում էին, թե ամեն ինչ արվում է համաճարակը կանխելու համար, հունիսին Լոռու մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքերը աճել են: Մարտ-հունիս ամիսներին 88 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ Դեբեդ, իսկ մնացածը՝ Դսեղ համայնքում: Վերջին ահազանգը Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական Լոռու մարզային պետական տեսչությունում հնչել է հունիսի 4-ին: Ըստ տեսչության պետ Համլետ Վիրաբյանի, հիվանդությունը սեզոնային բնույթ է կրում եւ ավելի շատ տարածվում է գյուղացիների անփութության պատճառով: Մարզի հատկապես անտառամերձ բնակավայրերի գյուղացիները, չնայած պատկան կառույցների հորդորներին, չեն ուզում խոզերին վերադարձնել փակ տարածք՝ գոմ, որովհետեւ այնտեղ պահելը լրացուցիչ ծախսերի հետ է կապված՝ անասնակերը թանկ է: Ու նաեւ՝ արդեն հիվանդ կենդանիներին հարկադիր սպանդի չեն ենթարկում: Դեպքեր են գրանցվել, որ հիվանդ խոզ ունեցող գյուղացին նույն հագուստով գնացել է հարեւանի գոմ: Վերջերս էլ Դսեղ գյուղի բնակիչներից մեկը իր խոզերին արածեցնելու է տարել, չիմանալով, որ հենց այդ տարածքում է գտնվում հարկադիր սպանդի ենթարկված խոզերի գերեզմանոցը: Մասնագետները հիվանդության տարածման աղբյուր են համարում նաեւ անտառում վայրի խոզերի հետ շփումը:

Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը Դսեղ ու Դեբեդ գյուղերը փակ տարածք հայտարարելուց, գոմերում սանիտարական մաքրում իրականացնելուց բացի, փորձում է անտառում գայլի բաժին դարձած, հոշոտված անասունների լեշերը հավաքել, որ վարակը չտարածվի: Անտառը վարակազերծելը դեռեւս հնարավոր չէ:

Լոռու համայնքներում վերջին մեկ ամսում խոզի միսը 500-800 դրամով էժանացել է: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացրին, որ մսի էժանացումը սեզոնային է եւ կապված չէ որեւէ հիվանդության հետ: Բայց ամեն դեպքում, անասնաբույժները բնակչությանը խորհուրդ են տալիս գնել միայն կնքված միս, ինչը վկայում է, որ մթերքը ստուգված է:

Ըստ անասնաբույժների, խոզերի աֆրիկյան ժանտախտի 2007 թվականի բռնկումից հետո (Լոռու 24 համայնքներում)՝ խոզաբուծությամբ զբաղվելը դեռ վաղ էր: Առնվազն 3 տարի էր պետք համաճարակի հետեւանքներն ամբողջությամբ մարելու համար: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ մարզում խոզերի գլխաքանակը 9525 է, նախորդ տարվա համեմատությամբ՝ 3560-ով ավելի: Դսեղում՝ 365, որից 87-ը մայր խոզերն են, Դեբեդի 192 խոզերից 34-ն է մայր: Մարզի գյուղատնտեսների կարծիքով, թեկուզեւ աֆրիկյան ժանտախտի պատճառով արտակարգ իրավիճակ է, սակայն դրությունն առայժմ հանգիստ է, բռնկում չի սպասվում:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Տավուշում հարկադիր ոչնչացվել է մոտ 350 գլուխ խոզ, Լոռիում՝ ավելի քան 100:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել