Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղաբուրջ

Հունիս 09,2010 00:00

Կապանի թաղամաս ու Կապանից կտրված

Կապանի կենտրոնից մոտ 4 կմ հեռավորության վրա գտնվող Բաղաբուրջ ծայրամասային թաղամասում ո՛չ դպրոց կա, ո՛չ էլ մանկապարտեզ: Թաղամասն ավելի շատ գյուղ է հիշեցնում՝ բնակիչները զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ: Այստեղի երեխաները դպրոց հաճախելու համար ստիպված ամեն օր երկար ճանապարհ են անցնում: Մանկապարտեզահասակ երեխաների համար խնդիրն ավելի լուրջ է, քանի որ նրանք քաղաքի մանկապարտեզներ չեն գնում: Ներկայումս այստեղ 26 նախադպրոցական տարիքի երեխա է ապրում, որ անգամ խաղալու համար անհարժեշտ խաղահրապարակ չունի: Ավելի ճիշտ՝ չունեին: Տեղաբնակ գործարար Արայիկ Գասպարյանը իր միջոցներով Բաղաբուրջի երեխաների համար խաղահրապարակ է կառուցել՝ փոքրիկ կարուսելներով:

Մեզ հետ զրույցում Արայիկ Գասպարյանն ասաց, որ կշարունակի իր բնակավայրի համար նման ծրագրեր իրականացնել: Արայիկը արցախյան ազատամարտին է մասնակցել, վիրավորվել: «Մեր Բաղաբուրջում նաեւ բաղաբուրջեցի զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշակոթող եմ կառուցել, դեպի սարը տանող ճանապարհն եմ նորոգել, բայց ես դեռ շատ անելիքներ ունեմ, այսքանով չեմ սահմանափակվի»,- ասում է մեր զրուցակիցը:

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, դրական գնահատելով Արայիկի նման քայլը, ասաց, որ քաղաքապետարանի միջոցներով առաջիկայում Բաղաբուրջի ակումբը կնորոգվի:

Բաղաբուրջի թաղային լիազոր Գագիկ Հովսեփյանը նկատեց, որ հեռավոր թաղամասում խնդիրներ շատ կան, բայց ամենամեծը՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհն է: Ավելին՝ Կապանի հեռավոր այս թաղամաս սպասարկող տրանսպորտ չկա: Մեծահասակներն ու դպրոցականները քաղաք իջնում են մեծամասամբ ոտքով, իսկ Բաղաբուրջ վերադառնում՝ տաքսիներով: «Ոչ բոլորը մեքենա ունեն, մեկ-մեկ մեր համագյուղացիների մեքենաներով ենք իջնում կամ բարձրանում քաղաքից, բայց միշտ չէ, որ ժամերը համընկնում են: Հիմնականում ոտքով ենք իջնում, բայց աշխատանքից հետո հոգնած ենք լինում եւ ի վիճակի չենք լինում ոտքով բարձրանալ, ստիպված մի քանի գյուղացիներով հավաքվում ենք ու տաքսի վերցնում: Տաքսիստներն էլ թանկ են վերցնում, ասում են՝ ճանապարհը վատն է, մեր մեքենաները փչանում են, դրա համար էլ ավելի գումար ենք վերցնում»,- ասում են կանգառում հավաքված բաղաբուրջեցիները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել