Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵՑՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾԱՆՈՒՑՄԱՆ

Հունիս 09,2010 00:00

Էջմիածինցիները մեղադրում են հարկայինին, քաղաքապետարանը պնդում է, որ անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից:

Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այս օրերին տուն առ տուն ընկած՝ հիշեցման թերթիկներ էին բաժանում «սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն (բնակչին- Մ. Ա.) պատկանող հողատարածքի՝ հողի հարկի գծով հարկային պարտավորությունների մասին»: Խոսքը տնամերձ հողակտորներին է վերաբերում, որի դիմաց հարկ վճարելու մասին բնակիչները տեղեկացել են հենց հիշեցման թերթիկից:

Առանց ծանուցման հիշեցնող քաղաքապետարանը բնակիչներին առաջարկում է վճարել մի քանի տարիների կուտակած պարտքերը՝ տույժերն էլ վրան: Տնամերձ հողի հարկման մասին գաղափար անգամ չունեցող, բնականաբար՝ այդ հարկատեսակը երբեւէ չվճարած քաղաքացիների համար անհասկանալի այս հիշեցումը տարաբնույթ մտորումների տեղիք է տվել: Ոմանք այն վերագրում էին գյուղատնտեսական նշանակության հողի հարկին, վարելահող չունեցողների կարծիքով էլ՝ կատարվածը շփոթմունք է: Մնում էր հիշեցման թերթիկներով ներկայանալ քաղաքապետարան՝ պարզաբանումներ ստանալու: Տեղեկանք ստանալու համար քաղաքապետարան դիմած տիկին Մարիետան ասաց, որ իրեն մերժել են տեղեկանք տալ, պատճառաբանելով, թե տնամերձ հողի հարկի պարտք ունի, ինչի մասին էլ հենց քաղաքապետարանը հիշեցրել է բնակիչներին:

Իրականում, այս հարկատեսակը գործում է 2003 թվականից, իսկ դրա հարկման պարտավորությունը մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը վստահվել է հարկային մարմիններին: 2009թ. հունվարից այս հարկի հավաքագրումը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Հարկայինը չի զլացել ու ՏԻՄ-երին տեղեկացրել է, որ տարիների ընթացքում բնակիչները հսկայական պարտքեր են կուտակել, սակայն պարզ չէ, թե ում մեղքով: Հարկայինը չի՞ փորձել հավաքել, թե՞ բնակիչներն են անտեսել հարկայինի հորդոր-պահանջները: «Բազան 2009 թվականին քաղաքապետարանին է հանձնվել հենց տույժերով, ինչի մասին էլ հիշեցման թերթիկներով իրազեկել ենք բնակիչներին»,- ասացին Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնում:

Էջմիածինցիները զարմանում են ու նկատում, որ քաղաքապետարանը նախ պետք է բնակիչների իրազեկության հարցը հոգար, որից հետո միայն պահանջներ ներկայացներ: Մինչդեռ, քաղաքապետարանը գործը վերջից էր սկսել եւ ֆիզիկական անձանց մի կլորիկ գումար վճարելու թերթիկ ներկայացրել: Բնակիչները դժգոհ են նաեւ հարկային մարմինների, իրենց խոսքով, անբարեխիղճ աշխատանքից, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անհարմար դրության մեջ: «Անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից»,- ասացին քաղաքապետարանի լրատվականում: Իսկ հարցին, թե հիշեցումից առաջ չէ՞ր կարելի, արդյոք, ծանուցել, պատասխանեցին՝ տարբերությունը ո՞րն է: Նկատենք, որ, ըստ հայերենի բացատրական բառարանների, «ծանուցել»՝ նշանակում է տեղեկացնել, տեղյակ պահել, իսկ «հիշեցնել»՝ արդեն իմացածը, ասածը, տեղեկացրածը կրկին ասել, կրկին տեղեկացնել:

Ակամա պարտքերի եւ տույժերի տակ հայտնված Եվգենյա Գրիգորյանը հարցրեց. «Ես մեղավո՞ր եմ, որ մինչեւ հիմա ինձ չեն ասել, որ նման հարկ գոյություն ունի: Եթե էս յոթ տարվա մեջ մի անգամ ուզեին՝ կիմանայի: Բայց չեն ուզել. որտեղի՞ց պիտի իմանայի: Հիմա էլ, իբր հիշեցնում են, թե անցած տարիների պարտքեր ունեմ, տույժն էլ՝ վրադիր: Ես ու ամուսինս թոշակառու ենք: Տանը երկուսով ենք ապրում: Հավատացեք, երկուսիս թոշակը ստանալուն պես՝ առաջինը հարկ ու տուրքերն ենք փակում, որովհետեւ պետությանը պարտք մնալ չենք սիրում: Է, որտեղ բոլոր հարկերը, այնտեղ էլ՝ տնամերձի հարկը կմարեի, եթե իմանայի: Ինչի՞ պիտի թողնեի՝ այդքան կուտակվեր, որ հիմա՝ իմ ու ամուսնուս մի ամսվա թոշակը տանք ու դատարկ նստենք»,- ասաց Եվգենյա Գրիգորյանը, հուսալով, որ պարտքը մարելով՝ կազատվի տույժ ու տուգանքը վճարելու պարտականությունից: Քաղաքապետարանից ասացին, որ իրենք գույքահարկի տույժը զիջելու իրավունք ունեն, հողինը՝ ոչ. դա իրենց իրավասությունից դուրս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել