Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

Հունիս 09,2010 00:00

Երեկ առավոտյան Գյումրու Խրիմյան Հայրիկի 59 շենքի բնակիչները՝ մեծ ու փոքրով, թվով 22 մարդ, կրկին բռնեցին Երեւանի ճանապարհը: Նրանք փորձում են պաշտպանել իրենց դատը, պահպանել իրենցից խլվող՝ 32 տարի տնօրինած բնակարանները, որ երկրաշարժից հետո իբր վթարային լինելու պատճառաբանությամբ համապատասխան մարմինները չեն սեփականաշնորհել, չնայած մինչեւ օրս ամրացման ոչ մի աշխատանք էլ չի տարվել: Խնդրին բազմիցս անդրադարձել է տեղական մամուլը, ինչպես նաեւ «Առավոտը» (1 հունիսի 2010թ., «Որտե՞ղ փնտրել արդարությունը»): Մոտ 8 տարի է, ինչ գյումրեցիները դատարանների ու բարձրաստիճան պաշտոնյաների դռներին են, սակայն հարցին արդարացի լուծում չի տրվում:

Երեկ նրանք Մելիք Ադամյան փողոցում՝ ԱԺ նիստերի դահլիճի առջեւ նստացույց արեցին, հույս ունենալով ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրել կուլ չգնացող անարդարության վրա, մի անգամ եւս բարձրաձայնելով Գյումրիում 22.04. 02թ. կատարված աղաղակող իրողությունը: Ժամը 11 անց 15 րոպեին խաղաղ ցուցարարներին եւ նրանց լուսանկարող լրագրողներին փորձում էին խանգարել քաղաքացիական հագուստներով մի քանիսը, նրանցից առավել ակտիվ էր 55-60 տարեկան, խիստ հագուկապով տղամարդը, ում անունն էր Սաշիկ: Գյումրեցիները բարձր էին պահել ցուցապաստառները, որպեսզի ընթեռնելի լիներ ասելիքը՝ «Ինչու՞ է կառավարությունը պարտակում կեղծ գործարքը», «Գյումրիի մեր բնակարանները ոչ ոքի չենք տա, սեփականաշնորհեք 32 տարի տնօրինած մեր բնակարանները», «Մենք այստեղից չենք հեռանա, մինչեւ հարցին լուծում չտրվի», «Մենք՝ երեխաներս, հացադուլ ենք հայտարարում, մինչեւ չլուծվի մեր բնակարանների խնդիրը»……

Գյումրեցիներն իրենց նստացույցը շարունակեցին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նստավայրի առջեւ:

Մենք կապվեցինք ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ՝ իմանալու նախորդ քառօրյային խնդրո առարկայի շուրջ կառավարությանը ներկայացրած նրա հարցապնդման պատասխանը, սակայն երեկվա դրությամբ պատասխանը դեռ չէր ստացվել: Հուսանք, որ այսօր ավանդական հարց ու պատասխանը կսկսվի այս հարցով, քանզի թույլատրելի 14 օրը վաղուց սպառվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել