Լրահոս
Օրվա լրահոսը

10-ի գործում՝ նոր փաստաբան

Հունիս 09,2010 00:00

Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով տեղի ունեցավ փաստաբանի փոփոխություն՝ Արմեն Նիկողոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանին այսուհետեւ կփոխարինի փաստաբան Հովհաննես Գալյանը։ Հունիսի 7-ի դատական նիստում գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Վ. Գեւորգյանի գրությունը, ըստ որի՝ ինքն ավտովթարի է ենթարկվել, բուժում է ստանում, չի կարող առաջիկայում մասնակցել դատաքննությանը, ուստի խնդրում է իր փոխարեն գործում որպես Ա. Նիկողոսյանի պաշտպան ներգրավել Հ. Գալյանին։ Վերջինս, ի դեպ, ստանձնեց ամբաստանյալի պաշտպանությունը՝ առանց գործի նյութերին ծանոթանալու համար ժամկետ խնդրելու։ Փոփոխություն կրեց նաեւ դատական նիստերի հաջորդ ամսվա ժամանակացույցը՝ հուլիսի 2-ից հետո կանցկացվի շաբաթական երկու նիստ՝ մեկի փոխարեն։ Դատարանն այս մասին որոշում ընդունեց՝ հաշվի առնելով ամբաստանյալ Արա Կարապետյանի համապատասխան խնդրանքը։ Ամբաստանյալը դատարանում դժգոհեց, որ շաբաթական մեկ նիստ է անցկացվում, այն էլ որոշ դեպքերում հետաձգվում է այս կամ այն պատճառով։ Ընթացիկ ամսում գործով մեղադրող Հովսեփ Սարգսյանի զբաղվածության պատճառով ժամանակացույցի փոփոխությունը կկատարվի հաջորդ ամսից։

Դատարանում, ինչպես եւ սպասվում էր, հրապարակվեցին երկու տուժող զույգերի նախաքննական ցուցմունքները, տուժողները նշել էին, որ առողջական պատճառներով չեն կարող ներկայանալ դատարան, խնդրելով որպես հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները։ Մասնավորպես, Արմեն Ավետիսյանի հայր Արտաշես Ավետիսյանն իր ցուցմունքում հստակ նշել էր, որ իրենց տուն ներխուժածները 5-ն էին, որոնցից մեկը դիմակով չէր, բոլոր 5-ը զինված էին։ Տուժողը նշել էր, որ տեսել է առանձնատան անվտանգության աշխատակից Նորիկ Մովսիսյանին՝ գլխի վնասվածքով, ներխուժողները ասում էին՝ «չշարժվեք՝ կկրակենք», երկուսը մնացել էին իր, կնոջ եւ Ն. Մովսիսյանի հետ, իսկ երեքը թոռան՝ Արտաշես Ավետիսյան կրտսերի հետ բարձրացել էին երկրորդ հարկ, որտեղ գտնվում էր չհրկիզվող պահարանը։ Ապա, ըստ տուժողի, տեսել է երեքին իջնելիս՝ ձեռքներին մի պայուսակ՝ ավարով։ Ըստ տուժողի կնոջ՝ Քնարիկ Սահակյանի տպավորության, «ամբողջ օպերացիան» տեւել է 20-25 րոպե։ Տուժողը նշել էր նաեւ, որ «հյուրերը» իր թոռից պահանջում էին բացել չհրկիզվող պահարանը, սակայն նա պատճառաբանելով, որ կոդը չգիտե, չէր բացել այն։

Հրապարակվեցին նաեւ «Գրավ» ՍՊԸ տնօրեն Համլետ Հարությունյանի եւ նրա կնոջ՝ Սուսաննա Հարությունյանի նախաքննական ցուցմունքները։ 2009թ. հունվարի 26-ի առավոտյան խմբի անդամները եկել էին Հարությունյանների տուն, ձեռքով փակել դուռը բացած Համլետ Հարությունյանի բերանը, հրել դեպի ներս, պահանջել՝ «ինչ ունես, բեր»։ Լողասենյակից ավելի ուշ դուրս եկած Սուսաննա Հարությունյանն ականատես էր եղել, թե ինչպես իր ամուսնուն տապալել են գետնին, սպառնացել, այդուհանդերձ, «այցելությունը այցելուների համար» անհաջողությամբ էր ավարտվել, նրանք բնակարանը լքել էին փաստորեն ձեռնունայն։ Ըստ մեղադրական եզրակացության, նրանք Համլետ Հարությունյանի գրպանից հափշտակել էին 10-15 հազար դրամ եւ հեռացել։

Դատարանը անցավ վկաների հարցաքննությանը, բոլոր 4 վկաները առնչվում էին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի տարածքում Վաղարշակ Վարդեւանյանի վարձակալած թիվ 5 վաճառասրահից ոսկեղենի հափշտակության դրվագին, ընդ որում, վկաներից երկուսը՝ Վահե Մարգարյանը եւ Սերգեյ Մանուկյանը ականատես են եղել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ ներկայացած երեք անձանց գործողություններին։ Ըստ նրանց դատաքննական ցուցմունքների՝ «այցելուներից» մեկը մնացել էր իրենց հետ, Վահե Մարգարյանին հրահանգելով ոսկյա զարդերը ցուցափեղկերից «տեղափոխել» պայուսակի մեջ, պահանջելով անջատել բջջային հեռախոսները եւ կանգնել դեմքով դեպի պատը։ Մյուս երկու «ԱԱԾ-ականները» Վ. Վարդեւանյանի հետ անցել էին կից սենյակ, որտեղ գտնվում էին չհրկիզվող պահարանները։ Վկաները «այցելուների» մոտ զենք չեն տեսել եւ այդ պահին մտքներով չի անցել, որ տեղի ունեցողը հանցագործություն է։ Ամեն ինչ պարզվել է, երբ վերադարձել է Վ. Վարդեւանյանը՝ ակներեւ հարվածից այտուցված շրթունքով եւ պատմել եղելությունը։ Ըստ վկաների, այցելությամբ պատճառված վնասը կազմել է 80 մլն դրամ։

Ոսկու շուկայի անվտանգության աշխատակից Անդրեյ Գաբրիելյանը հաստատեց իր նախաքննական ցուցմունքները, որտեղ նա հայտնել էր, որ տեսել է շուկայի մուտքի մոտ անհաջող կայանած մի մեքենա, ապա տարածք մտնելով՝ իմացել, որ Վ. Վարդեւանյանի վարձակալած տաղավարում «օպերատիվ ստուգում է կատարվում», իսկ դատաքննական ցուցմունքում վկան նշեց, որ խոսքը Վարդեւանյանի մեքենայի մասին էր։ Որոշակի թյուրըմբռնում առաջացավ նաեւ «ձեռքերը ոլորելով տարան դեպի մեքենան» արտահայտության կապակցությամբ. վկան պարզաբանեց. Վ. Վարդեւանյանին «ուղեկցեցին» ձեռքերը մեջքին պահած, աջ ու ձախ կողմից թեւանցուկ արած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել