Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ի դատական գործընթացները

Հունիս 09,2010 00:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հրատարակել է «Տեղեկատվություն ստանալու իրավունք. դատական գործերի ժողովածուն»: Ժողովածուն երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն:

Գրքում ներկայացվել են ՀՀ-ում 2007-2010թթ. ընթացած եւ ավարտված դատաքննությունները: Թվով 17 դատական գործ, որից մեկն առաջին անգամ լսվել է ՀՀ Սահմանադրական դատարանում: ԻԱԿ-ը նշված ժամանակահատվածում դատի է տվել Հրազդանի քաղաքապետարանին, Նոր Նորքի, Արաբկիրի, Դավիթաշենի թաղապետերին եւ թաղապետարաններին, Զարթոնքի, Փարաքարի, Ելփինի, Բջնիի, Լենուղու, Տալվորիկի գյուղապետերին եւ գյուղապետարաններին:

Տեղեկատվություն չտրամադրելու, ըստ այդմ՝ օրենքի պահանջը չկատարելու համար ԻԱԿ-ը դատարան փորձեց բերել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությանը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը (ՀԱՍԿ-ին) եւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքին:

Ըստ ԻԱԿ-ի պատասխանատու, բանասիրական գիտությունների թեկնածու Շուշան Դոյդոյանի, 17 գործերից 11-ի դեպքում իրենք պահանջել են վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին: Միայն Ելփինի գյուղապետի դեպքում է դատարանը բավարարել այդ հայցապահանջը: 17 գործից 5-ի դեպքում ԻԱԿ-ի հայցը չի բավարարվել:

Ուշագրավ վիճակագրություն է ներկայացված գրքի նախաբանում: Մինչեւ 2003թ.-ն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումը, 2001-2003թթ. տեղեկատվության ազատության վերաբերյալ 6 դատական գործ է լսվել: 2-ի դեպքում հայցապահանջը բավարարվել է մասնակի, 4 գործ ավարտվել է պարտությամբ: 2003-2006 թթ. լսվել է 11 դատական գործ, որից 10-ը ունեցել է դրական ավարտ, 1-ն ավարտվել է մասնակի բավարարմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել