Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է քննության դներ ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի դիմումը: Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին: Պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածին եւ 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
«Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը «Դիակային դոնորից օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանի» մասին է: Ըստ այդ հոդվածի՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ եւ հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների եւ հյուսվածքների դոնոր:
Պաշտպանը, որի ներկայացուցիչը ՍԴ-ում կլինի արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը, պնդելու է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ սահմանադրությանը՝ հետեւյալ հիմնավորումներով.
ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»: Իսկ Սահմանադրության 16-րդ հոդվածի առաջին նախադասությամբ սահմանված է. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք»: Վերոնշյալը, ըստ երկրի իրավապաշտպանի, հավասարապես վերաբերում է մարդու անձնական անձեռնմխելիության իրավունքին, որն «անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում նրա մահից հետո մարմնի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի եւ մահացածի մարմնի իրավական պաշտպանության համար: Մարդն ինքն է որոշում եւ տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում՝ որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո»: Վիճարկվող նորմը մասնագետների տրամաբանությամբ, սահմանում է, որ մարդն իր մահից հետո հանդիսանում է «դիակային դոնոր», եթե իր կենդանության օրոք չհրաժարվի որպես այդպիսին հանդես գալուց: