Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի խորհրդականը՝ ոստիկա՞ն

Հունիս 09,2010 00:00

Ինչպես տեղեկացրել էինք դեռ մեկ շաբաթ առաջ, Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը պատրաստվում է «թոշակի ճանապարհել» մարզպետի խորհրդականներին, օգնականներին, վարորդներին: Նախորդ օրը, իբրեւ թե սեփական դիմումի համաձայն, պաշտոնանկ արվեցին նախկին մարզպետ Լիդա Նանյանի բերած երկու կադրերը՝ մարզպետի խորհրդական Կամո Ներսիսյանը, ով ամեն օր աշխատանքի էր գալիս մայրաքաղաքից, եւ առողջապահության գծով խորհրդական Սուսաննա Քինակցյանը, որն էլ թոշակային տարիքում է: Մարզպետարանի թոշակառուներից միակ պաշտպանված կադրը, չգիտես ինչու, մարզպետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն է: Մեր տեղեկություններով, նորընծա մարզպետը ճանապարհել է նաեւ Նանյանի վարորդին: Շիրակի մարզպետը բժշկի եւ տնտեսագետի փոխարեն խորհրդականի ու օգնականի պաշտոնում հրավիրել է իր նման օրգանի աշխատողների. նորանշանակ խորհրդականը՝ իջեւանցի Սասուն Աբաղյանը, բառի իսկական իմաստով ստաժավոր ոստիկան է, որը, ըստ մարզպետարանի կայքէջի, իր կարիերան սկսելով Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից՝ որպես օպերլիազոր, նույն քաղաքում զբաղեցրել է նաեւ քրեական բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, աշխատանքային փորձ ունի նաեւ Պետական եկամուտների կոմիտեում, իսկ վերջին աշխատանքը եղել է Գիզիրյանի մոտ՝ քրեակատարողական վարչությունում՝ որպես օպերատիվ բաժնի պետ: Այս երիտասարդը նախանձելի կենսագրություն ունի՝ վերապատրաստվել է եվրոպական հայտնի մայրաքաղաքներում, Լոս Անջելեսում, հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է «Արիության մեդալով»… միայն զարմանալի է՝ եթե նա իրոք այդքան պրոֆեսիոնալ է, ապա ի՞նչ է անում Շիրակի մարզպետարանում, ինչո՞ւ ոստիկանությունը նրա ուժերը ճիշտ չի օգտագործում: Իսկ մարզպետի օգնականի պաշտոնում նշանակվել է Սահակ Հակոբյանը, որի մասին առայժմ ոչ մի տեղեկատվություն տեղադրված չէ մարզպետարանի կայքում:

Քանի որ մարզում խոսակցություններ են պտտվում, որ մարզպետը պատրաստվում է թափանցել նաեւ քաղծառայության ոլորտ, մասնավորապես, ազատվել առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանից («Ցեպեի Սամվել») եւ կրթության վարչության բազմամյա պետ Սահակ Մինասյանից, «Առավոտը» մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են հավանական այդ փոփոխությունները: Միջանկյալ նշենք, որ Շիրակի մարզպետարանում քաղծառայողին «սեփական դիմումի համաձայն» աշխատանքից վտարելու նախադեպ եղել է դեռեւս ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանի օրոք, ով համառորեն, ոստիկանության օգնությամբ պաշտոնանկ արեց քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Արտաշես Սարգսյանին, իսկ քաղծառայության խորհուրդն ուղղակի լռեց: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ Գյումրիում շրջանառվող «պատի տակի լուրերը» բանահյուսության ժանրից են. «Չգիտեմ՝ ինչեր եւ որտեղ են պտտվում, մեր պաշտոնական դիրքորոշումն ու իրականությունն այն է, որ որեւիցե քաղծառայողի աշխատանքից ազատելու վերաբերյալ որեւիցե ակտ չկա, որեւիցե քննարկում չի եղել: Քաղծառայողը պաշտպանված է այնքանով, ինչքանով պատշաճ է կատարում իր ծառայողական պարտականությունները»,- ասաց պաշտոնյան: Խ. Պողոսյանը արդարացրեց մարզպետի կադրային փոփոխությունները. «Օգնականներն ու խորհրդականները նշանակվում են մարզպետի որոշմամբ: Նրանց գործունեության հիմնական նպատակը մարզպետի աշխատանքին նպաստելն ու նրա հանձնարարությունները կատարելն է: Եթե խոսքը վերաբերում է մարզպետի մեկ օգնականի եւ մեկ խորհրդականի աշխատանքից ազատվելուն, ապա սովորական, բնականոն երեւույթ է. նախկին խորհրդականը, իր իսկ պնդմամբ, հրավիրված է եղել Շիրակի մարզպետարան տիկին Նանյանի կողմից, եւ նա նպատակահարմար գտավ դադարեցնել իր աշխատանքը մարզպետարանում: Լիդա Նանյանի վարորդի համար էլ ասեմ, որ նա տիկին Նանյանի հետ աշխատել էր շուրջ քսան տարի՝ նրա բոլոր զբաղեցրած պաշտոններում»,- մեկնաբանեց աշխատակազմի ղեկավարը:

Ի դեպ, մարզպետարանում հանգիստ մթնոլորտ էր. ինչպես մեզ տեղեկացրին շարքային աշխատողները՝ արդեն հունի մեջ են ընկել, միայն առաջին օրերին էր, որ մարզպետի թիկնապահները «աչքերը չորս արած» նստում էին աշխատողների շնչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել