Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԸ ՓՈՐՁՈՒՄ Է «ՍԱՂԱՑՆԵԼ»

Հունիս 09,2010 00:00

\"\"«Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը Ալբերտ Բաբաջանյանի բնակարանը կառուցել է նախագծային շեղումներով՝ առանց բաց պատշգամբի եւ պակաս տարածքով:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվում էր իրացման գոտու բնակիչ Ալբերտ Բաբաջանյանի հայցն ընդդեմ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի: Տարիներ առաջ Աբովյան փողոցի 4/6 հասցեի բնակիչ Ա. Բաբաջանյանը, հանուն պետության կարիքների, զրկվել է իր բնակարանից, փոխարենը տարածքն իրացնող կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն պարտավորվել է Ա. Բաբաջանյանին բնակարան հատկացնել Հյուսիսային պողոտայում կառուցվելիք բազմաբնակարան շենքից: Հանդիպել են, պայմանները քննարկել, եկել համաձայնության, սակայն մինչ օրս Ա. Բաբաջանյանը ոչ մի կերպ չի կարողանում տնօրինել իրեն հասանելիք բնակարանը: Բանն այն է, որ շենքը կառուցելուց հետո «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի սեփականատեր՝ սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը բնակչին է հրամցրել բոլորովին այլ պայմաններով բնակարան՝ առանց բաց պատշգամբի, նախատեսված քմ-ից էլ պակաս: Ընդ որում, կառուցապատողը բնակարանի նախագծային փոփոխություններն արել է գաղտնի, առանց բնակարանի տիրոջ կարծիքը հաշվի առնելու: Բացի այդ, կառուցապատողը, բնակչի հետ կնքած պայմանագրի համաձայն, պետք է շինարարական աշխատանքները ավարտելուց հետո, Կադաստրի պետական կոմիտեից ստանար շենքի շահագործման մասին հավաստող փաստաթուղթ եւ 1 ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանից ստանար համապատասխան թույլտվություն՝ կառուցված բնակարանները վաճառելու կամ հանձնելու համար, սակայն մեկամսյա ժամկետը խախտել է եւ այլեւս չի դիմել վերոնշյալ թույլտվությունները ստանալու համար: Նման խախտման դեպքում կառուցապատողը պետք է բնակչին, բնակարանի արժեքի 0,1 տոկոսի չափով, որպես տույժ՝ գումար վճարի: Ըստ Ա. Բաբաջանյանի, այդ գումարներն այս ամիսների ընթացքում արդեն դարձել են 16-17 միլիոն դրամ:

Երեկ կայացած դատական հերթական նիստի ժամանակ Ա. Բաբաջանյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հենց այս պահանջներն էլ ներկայացրեց դատավոր Գագիկ Խանդամյանին: Ըստ փաստաբանի. «Ալբերտ Բաբաջանյանին պետք է հատկացվեր 70 քմ տարածքով բնակարան, այն էլ՝ բաց պատշգամբով, սակայն նրան հատկացվել է 68,2 քմ բնակարան ու առանց բաց պատշգամբի: Իսկ քանի որ բաց պատշգամբը բնակելի տարածքից ավելի էժան գործակցով է հաշվարկվում, ապա հայցվորին պետք է վերադարձվի ոչ թե 1,8 քմ, այլ 4,2 քմ տարածք»: Նա դատարանից պահանջում էր նաեւ կառուցապատողին պարտավորեցնել վճարել պայմանագրով նախատեսված տույժն ու տուգանքը, որն այժմ կազմում է արդեն 17 միլիոն դրամի չափ գումար:

Ի պատասխան սրան, «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանը հայտարարեց. «Մենք ե՛ւ դատարանին, ե՛ւ հայցվոր կողմին ներկայացրել ենք համապատասխան իրավական հիմքեր, ըստ որոնց էլ՝ կատարվել են նախագծային շեղումները»: Հակառակ դրան, հայցվոր կողմը հայտարարեց, որ չի ստացել այդ հիմնավորումները: Որպեսզի այդ հիմքերը ուսումնասիրվեն դատարանի եւ հայցվորի կողմից, դատական հերթական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը:

Դատական նիստից հետո մենք փորձեցինք «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանից տեղեկանալ, թե այդ ինչ իրավական հիմքեր են ներկայացրել դատարանին, սակայն փաստաբանը հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ:

Ալբերտ Բաբաջանյանի ներկայացմամբ, ինքն իրեն խաբված է զգում, քանի որ. «Եթե բնակարանիս ներսում եղած տարածքը որպես բաց պատշգամբ լիներ, բնակելի տարածք չէր համարվի ու այդտեղի 1 քմ-ն կհաշվարկվեր $500-ով, իսկ հիմա հաշվարկել է $1500, այսինքն՝ ամեն ինչ արվել է հօգուտ իրենց: Դա նշանակում է, որ իմ ընդհանուր մակերեսից պակաս տարածք են ցանկանում ինձ հատկացնել: Բազմիցս դիմել եմ կառուցապատողին, բայց իմ դիմումներն արհամարհվել են: Հիմա էլ հայտարարում են, որ մեզ պատասխաններ են ուղարկել, սակայն մենք ոչինչ չենք ստացել: Իմ իրավունքները ոտնահարված են, որովհետեւ ես ավելի գումար եմ տվել: Բացի այդ էլ ասեմ, որ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Նման գործեր էլի կան դատարանում, նույն շենքի մի քանի բնակիչ եւս նույն խնդրով դիմել են դատարան»:

Նկատենք, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն հանդիսանում է նաեւ Աբովյան փողոցում գտնվող մեկ այլ հաստատության՝ «Միլանո» հագուստի խանութի տարածքի սեփականատերը, որի իրացման հետ կապված էլ են առաջացել մի շարք խնդիրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել