Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տերմինալը կշահագործվի հաջորդ տարի

Հունիս 09,2010 00:00

«Զվարթնոց» օդանավակայանի հանրային գոտու երրորդ համալիրը շահագործման կհանձնվի հաջորդ տարեվերջին: Օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունը դեռ քննարկում է հին տերմինալի՝ հետագայում օգտագործելու տարբերակները: «Վերջնական որոշում դեռ կայացված չէ, բայց հնարավոր է այն օդանավակայանի համար հյուրանոց ծառայի կամ որպես գրասենյակային տարածք վարձակալության տրվի»,- երեկ նոր համալիրի շինհրապարակում ասաց ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ով խոստացավ, որ հին շենքը չի քանդվելու: Նոր համալիրը նախատեսում է մեկնման եւ ժամանման սրահները նույն հարկի տակ: Պարոն Վենդեի խոսքով, համալիրը ժամանակակից սարքավորումներով համալրելու նպատակով առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում նախատեսել են վարկային պայմանագիր ստորագրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական, Ասիական զարգացման բանկի եւ Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերության հետ՝ ներգրավելով 100 միլիոն եվրոյի վարկային միջոցներ: Իսկ ընդհանուր առմամբ նոր համալիրի համար ներդրումների ծավալը նախատեսվում է $160 միլիոն: Նախագծի գլխավոր ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոն էլ ասաց, որ ապակեպատ շինությունը կառուցելիս ընդգրկել են նաեւ հայկական ճարտարապետության տարրեր. «Գունավոր ապակիները հայկական դրոշի գույների խորհրդանիշն է՝ կյանքի գույներ»: Շինարարական աշխատանքների ավարտից հետո «Զվարթնոց» օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան 3 միլիոն ուղեւորի: Կավելանան հաշվառման սեղանները, անձնագրային հսկողության եւ անվտանգության վերահսկման կետերը:

Նոր համալիրի կողքին գործելու է նաեւ 600 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին:

«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագրով նորոգվում է թռիչքադաշտը, որը վերջին անգամ նորոգվել էր մեկ էլ 15 տարի առաջ: Նորոգված թռիչքադաշտը շահագործման կհանձնվի առաջիկա 10 օրերին: Լայնացվում ու նորոգվում են Delta եւ մայր ղեկուղիները, նորոգվում է նաեւ թռիչքադաշտի ծածկույթը: «Միջազգային օդանավակայաններ» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Աշոտ Միրզոյանի խոսքով, նորոգված ղեկուղիները շահագործման նորմալ պայմաններում 8-10 տարի կդիմանան եւ հնարավորություն կտան առանց սահմանափակումների ընդունել «Բոինգ-747» տիպի օդանավեր. «Նորոգման աշխատանքը մոտ 3 միլիոն դոլար է արժեցել, ասֆալտի բաղադրությունը միջազգային չափանիշներին համապատասխան է, եւ բետոնի խտությունը խիստ տարբեր է ճանապարհային ասֆալտի բաղադրությունից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել