Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԳՐՈՀ

Հունիս 09,2010 00:00

Երեկ ե՛ւ երկրի վարչապետը, ե՛ւ էկոնոմիկայի փոխնախարարը տարբեր վայրերում եւ տարբեր առիթներով գովերգել են կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները:

Կառավարությունը, որը եւ իշխանական, եւ ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից մեղադրվում է երկրի արտաքին պարտքը մեծացնելու, անիմաստ վարկեր ձեռք բերելու եւ դրանց տակից դուրս գալու ուղիները չգտնելու, երկրի պահուստները փոշիացնելու ու հազար ու մի այլ մեղքերի մեջ, երեկ փորձել է պատասխանել այդ մեղադրանքներին: Վարչապետը, մասնավորապես, ԱԺ-ում ելույթ ունենալով «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ, ասել է. «Ունենալով 14,2% տնտեսական անկում, միեւնույն ժամանակ փաստում ենք, որ մեր ֆինանսական, սոցիալական եւ տնտեսական համակարգերը դիմադրողականության բարձր աստիճան դրսեւորեցին, եւ հակաճգնաժամային մեր ծրագրերը դրական արդյունք տվեցին՝ առաջին հերթին հնարավորություն տվեցին մեղմացնել սոցիալական բացասական հետեւանքները: Երկրորդ՝ դրանք ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին»: Ապա, մանրամասն կանգ առնելով վարկերի եւ արտաքին պարտքի թեմայի վրա, վարչապետը նշել է. «2009-ի ընթացքում 13%-անոց արտաքին պարտքը մենք հասցրինք մինչեւ 36% համախառն ներքին արդյունքի մեջ եւ ներգրավեցինք լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվեցին պետական բյուջեի միջոցների ծախսմանը: Արդյունքում ավելացավ պետական բյուջեի դեֆիցիտը, եւ մենք 2009-ին արձանագրեցինք վերջին տասը տարիների համար ամենաբարձր բյուջետային դեֆիցիտի ցուցանիշ՝ շուրջ 7,4%»: Դրանից հետո, սակայն, բացատրել է, թե ուր են գնացել «մեր երեխաների վզին նստող» վարկային միջոցները. «2009-ին մենք պատմության մեջ ամենաշատ ճանապարհները կառուցեցինք՝ 411 կմ: Անցկացրինք նաեւ խմելու ջրերի ցանց եւ այլն: Երկրորդ ֆունդամենտալ ուղղությունն այն էր, որ մենք պետք է բարելավեինք բիզնես միջավայրը, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթացան: Առաջինը՝ ստեղծվեցին փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ, մի կողմից՝ հարկային ռեսուրսներ տրամադրվեցին, մյուս կողմից՝ օրենսդրական դաշտը բարեփոխվեց, հարկային բեռը թեթեւացրինք՝ հարկային վարչարարությունը պարզեցնելով: Արդյունքում՝ հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի վրա նվազեց, ինչը բարձրացրեց մեր տնտեսության դիմադրողականությունը: Երրորդ ուղղությունը կառուցվածքաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններին օժանդակելն էր, որոնք ժամանակավոր դժվարություններ ունեին՝ պայմանավորված համաշխարհային բացասական գների կոնյունկտուրայով: Օպերատիվ ձեւով այդպիսի ֆինանսական օժանդակություն տրամադրվեց խոշոր ձեռնարկություններին, եւ դա նպաստեց, որ հազարավոր աշխատատեղեր պահպանվեցին, կրճատումներ տեղի չունեցան: Մեզ հաջողվեց մեղմացնել սոցիալական լարվածությունը խոշոր ձեռնարկություններում, իսկ տրամադրված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձվեցին պետական բյուջե: Դա նույնպես վկայում էր այդ միջոցառումների արդյունավետության մասին: Հասկանալի է, որ այս հակաճգնաժամային միջոցառումների ընդլայնողական քաղաքականությունն իր ազդեցությունը պետք է թողներ տնտեսության վրա, եւ մենք դա արձանագրեցինք 2009թ. երկրորդ կիսամյակում: Տնտեսական անկումը 18.3%-ից սկսեց նվազել, եւ մենք տարին ավարտեցինք 14.2%-ով, իսկ 2010 թ. այդ միջոցառումները տվեցին իրենց դրական արդյունքը, եւ մենք չորս ամիսների ընթացքում արդեն իսկ ունեինք 7,2% տնտեսական աճ: Համոզված ենք, որ 2010 թ. ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան կանխատեսում էինք տարվեսկզբին: Ավելին, պետք է նշեմ, որ 2009թ. ավելացրել ենք թոշակները, եւ թոշակային ֆոնդն աճել է 16%-ով»:

Վարչապետն առիթն օգտագործել է նաեւ նրբանկատորեն իր քննադատներին, օրինակ, Ռ. Քոչարյանին պատասխանելու համար: Եվ կրկին շեշտը դրել է Քոչարյանի ժամանակներում շինարարության աննախադեպ աճի վրա, որը, ինչպես պարզվում է, նպաստեց ՀՆԱ-ի անկմանը. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ այն երկրները, որտեղ տնտեսության դիվերսիֆիկացիան ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում՝ հիմնականում զարգացած երկրները, ունեին ավելի ցածր տնտեսական անկման ցուցանիշներ, ի համեմատություն զարգացող երկրների, որտեղ տնտեսական անկման ցուցանիշներն ավելի բարձր են: Խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է՝ բարձրացնել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը, եւ իհարկե՝ կախվածությունը միայն շինարարական ոլորտից, որտեղ էլ անկումն ամենամեծն էր, եւ շինարարության տեսակարար կշիռն էլ համախառն ներքին արդյունքի մեջ ամենաբարձրն էր: Հասկանալի է, որ շինարարության մեջ մասնավոր ներդրումների նվազումն էական հարված հասցրեց մեր համախառն ներքին արդյունքի ցուցանիշին, եւ մոտակա տարիների համար մեր տնտեսական համակարգի գերագույն խնդիրը պետք է լինի դիվերսիֆիկացիայի բարձրացումը»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն իր հերթին ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները գերազանցել են իրենց սպասելիքները, միակ սպասելիքը, որ չի արդարացվել՝ ներկայացված ծրագրերն են եղել, 10-ի փոխարեն՝ 8-ը: Նա մանրամասնել է այդ ութ ընկերությունների ցուցաբերած արդյունքները, որոնց համար կառավարությունն արտոնություն էր սահմանել ու երեք տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները: «Նատֆուդ», «Շամբ Բիզնես», «Յուքոմ», «Արաքս Թռչնաֆաբրիկա», «Իստեյտ Մենեջմենտ ընդ Ադմինիսթրեյշն Քամփնի», «Գոլդն Գրեյպ Արմաս», «Բիգա», «Սարանիստ»՝ սրանք են այն ընկերությունները, որոնք օգտվել են կառավարության ընձեռած արտոնություններից: Մերժվել է միայն «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը: Պարոն Պետրոսյանը փորձում էր համոզել, որ պատճառը զուտ տնտեսական նպատակահարմարությունն էր, եւ ոչ մի քաղաքական կամ անձնական խնդիրներ չեն եղել: Ըստ փոխնախարարի՝ հավանության արժանացած ծրագրերի ընդհանուր կանխատեսվող ներդրումները կազմում են մոտ $ 51.5 միլիոն, իսկ այս ներդրումների շնորհիվ կստեղծվի 740 նոր աշխատատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել