Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊԱՑՈՒՑԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ»

Հունիս 09,2010 00:00

«Թուրքիայի այս քաղաքականությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա անկեղծ չէ, եւ նա ավելի շատ պոպուլիստական հայտարարություններով է հանդես գալիս՝ վարելով երկակի քաղաքականություն»,- մեկնաբանելով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը իրավունք չունի շրջափակել Գազայի շրջանը՝ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ Թուրքիայի խոսքն ու գործը միմյանց հետ կապ չունեն: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի. «Թուրքիայի խոսքն ու գործը միմյանց հետ կապ չունեն, եւ Թուրքիայի խոսքն արժեք չունի, եւ սա շատ հստակ է, որովհետեւ ինքը խոսում է ապաշրջափակման մասին, սակայն ինքը մեկ տասնամյակից ավելի փակ է պահում Հայաստանի հետ ունեցած սահմանը՝ բլոկադայի ենթարկելով իր հարեւանին: Ես կարծում եմ, որ Թուրքիան նման հայտարարությամբ առաջին հերթին հենց իրեն է անհարմար վիճակի մեջ դնում: Բանն այն է, որ ամբողջ աշխարհը գիտի թուրքական դիվանագիտության նկրտումներն ու մոտեցումներն այդ հարցում, եւ դա իրոք զարմանք է առաջացնում»: ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքերով՝ «եթե Թուրքիան այդքան մտածում է Գազայի ապաշրջափակման կամ այլ ժողովուրդների իրավունքների մասին, ապա սա նշանակում է, որ Թուրքիան իր աչքի գերանը չտեսած՝ ուրիշի աչքի փուշն է տեսնում: Թուրքիայի նման վարքագիծը լկտի, սուտ, իրականության հետ կապ չունեցող եւ 21-րդ դարին ոչ հարիր պահվածք է, ինչով Թուրքիան այսօր իրեն ոչ նախանձելի դրության մեջ է դրել, քանի որ ողջ աշխարհի մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում. եթե դու խոսում ես ապաշրջափակումից, ապա դրա համար պիտի բարոյական իրավունք ունենաս եւ ապաշրջափակես այն երկիրը, ում տարիներ շարունակ բլոկադայի ես ենթարկել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել