Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն «հեքիաթներին» չի հավատում

Հունիս 09,2010 00:00

\"\"Պերկուպերկյանական հնչակները համերաշխ են, իսկ Վարդան Խաչատրյանը չի պատասխանում՝ առաջարկի դեպքում կվերադառնա՞ «Ժառանգություն»:

«Հեքիաթ է՝ անխելք ու անմիտ մարդկանց կողմից հնարված»,- այսպես արձագանքեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն «Առավոտի» տեղեկություններին: Բանն այն է, որ վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ բավականին լարված են համահնչակյան կենտրոնի ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի հարաբերությունները: Ասում են, իբրեւ, Աճեմյանը Շիրխանյանին մեղադրում է ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից պոկելու պլանը տապալելու մեջ: Միաժամանակ, Աճեմյանը սկսել է մեծ տեղ տալ «երիտասարդ եւ հեռանկարային», նորընծա հնչակյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանին: Աճեմյանի «նախասիրությունների» փոփոխությունն էլ խանդ է առաջացրել հնչակյան դափնիների համար վերջին շրջանում պայքարող Վահան Շիրխանյանի եւ Վարդան Խաչատրյանի միջեւ ու առաջացրել լարվածություն նրանց հարաբերություններում: Նկատենք, որ վերջին շրջանում Վահան Շիրխանյանը բավականին պասիվ է: Նրա գործունեությունը սահմանափակվում է միայն մամուլին տված որոշ մեկնաբանություններով կամ հարցազրույցներով, մինչդեռ որոշ ժամանակ առաջ Շիրխանյանը բավականին ակտիվ մասնակցում էր բոլոր այն հրապարակային միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում «Սոցիալիստական կոնֆերանսի» շրջանակներում: Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությունից ծնվեց վերջերս հռչակված ժողովրդահայրենասիրական ընդդիմությունը, որի գեներատորներից է Վարդան Խաչատրյանը: Իր պասիվությունն «Առավոտի» հետ զրույցում Շիրխանյանը բացատրեց իբրեւ լուրջ առողջական խնդիրների հետեւանք: Ասաց, որ այժմ էլ դեռ վատառողջ է եւ շարունակում է կազդուրվել: «Չկա էդպիսի բան: Սեդրակի հետ էլ ես ամեն օր հեռախոսազրույց եմ ունենում: Բայց կան մարդիկ, ովքեր շատ կուզենային, որ նման բան լիներ»,- ասաց Շիրխանյանը՝ չբարձրաձայնելով, թե ում նկատի ունի. «Կան մարդիկ, որոնց հետ խնդիրներ ունենք կուսակցությունից դուրս: Չէ, Լյուդան չէ (խոսքը ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մասին է- Ն. Գ.). Լյուդան ի՞նչ անի, մոտը մարդ չկա, մնացել է մենակ, ասում են՝ գրասենյակ պահել չի կարողանում, չգիտեմ, լուրեր են, կարող է՝ սուտ է: Նորմալ է, ամեն ինչ նորմալ է»:

Վարդան Խաչատրյանը «զավեշտական ստեր» որակեց պերկուպերկյանական հնչակյան թեւում առկա անհամաձայնությունների մասին բոլոր խոսակցությունները: Շիրխանյանի պասիվությունն էլ այսպես բացատրեց. «Հրապարակային երեւում է այնքանով, որքանով ինքն է ցանկանում»: Վարդան Խաչատրյանից նորից հետաքրքրվեցինք (նախկինում նա հրաժարվում էր այս հարցին պատասխանել), թե ինչո՞ւ է շարունակում մնալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ այն բանից հետո, երբ «Ժառանգությունից» հեռացվելուց կարճ ժամանակ անց անդամագրվեց ՍԴՀԿ-ին, եւ, ի դեպ, «Ժառանգությունը» լիբերալ ուժ է, իսկ ՍԴՀԿ-ն՝ սոցիալիստական: «Այդ հարցին չէի ցանկանա անդրադառնալ, բայց… դա ուղղակի որոշ հարաբերությունների արդյունք է: Ինչ վերաբերում է գաղափարախոսությունների տարբերություններին, ես «Ժառանգության» վարչության նախագահն եմ եղել, ինքս սոցիալիստամետ էի, այն ժամանակ այդ մասին խոսել ենք, եւ ես ծրագրում ունեի համահավաք ներկայացնել այն ամենը, ինչը եղել է դրական Հայաստանի պատմության ընթացքում»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Վարդան Խաչատրյանի քայլը՝ մնալ խմբակցության անդամ, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ հարցը թե իրավական, թե բարոյական դաշտում միայն Վարդան Խաչատրյանը կարող է կարգավորել: Ի դեպ, Վարդան Խաչատրյանին՝ «Ժառանգությունից» հեռացնելուց հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել նրան հեռացնելուն, եւ չի բացառվում, որ համագումարում նորից վերականգնվի: «Ժառանգության» համագումարը նախատեսվում է առաջիկա ամսին։ Վարդան Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ «Ժառանգություն» կուսակցություն վերադառնալու հավանականություն: «Նման խոսակցություն չի եղել»,- ասաց նա: Իսկ եթե լինի՝ ինչպե՞ս կվերաբերվի ինքն այդ առաջարկին՝ հրաժարվեց պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել