Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐԵՎԷ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ»

Հունիս 09,2010 00:00

\"\"Վիկտոր Դալլաքյանը առանց որեւէ հանձնաժողովի էլ գիտի, թե ով է «մարտի 1-ի» պատասխանատուն

Ազգային ժողովի հունիսի 7-10-ի օրակարգում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը, որը, սակայն, առայժմ չի քննարկվում: Հանձնաժողովի եզրակացությունը հաստատվել է մայիսի 27-ին կայացած հանձնաժողովի նիստում եւ բավականին ծավալուն է՝ 117 էջ (այդ փաստաթղթի բովանդակությանը մենք արդեն անդրադարձել ենք՝ «Առավոտ», 01.06.2010): Խորհրդարանը որոշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհրդարանին պետք է ներկայացնի իր եզրակացությունը՝ ըստ հատուկ կարգի: Եզրակացությունը ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ հանձնաժողովի նախագահին հատկացվելու է 40 րոպե, իսկ վերջնական եզրակացության համար՝ 20 րոպե: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարցրեց՝ ինչո՞ւ հարցի վերաբերյալ հարակից զեկուցող նշանակված չէ: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Եզրակացությունը հեղինակել է հանձնաժողովը, դրանով էլ պայմանավորված է այն, որ հարակից զեկուցում նշանակված չէ: Հանձնաժողովը իրականացրել է մշտադիտարկում իր իսկ սահմանած աշխատակարգով: Ես դա ներկայացնում եմ հանձնաժողովի անունից»:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս երկխոսությանը՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ, ցավոք, ԱԺ Կանոնակարգը հնարավորություն չտվեց իրեն հակադարձել ասվածին, իսկ իր ասելիքը հետեւյալն էր. «Իմ հարցի հիմքում այն էր, որ երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացության առաջ քաշած հարցերի կատարման ընթացքի մշտադիտարկում անցկացնելու նպատակով առանձին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը՝ այդ պարտականությունները դնելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի վրա, վստա՞հ էր, որ դրանք կկատարվեն:

Ես ուղղակի ուզում էի պարզել՝ այդ պարտավորությունն առնվազն կանոնադրական իմաստով կատարվո՞ւմ է: Որովհետեւ ժամանակավոր հանձնաժողովը ունի որոշ մեխանիզմներ, կարող է փորձագետներ հրավիրել եւ այլն: Ես ուզում էի պարզել՝ հանձնաժողովը հնարավորություն ունի՞ կիրառելու այդ մեխանիզմները, կամ՝ այդ մեխանիզմներն ընդհանրապես կա՞ն, թե՞ ոչ: Պարզեցի, որ չկան»:

Պարոն Հովհաննիսյանը ծանոթ է մշտադիտարկման զեկույցին եւ կարծիք հայտնեց, որ այդ եզրակացությամբ մշտադիտարկում իրականացնողները մտել են անիմաստ զուտ տեխնիկական բնույթի մանրամասների մեջ. «Զեկույցը բավականին ծավալուն է, բայց մտել է այնպիսի մանրամասնությունների մեջ, որոնք զուտ տեխնիկական բնույթ են կրում: Մինչդեռ խորհրդարանի կողմից հանձնաժողովի առջեւ դրված խնդիրը բոլորովին էլ դա չէր կամ՝ ոչ միայն դա էր»:

Վահան Հովհաննիսյանը դարձյալ պնդեց, որ ճիշտը առանձին ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն էր: Դաշնակցությունը, ըստ ամենայնի, մշտադիտարկում անցկացնող հանձնաժողովի հետ աշխատելու կոչված հատուկ աշխատանքային խումբ կստեղծի: Սակայն պարոն Հովհաննիսյանին հիշեցրինք, որ դաշնակցական Արտյուշա Շահբազյանն առանց այն էլ մշտադիտարկում անցկացնող խմբի անդամ է եւ հանձնաժողովի փոխնախագահը, ուրեմն, ի՞նչ նոր խմբի մասին է խոսքը: Պարոն Հովհաննիսյանը վստահ է, որ աշխատանքն այնքան ծավալուն է, որ մեկ մարդը ի զորու չի լինի այն միայնակ կատարել:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 1-2-ի դեպքերի մասին ունի իր մշտական կարծիքը եւ մեր հարցին՝ ծանո՞թ է հանձնաժողովի եզրակացությանը, ասաց. «Տրամաբանական է, որ եթե հանձնաժողովի զեկույցի համար տրվում է նորմայից ավելի, ես կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ պատգամավորի հարցեր տալու տեւողությունը նույնպես չսահմանափակվեր երեք րոպեի մեջ: Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի հանձնաժողովի գործունեությանը եւ այս մշտադիտարկմանը, ես կարճ գնահատական կտամ՝ առանց որեւէ հանձնաժողովի գործունեության էլ ակնհայտ է, որ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուն Քոչարյանն է, եւ հանձնաժողովը հենց այսպիսի եզրակացություն պետք է ներկայացներ Ազգային ժողովին, ինչը տեղի չունեցավ: Սա քաղաքական հարցադրում է, եւ մարտի 1-2-ի դեպքերը քաղաքական էին: Մնացածը կարեւոր չէ: Այն անձը, որը հրաման է տվել ուժ գործադրել ժողովրդի նկատմամբ, դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ այդ ճշմարտությունը որեւէ հանձնաժողովով՝ ժամանակավոր, թե մշտական, պարզելու անհրաժեշտություն բոլորովին չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել