«Ցանկացած միջամտություն կամ ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկի վրա ճնշում խիստ ռիսկային է։ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կամ Ադրբեջանն ասեն, թե իրենց վրա ճնշում են գործադրում»,- ըստ լրատվական կայքերի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ավելացնելով. «Նման հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունը միայն մեկ կողմը կրել չի կարող։ Երկու երկրների պաշտոնական դեմքերը պետք է քննարկեն հիմնախնդիրն ու շարունակեն երկխոսությունը»։ Ռուսաստանի վարչապետը կարծում է, որ պետք է գտնել հակամարտության կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է լուծեն հակամարտությունը, իսկ Ռուսաստանը եւ մյուս երկրները պատրաստ են այս հարցում ցուցաբերել ցանկացած օգնություն. «Մենք չենք կարող կողմերին ստիպել, որ որոշում կայացնեն, եւ չենք կարող նրանց վրա ճնշում գործադրել»: Վարչապետները խոսել են նաեւ Նաբուկո գազատարի նախագծի մասին: Երեկ Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել էին գազային համաձայնագիր: Այս կապակցությամբ Էրդողանն ասել է, թե այդ համաձայնագիրը չի նշանակում, որ թուրքական շուկայում ռուսական գազի բաժինը կնվազի: Պուտինն էլ հայտարարել է, թե ադրբեջանական գազը չի բավականացնի Նաբուկոյի խողովակները լցնելու: Պուտինը հորդորել է արագացնել աշխատանքը «Երկնագույն հոսք-2» նախագծի ուղղությամբ: