Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնազերծված տեղեկանք

Հունիս 09,2010 00:00

Կրեմլը այն ստացել է 2009-ի սկզբին

Երեկ «Ռեգնում» գործակալությունը հրապարակել է դեռեւս 2009թ. սկզբին Ռուսաստանի Դաշնության բարձրագույն իշխանություններում ստացված «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում» վերտառությամբ մի տեղեկատվական տեղեկանք՝ հավելելով, թե դրա քննարկման անմիջական արդյունքները գործակալությանը հայտնի չեն: Ըստ «Ռեգնումի», սույն փաստաթուղթը միայն օրերս է հայտնվել ԶԼՄ-ների տրամադրության տակ: Իսկ փաստաթղթում մասնավորապես ասված է եղել. «Սոցիալական բողոքի կրիտիկական բարձր մակարդակը պայմանավորված է իշխանության ոչ «պոպուլյար» լինելու, արմատավորվող կոռուպցիայի եւ «էթնիկ ղարաբաղցիների գործոնով», բնակչության սոցիալ-տնտեսական աղետալի վիճակով եւ տնտեսությունը մի քանի կլանների մենաշնորհը լինելու հանգամանքով, որոնք եղել են նախընտրական շրջանի (մինչեւ 19.02.2008թ.) բնորոշ հատկանիշները»: Փաստաթղթում վերլուծվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակաշրջանն ու արձանագրվել, թե «2008թ. փետրվարին նախագահական ընտրությունները հանրապետության քաղաքացիների զգալի հատվածը ընկալել է որպես հիմնականում ղարաբաղյան կլանների, որոնց թվում են եղել Քոչարյանն ու գործող նախագահ Սարգսյանը, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներին վերջ տալու հնարավորություն»: Համարելով, որ նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը պատասխան է եղել հանրապետության բնակչության զգալի հատվածի սոցիալական հարցադրումներին եւ դրանով իսկ Քոչարյան-Սարգսյան տանդեմի համար 1999-ից ի վեր դարձել է ամենալուրջ փորձությունը, փաստաթղթում ասվում է, թե չնայած նախընտրական արշավին Տեր-Պետրոսյանի ուշ միանալու հանգամանքին, նրան հաջողվել է կարճ ժամանակահատվածում ստանալ հասարակության լայն խավերի, գործարար համայնքի եւ պետապարատի, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների մի մասի, նաեւ Սփյուռքի (բացառությամբ կիսապաշտոնական դիրքորոշում ունեցող Ռուսաստանի հայերի միության եւ Արեւմուտքի առանձին դեմքերի) աջակցությունը: «Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնական լեյտմոտիվը դարձել են Ռուսաստանի հետ «առանձնահատուկ» հարաբերությունները, որոնց օգնությամբ Սարգսյանը փորձում էր փոխհատուցել հասարակության կողմից աջակցության պակասը: Պաշտոնական ԶԼՄ-ները շեշտում էին ոչ միայն Մոսկվայի կողմից Սարգսյանի ընտրական արշավին մասնակցության, այլեւ համապատասխան անձանց ուղղակի աջակցության հանգամանքը, այդ թվում՝ նախագահ Պուտինի: Նախագահական ընտրություններում առաջացած խնդիրների քրեական-ուժային լուծումը պսակվեց 2008թ. մարտի 1-ի զանգվածային սպանդով, ինչը հանգեցրեց ոչ միայն հասարակական գիտակցության մեջ վախի ամրապնդմանն ու Սարգսյանի՝ որպես անընդունելի ֆիգուր լինելուն, այլեւ զգալիորեն վնասեց Ռուսաստանի վարկին, որը, հայկական իշխանությունների հավաստիացումների համաձայն, աներկբայորեն աջակցում էր Քոչարյան-Սարգսյանի բոլոր գործողություններին»,- արձանագրվել էր փաստաթղթում:

Տեղեկանքում շեշտված է եղել, թե «կան հիմքեր՝ կարծելու, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լարումն ու որպես վերը նշված պատճառների հետեւանք՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կուղեկցվեն հականախագահական քաղաքացիական բողոքների ակտիվ փուլով: Նկատի ունենալով մարտի 1-ի նախադեպը՝ պետք է ենթադրել, որ իշխանությունները բողոքի ակցիաները ճնշելու համար ուժ կգործադրեն: Հասարակական բողոքների ճնշման ֆոնին պատերազմական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել բանակի ստորաբաժանումների եւ ներքին զորքերի՝ հականախագահական ընդդիմության կողմն անցնելուն եւ իշխանությունից Սարգսյանի հեռացմանը: Հակառուսական սցենարի իրականացմանը օժանդակելուն, առաջին հերթին՝ համապատասխան հասարակական կարծիքի ձեւավորմանը («ռուսները դավաճանեցին») կնպաստեն արեւմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսաքաղաքական հնարավորությունները: Արժե ընդգծել, որ նման ֆոն ձեւավորելու համար առանձնահատուկ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չի էլ պահանջվի, քանի որ սեփական թուլությունն ու անճարակությունը հայկական իշխանությունն արդեն տեւական ժամանակ փորձում է թաքցնել մի քանի գործոններ շահարկելով, որոնցից գլխավորը Ռուսաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ լինելն է: Այսինքն, չունենալով խնդիրներ, այդ թվում՝ գլոբալ, լուծելու սեփական դեղատոմս՝ իշխանությունը շահարկում է իր, իբր, բացառիկ «ռուսամետությունը»: Ներկայիս պայմաններում՝ որքան ինտենսիվորեն պետական քարոզչությունը իշխանության գործունեությունը քողարկի այն Մոսկվայի հետ համակողմանիորեն համաձայնեցված լինելու մասին պնդումներով, այնքան հայ հասարակության ներսում հակառուսական տրամադրությունների աստիճանը կբարձրանա»,- ասված է տեղեկանքում՝ որպես դրա օրինակ շեշտելով մարտիմեկյան իրադարձություններին հաջորդող ժամանակաշրջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել