Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԺ ՕՐԵՐ`ԵԽԽՎ-ՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հունիս 09,2010 00:00

\"\"Եթե ՀՀ իշխանությունը շարունակի հավաքների եւ խոսքի ազատության դարձյալ դրսեւորվող սահմանափակումները

Հունիսի 21-25-ը գումարվելիք ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում գումարվելիք Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում, ըստ ամենայնի, վերջապես կքննարկվի Հայաստանի հարցը, որն արդեն երկու անգամ հետաձգվել է: Սպասվելիք քննարկմանն ընդառաջ՝ մեր իշխանությունները կարծես ամեն ինչ արեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի վերստեղծման ուղղությամբ Մեւլութ Չավուշօղլուի ջանքերին ու ԵԽԽՎ տարբեր զեկույցներում ու բանաձեւերի նախագծերում Հայաստանին վերաբերող աննպաստ ձեւակերպումներին դիմակայելու փոխարեն՝ մեր պատվիրակությունն էլի կենտրոնանա իշխանության անտրամաբանական քայլերի տակից դուրս գալու վրա: Մի օրինակը Ազատության հրապարակում օրեր շարունակ կատարվողն էր եւ ՀՀ ոստիկանության այսօրինակ արտառոց հաղորդագրությունները՝ «Մայիսի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18.00-ին անհայտ անձինք խախտելով հասարակական կարգը՝ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»: Մյուս օրինակը՝ «ՀԺ»-ի թղթակցին ոստիկանի գլխարկը գցելու համար իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանք առաջադրելը: Եվ հաջորդ օրինակը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող այն փոփոխությունը, որը հնարավորություն է ընձեռում ՀՌԱՀ-ին չհիմնավորել արտոնագիր տալու կամ մերժելու վերաբերյալ իր որոշումները, ինչի պատճառով Հայաստանն արդեն պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս օրինակները թվարկելով՝ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա սպասվող քննարկման վրա. «Նախ՝ վատ կանդրադառնա ընդհանրապես Հայաստանի նկատմամբ Եվրոպայի խորհրդի մոտեցումների առումով, քանի որ այդ հարցերին անպայման կանդրադառնա Մոնիթորինգի հանձնաժողովը: Իհարկե՝ կարծարծվեն այս խնդիրները, քանի որ քննարկվելու է Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, եւ բոլոր նման ահազանգերը հասնում են այնտեղ»: Թեեւ նաեւ կասկած հայտնեց, թե հունիսին հանձնաժողովում կլինի լիարժեք քննարկում, հաշվի առնելով, որ չկայացավ համազեկուցողների ծրագրված այցը Հայաստան. «Քննարկումն ամբողջական դարձնելու համար կարեւոր էր իրենց այցելությունը, քանի որ մի բան է, երբ տարբեր կողմերից տեղեկատվություն է գալիս՝ հաճախ իրարամերժ, մեկ այլ բան, երբ ինքը՝ զեկուցողն է գալիս, եւ իր անձնական տպավորությունը ներկայացնում հանձնաժողովին»:

Արմեն Ռուստամյանի հետ զրույցի ընթացքում հերթով անդրադարձանք վերոթվարկյալ օրինակներից յուրաքանչյուրին: Նախ՝ Ազատության հրապարակում հավաքների ազատության խոչընդոտումներին, որոնք դադարեցվեցին, դատելով հրապարակային տեղեկատվությունից՝ միայն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ՀՀ արդարադատության նախարարի հետ հունիսի 2-ի հանդիպման ժամանակ նշել էր «հավաքների անցկացման իրավունքի ազատ եւ օրենքին համապատասխան իրականացման երաշխիքների կարեւորությունը՝ մարդու իրավունքների կարեւորագույն հանձնառությունների շարքում»: Մեր զրուցակիցն այս կապակցությամբ անդրադարձավ ՀՀ ոստիկանության կողմից հունիսի 1-ին տարածված հաղորդագրությանը. «Ես չեմ հասկանում այդ հաղորդագրության իմաստը՝ ի՞նչ է նշանակում «անհայտ անձինք խախտելով հասարակական կարգը՝ փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»: Ազատության հրապարակը հատուկ պահպանվող օբյե՞կտ է, արգելվա՞ծ գոտի, ուր իրավունք չունեն մուտք գործել: Այն բոլորի համար ազատ պետք է լինի, եւ անհայտ անձինք, այո՛, պետք է ման գան այնտեղ: Ինչո՞ւ պիտի բոլորի համար հայտնի լինի, թե ովքեր են այնտեղ ման գալիս»:

Երկրորդ օրինակի առնչությամբ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ոստիկանի գլխարկը գցելը համարժե՞ք է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածով մեղադրանք առաջադրելուն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Դա ոտնձգություն է: Եթե ոստիկանն իր պաշտոնական պարտականությունն է կատարում՝ նրան դիպչելը, անգամ հայհոյելը նշանակում է դիմադրել: Սակայն նման բաների մասին միշտ պետք է լիարժեք տեղեկատվություն ունենալ՝ գնահատելու համար, եւ միայն մեղադրող կողմին չպիտի լսես՝ պաշտպանվող կողմի տեսակետն էլ պիտի լսես, որ քննարկումը ճիշտ ընթանա: Բայց մենք, դժբախտաբար, նման լիարժեք հնարավորություն չենք ունենում, եւ պաշտոնական հաղորդագրություններով տեսնում ենք միայն մի կողմի գործողությունները, ու չգիտես՝ ճիշտ է, սխալ է: Ամբողջ հարցն այն է, թե ոստիկանությունն ինչո՞ւ հարկ համարեց միջամտել, օրենքի ի՞նչ խախտում էր տեղի ունենում: Իրավապահ մարմին է՝ պիտի հետեւի կարգուկանոնին: Այդ ինչպե՞ս է կարգուկանոնը խախտվել, որ պարտավոր են եղել միջամտել: Երբ միայն ներկայացնում են, թե հանկարծ սկսել է բռնություն գործադրել, դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը՝ ինձ համար միշտ այդ հարցն է առաջանում, թե ոստիկանությունն ի՞նչ էր անում, որ իրենք դիմադրություն են ցույց տվել: Կարող է՝ ոստիկանությո՞ւնն է իր պաշտոնեական դիրքը չարաշահել»:

Եվ վերջապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որոնցով ոչ միայն որեւէ լուծում չի տրվում տարիներ շարունակ միջազգային փաստաթղթերում արձանագրվող՝ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծության պակասի խնդրին, այլեւ հավելվում են նոր խնդիրներ, եւ մասնավորապես՝ բացահայտորեն անտեսվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: «Եթե Մոնիթորինգի հանձնաժողովում քննարկում եղավ՝ դրան հաստա՛տ, անպայմա՛ն անդրադարձ կլինի նիստում,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ-ն բացասական վերլուծություն է հրապարակել օրենքի նոր խմբագրության նախագծի վերաբերյալ:- Եվրոպական կառույցները գործում են իրար հետ փոխկապակցված՝ մեկի գնահատումն անպայման ազդում է մյուսների վրա. դա մի՛շտ է եղել: Եվ մանավանդ նման զեկույցները չեն կարող անտեսվել»:

Կանխատեսելով, որ խոսքի եւ հավաքների ազատության ոտնահարման այս օրինակները կարող են դարձյալ հասնել Ստրասբուրգի դատարան՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամն ասաց. «Հետո էլ մերոնք զարմանում են, թե մարդիկ ոնց են գնում իրենց իրավունքները պաշտպանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ պարզվում է, որ իրենք ճիշտ են եղել: Մեր իրավապահ մարմինները չափանիշները լավ չեն պատկերացնում, թե ինչ սահմաններ կան, որոնք իրենք չպիտի խախտեն: Մարդու ազատություններ ասվածը լավ ընկալված չէ ժողովրդավարության իմաստով թերզարգացած երկրներում: Նրանց, չգիտես ինչու, թվում է, որ եթե հագել են այդ համազգեստը՝ դա իրենց թույլ է տալիս ե՜րբ ուզենան, ի՜նչ ուզենան անել եւ միջամտել քաղաքացիների կյանքին: Եվ բնականաբար՝ Հայաստանը պարտվում է ՄԻԵԴ-ում: Դրա համար ՀՅԴ-ն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու, որ բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի դեմ հայցը շահում են դիմումատուները՝ անպայման պատիժ իրականացվի այն դատավորի նկատմամբ, որը կայացրել է այդ վճիռը: Նրանք վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանը, եւ դրա դեմ պիտի կիրառվեն պատժամիջոցներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել