Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՌ ԱՍԵ՞Ն, ԹԵ՞ ԶԱՆԳ ԿԱԽԵՆ

Հունիս 09,2010 00:00

\"\"\"\"

Ընդդիմության պասիվությունից դժգոհները ակտիվ գործողությունների չեն մասնակցում, որովհետեւ փորձում են ավելի «գլոբալ» խնդիրներ լուծել:

Երբ 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընդդիմության կողմից զանգվածային հանրահավաքներն ու երթերը առժամանակ կասեցնելու մասին, խոստովանեց, թե «սա չափազանց պատասխանատու եւ, առաջին հայացքից, բավականին դժվարամարսելի որոշում է, որն արժանանալու է ոչ միանշանակ գնահատականի»։ Եվ իսկապես, ՀԱԿ անդամների եւ համակիրների շարքերում եղան մարդիկ, ովքեր քննադատեցին ընդդիմությանը՝ ակտիվ գործողություններից հրաժարվելու, պասիվ կեցվածք որդեգրելու համար: Քննադատների թվում էին նաեւ գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, «Հայ կամավորականների համախմբման» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք, այդ թվում՝ նաեւ Կոնգրեսի երիտթեւի առանձին ներկայացուցիչներ:

Վերջին ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում ՀԱԿ համակիր երիտասարդների մի ակտիվ խումբ, որ նախկինում ուրբաթօրյա երթեր էր անցկացնում, մայիսի 28-ից սկսած ակտիվության՝ վերստին բացված Ազատության հրապարակում հստակ պահանջներով նստացույց անելու փորձեր է ձեռնարկում: Հինգ օր շարունակ շուրջ երկու տասնյակ երիտասարդներ եւ ՀՀ քաղաքացիներ հալածվում եւ բռնությունների էին ենթարկվում իշխանությունների կողմից: Նրանցից 16-ը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին, եղան նաեւ ձերբակալություններ, ակտիվիստներից մեկը՝ Դավիթ Քիրամիջյանը, այսօր էլ կալանավորված է: ՀԱԿ-ը, որ թեեւ հանդես է գալիս բողոքի ակցիաներ նախաձեռնած երիտասարդների իրավունքների պաշտպանության դիրքերից, ու նրա առանձին ներկայացուցիչներ էլ մասնակցում են դրանց, այդուհանդերձ, հայտարարել է, թե կապ չունի Ազատության հրապարակում տեղի ունեցող ակցիաների հետ: Բայց այս ողջ ընթացքում Կոնգրեսի պասիվությունից դժգոհողներից որեւէ մեկը այդպես էլ չի եկել ու չի փորձել կանգնել ՀԱԿ-ի մարտավարությունից «շեղված» ակտիվ երիտասարդների կողքին, ժամերով չի կանգնել ոստիկանության բաժնի առաջ՝ պահանջելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիների ազատ արձակումը: Փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ:

«Ես քննադատել եմ 2008-ի աշնանը շարժումը սառեցնելու որոշումը, երբ դա նոր էր արվում: Իմ կարծիքով՝ եթե Կոնգրեսի ներսում լինեին մարդիկ կամ կուսակցություններ, ովքեր բարձրաձայն դրա դեմ խոսեին, հնարավոր կլիներ գործընթացը, շարժման ռազմավարությունը փոխել: Բայց անցել է ավելի քան մեկուկես տարի, եւ շարժումն արդեն բավական պասիվացած վիճակում է: Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիի եւ երիտասարդների ակցիաներին, ապա դրանք ինձ համար շատ հասկանալի եւ համակրելի են, որովհետեւ նրանք ակնհայտ ռիսկի են գնում եւ օրինակ են ցույց տալիս: Բայց ես չեմ տեսնում, որ իրենց քայլերը կարող են շարունակություն ունենալ, որովհետեւ չկա քաղաքական այն ուժը, որը պետք է դա անի: Կոնգրեսն ակնհայտորեն չի ուզում դա անել, եւ այսօր պարզ ասում է, որ Ղարաբաղի պատճառով եւ Արեւմուտքի վերաբերմունքի հետ կապված չի ուզում գնալ ակտիվ գործողությունների, իսկ ուրիշ ընդդիմադիր ուժ դեռ չի ձեւավորվել, որպեսզի հնարավոր լիներ Ազատության հրապարակում այդ ակցիաները շարունակել»,- ակտիվ երիտասարդներին չմիանալու իր պատճառաբանությունը բերեց Մարինե Պետրոսյանը:

Առավել եւս, եթե երիտասարդների քայլն իր համար այդքան համակրելի է, ինչո՞ւ նա «ակտիվների» կողքին չէ եւ մյուսներին օրինակ չի ծառայում, ինչպես ինքն է ասում: «Չեմ մասնակցում, որովհետեւ մտածում եմ նոր ընդդիմադիր ձեւաչափ ձեւավորելու ուղղությամբ, որն ավելի ակտիվ կլինի, կվերցնի 2008-ի շարժման այն ակտիվ մասը, բայց դրան կգումարի նաեւ հասարակության այն շերտերին, որոնք չմիացան այդ շարժմանը: Եթե ես հիմա գնամ եւ նստեմ նստացույց անողների կողքին՝ գուցե գեղեցիկ ու ազնիվ լինի, բայց չեմ կարծում, թե դրանով գործին շատ օգնած կլինեմ»,- ասաց ՀԱԿ-ի պասիվությունից դժգոհ Պետրոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանն էլ թեեւ ողջունեց երիտասարդների «ազնիվ մղումները», բայցեւ ասաց, թե՝ «Ազատության հրապարակը խորհրդանշական է ժողովրդի, ինչու չէ՝ նաեւ այս իշխանությունների համար», ու հենց այդ պատճառով էլ ճիշտ չհամարեց, որ «Ազատության հրապարակը որեւէ մեկը հանրային ցուցադրական նպատակների համար օգտագործի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը հերթական հանրահավաքով չի օրհնել այդ հրապարակը»: «Իսկ մինչ այդ գտնում եմ, որ ճիշտ չէ այնտեղ որեւէ ակցիա անցկացնել: Ճիշտն այն կլինի, որ ընդդիմությունն իր գործողությունները սկսի այն կետից, որտեղ կանգ է առել՝ 2008թ. մարտի 1-ից: Ժողովուրդը պետք է գա Ազատության հրապարակն ազատագրելու: Կարծում եմ՝ գալու է այն օրը, երբ որեւէ մի ուժ կարողանալու է գործընթացը շարունակել այնտեղից, որտեղ այն դադարել է. դա կլինի Կոնգրեսը, թե մի այլ ձեւաչափով ուժ՝ կապ չունի, եւ այս երիտասարդությունն ամբողջությամբ ներգրավված է լինելու դրանում: Ինչ վերաբերում է նրանց նկատմամբ իշխանությունների գործողություններին, ապա դա որեւէ բռնատիրական ռեժիմի համար շատ օրինաչափ է, եւ այդ բռնությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ռեժիմը»,- հայտարարեց Սեֆիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել