Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ԷԼ ՔՆՆՎԵՑԻՆ

Հունիս 08,2010 00:00

Հունիսի 5-ին Երեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցում 14 մեդալի հավակնորդ շրջանավարտ հայոց լեզու եւ գրականություն առարկայից պետական ավարտական քննություն հանձնեց:
Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ, քննական կենտրոնի ղեկավար Արմինե Օհանյանի խոսքով, Հայաստանում ընդհանուր թվով մեդալի հավակնորդները 100-ն են, որոնցից 31-ը՝ Երեւանում. «Քննության ներկայացել է միայն 14-ը: 31-ից 14-ը մասնակցել է միասնական քննությանը, իսկ մնացած հավակնորդներն ուղղակի հայտ չեն ներկայացրել մեդալի համար: Պատճառը արտոնությունների բացակայությունն է»: 
Քննությունն անցավ հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Մեդալի հավակնորդների համար հատուկ պայմաններ չէին ստեղծվել՝ չկային խլացուցիչներ, ոչ ոք ջղային հայացքով չէր շրջում նստարանների արանքներով, բջջայիններն էլ քննասենյակում էին թողնվում, ավելորդ իրերի հետ միասին: Միակ խնդիրն այն էր, որ հուզմունքից երեխաները հաճախակի էին դիմում սանհանգույցից օգտվելու խնդրանքով, ինչը կասկածի տեղիք էր տալիս: Զուգարանում հայտնաբերվեց միայն մեկ հուշաթերթիկ՝ շպարգալկա, որը, պարզվեց՝ մեկ այլ ավարտական քննության՝ ֆիզիկայի պատասխաններն էին: Աշակերտների պես հանգիստ չէին քննության հանձնաժողովի անդամներն ու դպրոցի տնօրենը: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին մտահոգում էր քննասենյակի տոթը, որը, ըստ նրա, գուցե խանգարեր քննություն հանձնողներին: Նրա նախաձեռնությամբ երեխաների համար քննասենյակում տեղադրվեց օդորակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել