Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնա՞լ, թե՞ չգնալ…

Հունիս 08,2010 00:00

Անթալիայում հանգստացածը հորդորում է այնտեղ չգնալ

Երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ անդամ, «ԱրմՆյուզ» TV-ի ղեկավար Մենուա Հարությունյանը, ՀԱԿ անդամ Մանուկ Սուքիասյանն ու երիտասարդ գրող-հրապարակախոս Համբարձում Համբարձումյանը բանավիճեցին Անթալիայում հանգստանալու հարցի շուրջ:
Ըստ Մենուա Հարությունյանի, Անթալիայում ծախսվող գումարներն ուղղվում են Ադրբեջանի բանակի հարստացմանը: «Տարվա ընթացքում Հայաստանից մոտ  30 000 հայ է մեկնում Թուրքիա՝ հանգստանալու նպատակով: Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին անուղղակիորեն զինում է Ադրբեջանի բանակը: Սա աբսուրդ է, որի մասին պետք է լրջորեն մտածել: Եթե Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն չտար, ես չէի մանրանա այս հարցի շուրջ: Ստացվում է, որ 18 տարեկան հայ երիտասարդը գնում է իր փողերը ծախսում մի երկրում, որի բյուջեից սնվում է հայ զինվորի դիմաց կանգնած ադրբեջանցու բանակը: Կոչ եմ անում մեր երիտասարդներին, որ Թուրքիայում հանգստանալու փոխարեն ուրիշ երկիր ընտրեն»,- նեղսրտեց Մ. Հարությունյանը:
Տեսակետը, որ Անթալիայում հանգստանալն ավելի էժան է, քան Հայաստանում, Մենուան չի ընդունում. «Դա այդպես չէ: Եթե Թուրքիայում հանգստանում ես 4 աստղանի հյուրանոցում, ե՛ւ սնունդն է այնտեղ բավականին վատը, ե՛ւ մնացած պայմանները, էլ չեմ խոսում հայերի անվտանգության մասին: Որովհետեւ եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի՝ ոչ ոք պատասխանատու չէ դրա համար: Զարմանում եմ, ինչպես է հայ ընտանիքի հայրը թույլ տալիս իր երիտասարդ տղային՝ հանգիստն անցկացնել Անթալիայում: Հարցն այն է, որ Թուրքիայից վերադառնալիս թուրքական ինքնաթիռների ռադարների վրա Երեւան անունը ոչ մի տեղ չես գտնի: Սա նշանակում է, այդ պետությունը մեզ որպես առանձին պետություն չի ընդունում, էլ ինչ Անթալիայի կամ էժան գների մասին է խոսքը»:
Անթալիան փնովող Մենուան չհրաժարվեց խոստովանել, որ անցյալ տարի ինքն իր հանգիստն ընկերների հետ անցկացրել է հենց այնտեղ. «Նախապես որոշված էր 7 օր հանգստանալ, բայց 2 օրից մենք լքեցինք այդ քաղաքը, քանի որ ինձ տհաճ էր այնտեղ գտնվել: Երկու օրերի ընթացքում հասցրեցի գտնվել բոլոր այն վայրերում, որտեղ սիրում են հանգստանալ հայերը՝ հյուրանոցներ, ակումբներ, լողափեր: Այն, որ այստեղ հնչող ամպագոռգոռ գովազդները չեն համապատասխանում իրականությանը, այդ մասին հայերը իմանում են միայն տեղում: Անթալիայի դիսկոտեկներում, որտեղ հայերը հաճախում են թուրքերի հետ հավասար, մասնակցում ակումբային կյանքին, DJ-ը երեկոյի ընթացքում անընդհատ բղավում էր «թուրքիշշշշշ»: Հայերն էլ մյուս ազգերի հետ կրկնում էին DJ-ի ասածը»:
ՀԱԿ անդամ Մանուկ Սուքիասյանը, հակառակվելով Մ. Հարությունյանին, ասաց, որ հանգստացող մարդու համար կարեւորը մատչելիությունն է. «Եթե Սեւանի գները հարմար լիներ հայի գրպանին, նա չէր գնա Անթալիա կամ ուրիշ երկիր, կհանգստանար իր երկրում: Եթե մանրանամ՝ բիզնեսի տեսանկյունից, ավելի լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ այն, որ ողջ հայությունը կրում է թուրքական արտադրության ջինսեր: Այստեղ Սեւանի ափի կամ մյուս հանգստյան գոտիները հայ օլիգարխների սեփականությունն են: Թող այդ օլիգարխները քիչ ընտրակաշառքներ բաժանեն, դրա փոխարեն մատչելի դարձնեն հայաստանյան հանգիստը: Այս պարագայում մտածում ես՝ ավելի լավ է գնաս եւ եղածդ գումարը ծախսես Անթալիայում, քան հաստավիզ հայ օլիգարխին հարստացնես»:
«Դա նշանակում է՝ դուք նախընտրում եք հարստացնել Ադրբեջանի բանակը, քան հայ գործարարի՞ն»,- հարցով դիմեց զրուցակցին Մ. Հարությունյանը:
Նրան ի պատասխան, Մ. Սուքիասյանը նկատեց. «Այս պարագայում հայ օլիգարխն ավելի վտանգավոր է: Ամեն օր մեծ քանակությամբ Սադախլոից ապրանք է ներկրվում Հայաստան եւ սպառվում մեր շրջանում: Թող սա խնդիր դառնա ՀՀԿ-ի համար եւ ոչ թե Անթալիա գնալու կամ չգնալու հարցը»:
Մենուան չմոռացավ նշել, որ Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից շատ քչերն են պատկանում հայ օլիգարխներին եւ որ հիմնական մասը մանր բիզնեսով զբաղվողներինն է:
Գրող, հրապարակախոս Համբարձում Համբարձումյանն էլ հավաստիացրեց, որ Թուրքիայում հանգստանալու կամ չհանգստանալու խնդիրն այնքան էլ հրատապ չէ այս օրերին. «Օրինակ, եթե ուզում ենք զերծ մնալ ամեն տեսակ թուրքական բաներից, պետք է տեղական ապրանքի գներն իջեցնել, որ հասարակությունը ստիպված թուրքական ջինս չգնի: Եվրոպական հագուստն այնքան թանկ է, որ եթե փորձես հեռու մնալ թուրքական ապրանքներից, առնվազն պետք է «second hand» հագուստ գնես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել