Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՎԻՆԳԸ ՇԵՂՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ՝ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Հունիս 08,2010 00:00

Ամուսնական զույգերի փոխհամաձայնեցված կարճաժամկետ փոխանակումը հղի է անցանկալի հետեւանքներով

\"\"

«Սվինգը սեքսուալ բազմազանության տեսակ է»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը ու հավելում, որ այն համարվում է շեղում, բայց ոչ սեքսուալ այլասերվածություն: Սվինգն ամուսնական զույգերի կարճաժամկետ փոխհամաձայնեցված փոխանակում է:
Ա. Գրիգորյանը նշում է, որ ընդունված է տարբերել սվինգի չորս տեսակ. փափուկ, թեթեւ, փակ եւ բաց սվինգ: «Սովորաբար, ամեն ինչ սկսվում է փափուկ սվինգից: Փափուկ սվինգի ժամանակ տեղի չի ունենում զույգերի փոփոխություն, պարզապես միեւնույն անկողնում յուրաքանչյուր ամուսնական զույգ սիրաբանվում է իր սեփական զուգընկերոջ, զուգընկերուհու հետ: Թեթեւ սվինգի ժամանակ սեռական հաճույք ստանում են միայն կանայք: Տղամարդիկ այդտեղ նայողի դերում են: Սեքսը ամբողջովին բաղկացած է լեսբի տարրերից:  Ամուսնական զույգերի փոխանակում տեղի է ունենում փակ եւ բաց սվինգի ժամանակ: Փակի դեպքում՝ փոփոխված զույգերը սիրաբանվում են տարբեր սենյակներում: Բացի ժամանակ՝ ճիշտ հակառակը, միաժամանակ, դեմ դիմաց»,- պարզաբանում է Ա. Գրիգորյանը ու պատասխանում մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ սվինգը, որպես կանոն, ավելի շատ տարածված է միջին տարիքի մարդկանց շրջանում:   
«Բանն այն է, որ միջին տարիքում սեռական ցանկության տարիքային նվազում է նկատվում, ինչի արդյունքում առաջանում է սեռական կյանքում զանազանություն ներմուծելու ցանկություն»,- բացատրում է բժիշկը եւ խոսում սվինգերների մոտ ընդունված հատուկ էթիկայի կանոններից: 
«Սվինգերների առաջին նախապայմանը սեռական ակտի ժամանակ ուժ չգործադրելն է զուգընկերոջ վրա: Երկրորդը՝ չքանդել ամուսնական կապը, իրարից անկախ չհանդիպել»,- մեջբերում  է Ա. Գրիգորյանը եւ շեշտում մի քանի տիպիկ բնավորության գծեր, որոնցով կարելի է ճանաչել սվինգերներին:  Սվինգերներն արտաքնապես չեն տարբերվում: Նրանք փորձում են կապ հաստատել այլ զույգերի հետ ամռանը՝ հանգստյան վայրերում: Ի դեպ, հանգստյան վայր սվինգերները սովորաբար մեկնում են առանց երեխաների: Նրանք իրենց խառնվածքով մի քիչ  թիթիզ են, հաճախ իրենց խոսքում կարող են օգտագործել հետեւյալ արտահայտությունները՝ «հրաշալի ամուսիններ», «ներդաշնակ զույգ»: Հաճախ այս կարգի արտահայտություններով փորձում են հաճոյախոսել դիմացի զույգին: Սվինգերները սիրում են ընդգծել նաեւ այն փաստը, որ իրենց ցանկություններն ամեն հերթական ամուսնական զույգ ունակ չէ բավարարելու. այդպիսով նրանք ընդգծում են իրենց առավելությունն ու վեհությունը:
Ա. Գրիգորյանին հարցրինք, թե ի՞նչ անցանկալի հետեւանքներով է հղի սեռական հարաբերություն ունենալու այս տարատեսակը: «Պետք է ասեմ, որ սվինգերները հետեւողական են լինում սեռական հիգիենայի նկատմամբ: Թեեւ չի բացառվում անցանկալի հղիությունների, ինչպես նաեւ սեռավարակների գրանցվելը, քանի որ լայն է սեռական ակտի թույլատրելիության շրջանակը»,- նշում է Ա. Գրիգորյանը եւ ավելացնում, որ սվինգը կարող է բերել որոշակի հոգեբանական բարդույթների, հնարավոր է առաջանան խնդիրներ՝ ընդհուպ մինչեւ ամուսնալուծություն, ընտանիքի քայքայում: Ըստ Ա. Գրիգորյանի՝ խանդի հողի վրա տղամարդկանց մոտ հնարավոր է էրիկտիլ դիսֆունկցիա, կանանց մոտ հնարավոր է սեքսուալ նեւրոզ եւ այլն:
Բժիշկը նաեւ փաստեց, որ հայ սվինգերների հետ նա առայժմ չի շփվել: Ըստ նրա, բանն այն է, որ սեքսուալ բազմազանության այդ տեսակը ավելի շատ տարածված է Արեւմուտքում՝ Բրազիլիայում, Արգենտինայում, Հոլանդիայում, Անգլիայում, Դանիայում, Ֆրանսիայում: «Այդ երկրներում սվինգերների համար նույնիսկ հատուկ ակումբներ կան: Մի քանի սվինգ-ակումբ կա նաեւ Մոսկվայում՝ մնացած  խորհրդային տարիներից»,- պատմում է բժիշկը ու հավաստիացնում, որ Հայաստանում, իր իմանալով, նման ակումբներ կարծես թե գոյություն չունեն: Իսկ պատճառը, ըստ մեր զրուցակցի, ամենեւին էլ հայերի հետամնացությունը չէ, այլ վերոնշյալ երկրների՝ սեռական կյանքի հանդեպ ավելի ազատ լինելն է:
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ հոգեբան Շահեն Կարապետյանի հետ, որը չբացառեց Հայաստանում սվինգերների առկայությունը. «Հայ ազգը հատկապես վերջին 10 տարիներին շատ է փոխվել: Մի տեսակ շատ առաջադեմ ենք դարձել: Ճիշտ է, սեքսուալ նախընտրությունները ազգության եւ առաջադիմության հետ կապ չունեն, բայց, կարծում եմ, նորություն չէ, որ  հայերս ցանկացած նոր բան, որը գալիս է հատկապես Եվրոպայից՝ հեշտությամբ ընդօրինակում ենք: Հիմա այնպիսի բաների մասին ենք  լսում, ականատես լինում, որ հաստատ 10 տարի առաջ չէինք տեսնի: Մի հասարակ օրինակ բերեմ. գեյեր Հայաստանում միշտ էլ եղել են, բայց այժմ այդ տղաներն ամեն տեղ այնքան ազատ են իրենց պահում, որ ապշում ես: Ինչ վերաբերում է սվինգերներին, ապա մեզ մոտ եւս կան, բայց արտերկրի հետ համեմատած՝ մի տարբերությամբ: Դրսում հիմնականում միջին տարիքի զույգերի մոտ կհանդիպես սվինգերների, իսկ Հայաստանում երիտասարդներն են՝ 4-5 տարվա ամուսնական փորձ ունեցողները: Պատճառն այն է, որ մեր երիտասարդներն ուզում են միանգամից ամեն ինչ փորձել: Վիճակագրություն չունեմ հայ սվինգերների հետ կապված, սակայն հայերը, լինելով խանդոտ, կարող եմ եզրակացնել, որ դրանց թիվն այնքան էլ շատ չէ, չնայած մյուս կողմից էլ, կրկնեմ՝ ախր, մեր երիտասարդները շատ առաջադեմ են… Ինչ վերաբերում է այդպիսի ակումբներին, ապա կարծում եմ՝ Հայաստանում էլ կլինեն, չնայած հայերն ավելի շատ ամեն ինչի տնականն են սիրում ու այդ ամենն իրականացնում են տնային պայմաններում: Իմ պրակտիկայում շատ եմ հանդիպել տարբեր պատճառներով ամուսնալուծության եզրին կանգնած զույգերի: Շատերի մոտ առկա են եղել սեռական կյանքի հետ կապված խնդիրներ: Իմ այցելուների մեջ մի զույգ կար, բավականին հարուստ, ամեն ինչով ապահովված. նրանց խնդիրը եւս կապված էր սեռականի հետ, նրանց կցկտուր խոսքերից հասկացա, որ շփվել էին սվինգերների հետ: Հավանաբար՝ այդ պատճառով միմյանց խանդում էին, մտածում, որ մեկը մյուսին դավաճանում է: Ես ինձ մոտ նրանց բուժումն ընդհատեցի, որովհետեւ չցանկացան մինչեւ վերջ անկեղծ լինել. այսինքն՝ չէին ուզում պատմել, թե ինչ է իրենց հետ կատարվում, հարցերիս սխալ էին պատասխանում կամ չէին պատասխանում: Չգիտեմ՝ ամաչո՞ւմ էին, թե ինչ, ամեն դեպքում այդկերպ հնարավոր չէր նրանց օգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել