Վերջին շաբաթներին հայաստանաբնակ հայ հասարակությանը բարեբախտաբար անտարբեր չթողած հայերեն լեզվի պետական կարգավիճակին սպառնացող վտանգի շուրջ մամուլում տեղի ունեցող քննարկումներից լիովին բավարարված, 7 հունիս 2010թ. մեր հայրենիքի երկու տարբեր բնակավայրերում բացումն իրականացված Կոստանդնուպոլսո երջանկահիշատակ պատրիարքներ Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի եւ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի անունները կրող դպրոցներով հարստանալու բարեպատեհ առիթից օգտվելով, ցանկանում եմ իմ մտքերը ներկայացնել:
1915թ. ցեղասպանության արդյունքում իր բնօրրանից զրկվելով հանդերձ, Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիո տարբեր բնակավայրերում մազապուրծ մնացած հայության մաս կազմողների սերնդին նշյալ տարածքներում հայեցի կրթություն տալու հնարավորությունը 1923թ. ստորագրված տխրահռչակ Լոզանի դաշնագրով էր պայմանավորված, ըստ որի, բացառությամբ Կոստանդնուպոլսի, ուրիշ ոչ մի բնակավայրում՝ անկախ նրանից, այդտեղ հայկական բնակչություն կա, թե ոչ, հայկական դասավանդումը արգելված էր: Լոզանի դաշնագրի ստորագրումից ուղիղ 20 տարի հետո Պոլսի հայաբնակ Սկյութար թաղամասի բոսֆորամերձ մի գեղատեսիլ բարձունքի վրա բացվեց Սուրբ Խաչ դպրեվանք անունով մի վարժարան, որի նախկին սաներից մեկն էլ ես եմ: Սուրբ Խաչ դպրեվանքն իր առաքելությամբ տարբերվում էր մնացած բոլոր հայկական կրթօջախներից, քանի որ դրա, այսպես կոչված, հումքն էին հանդիսանում իր իսկ հողում ծնված «վերջին մոհիկանները» եւ, բնականաբար, նրանց շառավիղները: Բոլոր այդ հայ երեխաներին հայեցի դաստիարակության համար հիմք ծառայած գործիքը հայոց լեզուն էր: Վարժարանիս հիմնադիր, երջանկահիշատակ Կոստանդնուպոլսի պատրիարք սրբազան հայր Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի ազգանպաստ ջանքերի շնորհիվ գոյության իրավունք ստացած հայ դպրության այս դարբնոցում հազարավոր հայորդիներ իրենց ազգային ինքնության կորստից ու ձուլումից փրկվել կարողացան: Ի թիվս այլոց, դպրեվանքցի էր նաեւ Հրանտ Դինքը: Այս փաստը եւս գալիս է ապացուցելու, որ հայ մարդու հայրենիքը հայոց լեզուն է: Այժմ այդ վարժարանի նախկին սաների ջանքերով Հայաստանում էլ հայ մարդու կերտմանը ծառայելու նպատակով հիմնադրված երկու նորակառույց դպրոց է բացվում, որոնց կյանքի կոչման ականատեսը դառնալու համար հայրենիք ժամանած դպրեվանքի նախկին սաները գալիս են բոլորիս ապացուցելու, որ Սեբաստացի Անդրանիկ, Թոխատցի Թորոս, Մալաթիացի Կարպիս եւ մնացած բոլորին այստեղ բերող, հայրենանվեր գործ կատարելու միակ պատճառը նրանց ստացած հայկական կրթությունն է, իմա՝ մայրենի լեզվին տիրապետելը: