Կորեացի ջութակահարը տպավորված է Խաչատրյանի երաժշտությամբ եւ Հայաստանով
Ա. Խաչատրյանի շունչն ու ոգին մեկ շաբաթ կթեւածի մայրաքաղաքում: Արդեն 7 տարի շարունակ հունիսի 6-ը վերածվում է տոնի: Առիթը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն է, որն այս տարի էլ համախմբել է հայ եւ արտասահմանցի տաղանդավոր երաժիշտներին: Այս տարի 21 երկիր 59 հայտ է ներկայացրել: Այս անգամ, ի թիվս այլ երկրների, կմրցեն Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, ԱՊՀ-ից ժամանած ջութակահարներն ու թավջութակահարները:
Խաչատրյանական տոնի բացումը կիրակի օրը ազդարարեց «Արարատ» փողային նվագախումբը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում, այնուհետեւ՝ ներսում: Մոտ 2 ժամ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) խաչատրյանական երաժշտությունը հնչեցրեց:
Այս տարի կոմպոզիտորի երաժշտությամբ հետաքրքրված ու մասնավոր հրավերով Հայաստան էր ժամանել միջազգային մի շարք մրցույթների առաջին մրցանակակիր եւ 2005-ին Կորեայում լավագույն ջութակահարի կոչմանն արժանացած՝ գերմանաբնակ կորեացի 26-ամյա ջութակահար Սոյունգ Յունը: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ ուսումնասիրել է Խաչատրյանի արվեստը, որով մեծապես հետաքրքրված է եղել նաեւ իր հայրը. «Հայրիկս պատմեց, որ ինքը մի անգամ հանդիպել է Արամ Խաչատրյանին եւ միասին երաժշտության շուրջ երկար զրուցել են: Հայրս պատմում էր նաեւ, որ Խաչատրյանը խանդավառ անձնավորություն էր, առանձնահատուկ սեր ու կիրք ուներ երաժշտության հանդեպ: Ցավոք, ինքս անվանի կոմպոզիտորին երբեք չեմ հանդիպել, բայց նրա մասին հորս պատմածները ինձ օգնեցին լավ պատկերացնել, թե ինչպես վարպետը կնվագեր տվյալ ստեղծագործությունը կամ ինչպես կցանկանար, որ ինքս նվագեի»:
Սոյունգ Յունը նշեց, որ Գերմանիայում չունի հայ ծանոթներ կամ ընկերներ եւ Հայաստանի մասին առանձնապես տեղեկացված չէ. «Շատ ուրախ էի, որ Հայաստան էի գալու, որովհետեւ եվրոպական շատ երկրներում եմ եղել, իսկ Հայաստանը ուղղակի հաճելի նորություն էր ինձ համար: Առաջին տպավորությունս ձեր երկրի մասին՝ հայուհիները գեղեցիկ են, Հայաստանը յուրահատուկ ճարտարապետություն եւ ավանդույթներ ունի: Աշխարհում բազմաթիվ հրաշալի հրապարակներ ու զբոսայգիներ կան, բայց Երեւանինը ամենաշքեղն է»: Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը եւ հետաքրքրությունը հայ կոմպոզիտորի արվեստի նկատմամբ. «Մեր նպատակն է, որ արտասահմանցի երաժիշտները կատարեն Խաչատրյան: Օրինակ՝ Սոյունգ Յունը հիանալի կատարեց խաչատրյանական գործը: Զարմանալի է, թե ինչպես է զգում ու պատկերացնում հայկական երաժշտությունն ընդհանրապես: Մեզ համար պատիվ է նրա նմանների այցելությունը»: