Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԴՈՏ ԿԻՆ Է»

Հունիս 08,2010 00:00

\"\"ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի համոզմամբ` գիտությամբ զբաղվում են նրանք, ում համար դա կենսաձեւ է:

Ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում զբաղվել գիտությամբ, մասնավորապես՝ հայագիտությամբ: Արդյո՞ք պատճառը միայն նյութական խնդիրներն են: ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը վերջին մտքին համաձայն չէ: Ասում է՝ խորհրդային տարիներից գիտության համար ամենալավ ժամանակներում միջինից բարձր գիտնականը, անգամ գիտությունների դոկտորը երբեք այնքան աշխատավարձ չի ստացել, որքան խանութի վարիչը: «Ոչ մի գիտնականի մտքով, սակայն, չի անցել, թե ինքը կարող է խանութի վարիչի չափ գումար ստանալ, բայց, միեւնույն ժամանակ, նույն խանութի վարիչը ներքուստ ցանկացել է, որ իր երեխան գիտությունների դոկտոր դառնա,- ասում է մեր զրուցակիցը ու հավելում:- Այդ խնդիրը Վարդգես Պետրոսյանը հրաշալի ձեւակերպել է իր «էսքիզներից» մեկում. ուսուցչուհին շարադրություն է հանձնարարում ՝ «Ի՞նչ եմ ցանկանում դառնալ» թեմայով: Մի երեխա գրում է, թե ուզում է դառնալ խանութի վարիչ, ուսուցչուհին ուղղում, դարձնում է՝ օդաչու: Այս օրինակն ինչո՞ւ բերեցի՝ միշտ էլ գիտնականի համար առաջնորդող ուժը նյութականը չի եղել: Գիտնական դառնում են այն մարդիկ, ում համար գիտությունը կեցության ձեւ է»: Վ. Դեւրիկյանը հիշում է ակադեմիկոս Լիխաչովի այն միտքը, թե գիտությունը իր մեջ էնտուզիազմի տարրեր է պարունակում: Ու քանի որ այսօր պրագմատիկ մտածողությունն է իշխում, ըստ Դեւրիկյանի, մարդու՝ իր վրա աշխատելու դասական չափանիշներն են փոխվել: Նա հիշում է, որ ԽՍՀՄ-ի ժամանակ հայրենիքին օգուտ տալու գիտակցությամբ էին առաջնորդվում, օրինակ՝ մետաղի ջարդոն էին հավաքում, «Միլիոն՝ հայրենիքին» շարժում կար. «Հիմա հակառակն է, ոչ թե օգուտ տալ են ուզում, այլ ինչ-որ բան տանել-փախցնել: Եթե ասում ենք՝ գիտությունը էնտուզիազմի վրա է, ապա հայագիտությունը՝ առավել եւս, քանի որ ծառայում է հայրենիքի գաղափարին: Հիմա հայրենիքի գաղափարը նահանջ է ապրել, դրա համար էլ երիտասարդները հրապուրված չեն գիտությամբ, աշխարհայացքային ճգնաժամ կա»: Այնուհանդերձ, Վ. Դեւրիկյանը լուրջ չի վերաբերվում գիտության մահվան մասին գույժերին, ասում է՝ կան երիտասարդներ, որոնց ատենախոսությունները հուսադրող են: Անդրադառնալով 60 եւ ավելի բարձր տարիքի գիտնականներին, որոնցից շատերի անվանն են մեր գիտական հաստատությունները պարտական՝ միջազգային ճանաչման համար, Գրականության ինստիտուտի փոխտնօրենը ասում է, որ որոշակի հին համակարգի պատկանելով, նրանք թե աշխարհայացքով, թե աշխատանքային ոճով չեն կարող այս պրակտիկ կյանքին հարմարվել, մինչդեռ այսօրվա երիտասարդ գիտնականները հասկանում են, որ պետք չէ հույսը միայն պետության վրա դնել: Արեւմուտքի օրինակով հայ երիտասարդ գիտնականներից ոմանք էլ մտածում են, որ աշխատավարձի պակասը կարող են լրացնել զանազան գրանտների հաշվին: Ինչ վերաբերում է հայագիտությանը, այն, Վ. Դեւրիկյանի խոսքով, ընդհանուր միջազգային հնչեղություն չունենալով՝ ավելի կախված է պետությունից, ինչը չես կարող ասել, օրինակ, բնագիտական կամ տեխնիկական գիտությունների մասին. «Ունիվերսալ բնույթի գիտությունների սկզբունքները, մեթոդաբանությունը, ամեն ինչ նույնն է: Բավական է ունենալ համապատասխան գիտելիք, տեխնիկական բազա՝ աշխատանքի համար, վերջ: Իսկ հայագիտության պարագայում ուրիշ է՝ տարբեր միջազգային գիտական կենտրոններ քամահրանքով են վերաբերվում նրան, ինչ մեր գիտական մեթոդաբանության հիմքում է ընկած: Օրինակ, եթե դու ասես՝ 5-րդ դարի պատմիչ Խորենացին Հայոց պատմահայրն է, դրանով ինչ-որ պատնեշ կհայտնվի քո առջեւ»: Դեւրիկյանը կարծում է նաեւ, որ հումանիտար գիտություններին խանգարում է քաղաքականացված եւ հասարակագիտացված լինելը. «Ովքեր որոշակի կարողություններ են ձեռք բերում, հետագայում գայթակղվելով՝ գնում են դեպի այլ ոլորտներ: Օրինակ, արեւելագետները սկսել են գնալ դեպի դիվանագիտություն կամ գործարար աշխարհ»:
Ինչպե՞ս է մեր զրուցակիցը վերաբերվում այն գիտնականներին, որոնք բիզնեսով են զբաղվում: «Գիտությունը խանդոտ կնոջ նման է՝ ուրիշ ոչ ոքի չի հանդուրժում: Եթե որեւէ մեկը գիտական կենտրոն ունի, որտեղ հանդես է գալիս որպես գիտության կազմակերպիչ, դա ուրիշ բան է: Մի օրինակ բերեմ՝ Ղարաբաղում, այսպես կոչված, բարեւածառեր կան, որոնց մասին ավանդություն կա: Մի հռչակված ճգնակյաց է եղել, որը երբ եկեղեցում պատարագ է տվել, Հարության ողջույնի պահին դրսում գտնվող երկու ծառերն էլ են միմյանց ողջունել: Մի մեծահարուստ վաճառական լսելով այդ մասին՝ վանականին խոստացել է հաջորդ օրը պատարագի ժամանակ ծառերի ողջույնը տեսնելուն պես 40 ջորի ոսկով բարձած՝ եկեղեցուն նվիրաբերել: Երբ պատարագի ժամանակ վանականը մտածել է՝ տեսնես ջորինե՞րն էլ հետը կտա, ծառերն իրար չեն բարեւել, որովհետեւ մտքում Աստծուց բացի այլ բան էլ է եղել: Ճգնակյացը դառնորեն արտասվել է, հրաժարվել ոսկուց, որից հետո ոչ թե 2, այլ 4 ծառ են իրար ողջունել: Ասածս այն է, որ գոնե ինձ համար՝ միաժամանակ գիտությամբ ու բիզնեսով զբաղվելը, անընկալելի է»,- ասում է Վ. Դեւրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել