Սլովենիայի իշխանությունները Խորվաթիայի սահմանային խնդիրը կարգավորելու առաջարկի վերաբերյալ հանրաքվե են անցկացրել՝ համաձայնե՞լ առաջարկին, թե՞ ոչ: Քվեարկությունն ավարտվել է, բայց ձայների հաշվարկը՝ դեռ ոչ: Այդուհանդերձ, նախնական տվյալներով (հաշվարկված է քվեաթերթիկների 40%-ը) կեսից ավելին կողմ է արտահայտվել:
Կողմերի միջեւ դեռ անցյալ տարի ստորագրված համաձայնագրով, երկու երկրների միջեւ սահմանի հարցը որոշելու իրավունք է տրվում միջազգային փորձագետներին: Խոսքը Ադրիատիկ ծովում Պիրենյան մի փոքր ծովախորշի մասին է, որի շուրջ վեճերը չեն հանդարտվում 1991թ.-ին Հարավսլավիայի փլուզումից հետո: Այդ վեճերը էապես ազդում են ոչ միայն երկու երկրների հարաբերությունների վրա, այլեւ արդեն խոչընդոտել են Խորվաթիային՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում: Երկու երկրների խորհրդարանները հավանություն են տվել երկկողմ համաձայնությանը, բայց Սլովենիայի աջկենտրոնամետ ընդդիմադիր կուսակցությունը փաստաթուղթն անվանել էր «Կապիտուլյացիա՝ Խորվաթիայի օգտին»: Մարտ ամսին Սլովենիայի վարչապետ Բորուտ Պախորը բավարարել էր ընդդիմության պահանջն ու հարցը ներկայացրել էր համընդհանուր հանրաքվեի: