Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ՉՈՐՍ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ

Հունիս 08,2010 00:00

Իսրայելի ռազմածովային ուժերը Գազայի կենտրոնական հատվածում նավակով դեպի Իսրայելի ափամերձ հատված ուղեւորվող չորս պաղեստինցի են սպանել: Վերջիններս եղել են ջրասույզների հատուկ հանդերձանքով: Իսրայելցի զինվորականները համարում են, որ պաղեստինցիների այս խումբը զինված է եղել եւ «ահաբեկչական ակտ» իրականացնելու ծրագրեր է ունեցել, եւ պնդում են, թե սպանվածները պաղեստինյան «Ֆատխ» շարժման ռազմականացված թեւի գրոհայիններ են եղել: BBC-ն փոխանցում է, որ թեեւ 2005թ.-ին Գազայի այս հատվածից զորքերի դուրսբերման մասին որոշում է կայացվել, բայց տարածաշրջանի ջրային ավազանը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ:
Ի դեպ, երկուշաբթի օրը Պաղեստինի ինքնավարության նախագահ եւ «Ֆատխ» շարժման առաջնորդ Մահմուդ Աբբասը Թուրքիա է այցելել, որտեղ մասնակցելու է տարածաշրջանային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին: Հայտարարվել է նաեւ, թե Աբբասը հարգանքի տուրք է մատուցելու զոհված թուրք կամավորների հիշատակին: Աղբյուրի փոխանցմամբ, իսրայելական «Մավի Մարմարա» հատուկ նշանակության զորքերի կողմից «Ազատության նավախմբի» թուրք ակտիվիստների սպանությունից հետո Գազայի ափամերձ տարածքում սկսել է թուրքական դրոշ ծածանվել:
Ընդսմին, Իրանն է հայտարարել, թե իրանական Կարմիր մահիկը մտադիր է այս շաբաթ երկու նավով մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված: Հայտարարության համաձայն, նավերից մեկը կտեղափոխի Իրանի բնակիչների հանգանակությունները, այդ թվում՝ դեղորայք եւ սննդամթերք, մյուս նավով Գազայի հատված կմեկնեն Կարմիր մահիկի կամավորները: Իսրայելն արդեն հայտարարել է, որ Իրանի այդ քայլը հավելյալ լարում կառաջացնի տարածաշրջանում, որովհետեւ հատկապես Իրանն է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին զենք մատակարարում: Իսրայելը նաեւ մերժում է «Ազատության նավախմբի» հետ կապված միջադեպի առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնելու առաջարկները, իսկ Եվրամիությունից հնչում են նաեւ Գազայի հատված ուղեւորվող բեռները ստուգելու պատրաստակամության մասին առաջարկներ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել մասնավորապես Ֆրանսիայի ԱԳ նախարար Քուշները՝ հավելելով, թե ԵՄ-ն ավելի համառ պետք է գտնվի համոզելու Իսրայելին, որ Գազայի հատվածի շրջափակումը կառուցողական քայլ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել