Ռուսական «Գազպրոմը» հունական DESFA ազգային գազահաղորդակցական համակարգի օպերատորի հետ Հունաստանի տարածքով «Հարավային հոսք» գազատար կառուցելու նպատակով համատեղ ձեռնարկություն է ստեղծել: Ինչպես փոխանցում է BBC-ն, նոր ստեղծվող ընկերությունը գործելու է պարիտետային սկզբունքով եւ գրանցվելու է Հունաստանի տարածքում: Հունական կողմի հետ այս առնչությամբ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել դեռ 2008թ. ապրիլին: Գազատարի շինարարությունը սկսելու համար Ռուսաստանը պետք է պայմանավորվածություններ ձեռք բերի ութ երկրների հետ, որոնց տարածքով նախատեսվում է գազատարի անցկացումը:
Ներկայումս գազատարի նախագծի շուրջ Մոսկվան միջկառավարական համաձայնագրեր է ստորագրել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի եւ Ավստրիայի հետ: Ավելի վաղ այդ նախագծի իրականացման նպատակով համատեղ ձեռնարկություններ էին ստեղծել նաեւ Սերբիան եւ Հունգարիան:
Չնայած եվրոպական մի շարք երկրների հետ վարած հաջող բանակցություններին՝ «Գազպրոմը» դեռեւս չի ստացել բացառապես Թուրքիայի տնտեսական գոտիով անցնող «Հարավային հոսք» գազատարի կառուցման «ճանապարհային քարտեզը»: Այդ ոլորտում Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցության արձանագրություն էին ստորագրել դեռ 2009թ. աշնանը: Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են առայժմ միայն թուրքական տարածքում երկրաբանական աշխատանքներ սկսելու շուրջ, բայց դեռեւս համաձայնության չեն եկել Թուրքիայի համար գազի գնի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե «Հարավային հոսքի» շինարարությունը սկսվելու է արդեն 2013թ.-ին: