Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեկցու առակի պես

Հունիս 08,2010 00:00

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին գրականագետ Դավիթ Գասպարյանը, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը եւ հետազոտող ուսուցչուհի Սուսաննա Աբազյանը: Հանդիպման առիթը՝ քննությունները եւ հայոց լեզվի եւ գրականության թեստերի որակն էր: Բ. Ստեփանյանը գտնում է՝ սկսած 2007 թվից, երբ անցում կատարվեց թեստային համակարգին, բողոք լինում է, բայց այսօր բողոքը հասել է ծայրակետին. «Ինչո՞ւ է լավ պարապած երեխան ստանում յոթ միավոր: Թեստ գրողների խնդիրը երեխայի գիտելիք ստուգե՞լն է, թե՞ այնպիսի թեստեր կազմելը, որ  նույնիսկ պարապած երեխան չկարողանա հաղթահարել»: Ըստ նրա, մեծ խզում կա ծրագիր-դասագիրք-ուղեցույց-թեստ հարցերի միջեւ: Տիկին Ստեփանյանը, չնայած իր նշած  դժգոհություններին, աղոթում է այս տարվա թեստերի հեղինակների առողջության համար. «Արեւշատություն ցանկանանք, որովհետեւ գալիքը, հիշենք Վարդան Այգեկցու առակը, գուցե ավելի վատը լինի»: Ս. Աբազյանը գտնում է, որ թեստերը կազմված են միտումնավոր. «Այս համակարգը մտցվեց կրկնուսույցների դպրոցը վերացնելու համար, բայց հակառակին է խթանում: Ինչո՞ւ պետք է երեխան իմանա, որ «խորդը» կռունկ բառն է, որեւէ գեղարվեստական գրականության մեջ երեխան հանդիպե՞լ է այդ տարբերակին: Կամ «ընդահատ» եւ «ոսկեման» բառերը, ցանկացածը կմտածի՝ ընդահատը ի՞նչ է, երեւի ընդհատ պիտի լինի, ցույց տվեք մեկին, որ «ընդահատ» բառը օգտագործած լինի»: Տիկին Աբազյանը «ոսկեման» բառը երկար փնտրելուց հետո միայն գտել է Էջմիածնից՝ Առձեռն Հայկազյան բառարանից:  Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ է մտահոգված. «Ահավոր է, որ ամեն տարի քննությունների շրջանում այսպիսի ցնցումների են ենթարկվում հասարակությունը, ծնողները, երեխաները… մի արցունքի կաթիլը չարժե այս ամեն ինչը, էլ ուր մնաց, որ երեխա է զոհվել, ինքնասպանություն գործել քննությունն անհաջող հանձնելու պատճառով»: Գրականագետին հատկապես մտահոգում է այն, որ մայրենիից դիմորդները ստանում են միջինից ցածր միավորներ, իսկ անգլերենից՝ բարձր, դրանով էլ, ըստ նրա, կհիմնավորեն, որ ժամանակն է անցնել օտարալեզու դպրոցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել